Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ժպիտով եւ բարձր տրամադրությամբ մասնակցելուց իր ստացած տպավորությունների մասին՝ ասաց․ «Եթե այս ամենը առանց էմոցիաների գնահատենք, ապա իրողությունները պետք է դիտարկենք իշխանությունը պահելու, իշխանությունը վերարտադրելու, դրանց հենասյուների տրամաբանության շրջանակներում։ Եվ պետք է առհասարակ հասկանանք, թե ինչ եւ ոնց է կատարվել, որ մենք հասանք այս կարգավիճակին։ Դրա համար պետք է մի քանի ամիս հետ գնանք։ Եթե չեմ սխալվում, այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ Հայաստանում հայրենասիրության մոդելի փոփոխման կարիք կա։ Նաեւ խոսեց այն մասին, որ մեզանում Սովետական Միության կողմից ներդրված հայրենասիրության մոդելն է, որ մեզ բերել է այսօրվա իրավիճակին եւ մենք ունենք խնդիրներ հարեւանների հետ։
Եթե այս ամենը փաշինյանական լեզվից թարգմանենք ու փորձենք, այնուամենայնիվ, վերլուծել, թե ինչ կատարվեց մինչեւ այս փուլին հասնելը, պետք է ֆիքսենք մի կարեւոր բան։ Ես պարբերաբար այդ մասին խոսում եմ, որովհետեւ դա ֆունդամենտալ նշանակություն է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության համար։
Երբ ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան եւ մի շարք հայտարարություններ արեց, դրանցից մեկն այն էր, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր կարծրատիպերից։ Իսկ այդ կարծրատիպերը ոչ միայն նրա մասին էին, որ մենք ցեղասպանությունից եւ Արցախից պետք է հրաժարվեինք, այլեւ ֆունդամենտալ առումով պետք է վերանայեինք հարաբերությունները մեր տարածաշրջանային գործընկերների, հարեւանների հետ։ Վերադառնալով հայրենասիրության մոդելի մասին Փաշինյանի ասածին, նա խորքային իմաստով ասում է, իբր, մենք իրականում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունենք խնդիրներ ոչ թե այն պատճառով, որ Թուրքիայի ռազմավարության մեջ է մտնում հայերին ոչնչացնելն այս տարածաշրջանում ու որպես հետեւանք Հայաստանի, Արցախի պետականությունը վերացնել այս տարածաշրջանում, այլ խնդիրը նրանից է գալիս, որ մենք լինելով տարածաշրջանում ՌԴ եւ Իրանի գործընկերը, ստեղծել ենք մի իրավիճակ, որ թշնամացել ենք այն երկրների եւ ժողովուրդների հետ, որոնց հետ նախկինում ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ։
Ինքը եւ իշխանական քարոզչամեքենան են ասում չէ՞, որ մենք թուրքերի հետ ապրել ենք լավ, մինչեւ այն պահը, երբ տարածաշրջանում հայտնվեցին ռուսները։ Եվ եթե մենք մեր փոխհարաբերություններից հանենք ռուսական գործոնը, կկարողանանք թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
Կարդացեք նաև
2018 թվականի իրադարձությունները ստրատեգիական առումով հենց դրա համար էին։ Եվ Բոլթոնը գրեթե բաց տեքստով ասում էր, թե Փաշինյանն էլ, իրենք էլ գիտեն, որ նրան աջակցել են եւ դրա դիմաց սպասում են որոշակի քայլեր, ինչը կարծրատիպերից հրաժարվելն է։ Եվ երբ այս տրամաբանության շղթայում ենք դիտարկում, շատ հասկանալի է դառնում այն իրադարձությունների շղթան, որը մեզ 2018 թվականից բերեց 2020 թվական, հետո ներկայիս իրողություններ։
Շատերն ասում են, թե Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի կազմում Արցախի ինչ-որ կարգավիճակի համար՝ չտեսնելով, որ իրական բանակցություններն այն մասին են, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու եւ ինչքան ժամանակում է դա լինելու։ Իսկ երբ Արեւմուտքն ասում է, թե Հայաստանին անվտանգային ոչ մի առաջարկ չի կարող ներկայացնել, գնացեք ինքներդ բանակցեք Էրդողանի հետ, ստացվում է, որ իշխանությունը պահպանելու համար երաշխավոր հանդիսանում է Էրդողանը։ Հետեւաբար, շատ տրամաբանական է, որ Թուրքիա, երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Ռուբեն Ռուբինյանին է ուղարկում, այլ ինքն անձամբ է գնում, քանի որ այնտեղ նաեւ անձնապես իր անվտանգության, իշխանության պահպանման հարցերն են քննարկվում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































