Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարժենա Հայաստանին` Պուտինի իշխանավարումը մինչեւ 2030-ը

Նոյեմբեր 09,2023 12:00

2000-ից Ռուսաստանը ղեկավարող Վլադիմիր Պուտինը քաղաքական երկարակեցությամբ արդեն իսկ անցել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, որը 18 տարի ղեկավարեց Խորհրդային միությունը: Իսկ եթե Պուտինը մինչեւ 2030-ը ղեկավարի ՌԴ-ն, ապա նա արդեն կհավասարվի Իոսիֆ Ստալինին:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի մարտին: Դաշնային խորհուրդը ընտրությունների օրվա վերաբերյալ որոշում է կայացնելու դեկտեմբերին: «Ռուսաստանի պետական համակարգը կայուն է։ Օրենսդրական դաշտը պատրաստ է»,- անդրադառնալով խնդրին, վերջերս հայտարարել էր սենատոր Օլգա Կովիտիդին: Ռուսաստանում պետական քարոզչամեքենան վաղուց էր պնդում, որ Պուտինն իրավունք ունի եւս մեկ անգամ պաշտոնավարել: Բացի այդ, Պուտինի նախաձեռնությամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս նրան առաջադրվել հինգերորդ ժամկետով։ Օրենքի համաձայն, Դաշնային խորհուրդը պետք է որոշի դրանց ամսաթիվը դեկտեմբերի առաջին կեսին, ընտրությունները, ենթադրաբար, կկայանան մարտի 17-ին։

Վլադիմիր Պուտինը որոշել է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում եւ կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնց հաղթանակը կապահովի իր լիազորությունների երկարաձգումը մինչեւ 2030 թվականը, օրերս գրեց Reuters-ը՝ հղում անելով վեց անանուն «իրազեկ աղբյուրներին»։ Զրուցակիցները, որոնք անանունության պայմանով զրուցել էին լրատվական գործակալության հետ, ասել են, որ «Պուտինի որոշման մասին» լուրերի արտահոսք արդեն եղել է, եւ որ` «խորհրդականներն այժմ պատրաստվում են քարոզարշավի եւ ընտրություններին»։ «Որոշում է կայացվել, որ նա առաջադրվելու է»,- նշել է աղբյուրը, որը ծանոթ է «պլանավորման աշխատանքներին»: Թե ի՞նչ «պլանավորման» մասին է խոսքը, Reuters-ը չէր հստակեցրել։

Գործակալության մեկ այլ աղբյուր, որը «նաեւ ծանոթ է Կրեմլի ծրագրերին», հաստատել է, որ որոշումն ընդունված է, եւ Պուտինի խորհրդականները պատրաստվում են նրա մասնակցությանը նախընտրական արշավին։ ՌԴ իշխանական վերնախավի երեք այլ զրուցակիցներ եւս հաստատել են, որ որոշումը կայացված է՝ Պուտինը կառաջադրվի, իսկ օտարերկրյա դիվանագիտական աղբյուրը, որը նույնպես ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ Ռուսաստանի ղեկավարը «որոշումը կայացրել է վերջերս, եւ շուտով այդ մասին հայտարարություն կարվի»: Պուտինի որոշումը, ըստ աղբյուրների, պայմանավորված է նրանով, որ նա դիտարկում է ընթացիկ իրադարձությունները, ներառյալ ուկրաինական պատերազմը, որպես հակամարտություն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եւ զգում է, որ «Ռուսաստանը պետք է տանի վերջին տասնամյակների ամենավտանգավոր ժամանակաշրջանը»:

2000 թվականից Ռուսաստանը ղեկավարող Վլադիմիր Պուտինն իր քաղաքական երկարակեցությամբ (չհաշված` 2008-2012թթ., երբ Դմիտրի Մեդվեդեւն է եղել ՌԴ նախագահը), արդեն իսկ անցել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, որը 18 տարի ղեկավարեց Խորհրդային միությունը` ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Իսկ եթե Պուտինը մինչեւ 2030 թվականը ղեկավարի Ռուսաստանի Դաշնությունը, ապա նա արդեն կհավասարվի Իոսիֆ Ստալինին, որը շուրջ 3 տասնամյակ է ԽՍՀՄ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցրել:

«Օրենքով սահմանված կարգով մեր խորհրդարանը պետք է որոշում կայացնի տարեվերջին։ Երբ որոշումը կհայտարարվի, ամսաթիվը կնշվի, այն ժամանակ մենք կխոսենք»,- ասել էր Պուտինը սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Reuters-ի հրապարակման, նոյեմբերի 6-ին նշեց՝ Պուտինը չի հայտարարել առաջադրվելու իր որոշման մասին, իսկ ընտրությունները դեռ նշանակված չեն։ Պեսկովն այս տարվա սեպտեմբերի 11-ին ասել էր, որ նախագահը որոշում կկայացնի ընտրությունների ժամկետները նշանակելուց եւ թեկնածուներ առաջադրելուց հետո։ Նույն օրը Պեսկովը նշել էր, որ եթե Պուտինն առաջադրի իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում, ապա ոչ ոք չի կարողանա իրական մրցակցություն ապահովել նրա հետ։

Ի՞նչ է սպասում Ռուսաստանին, եթե Պուտինը 2024-ից էլ ղեկավարի: Ռուսաստանում արդեն իսկ այդ որոշման համար դրական մթնոլորտ ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քարոզչություն ապահովված է:

Ի՞նչ կարժենա Պուտինի հետագա իշխանավարումը Հայաստանի համար` Արցախի կորստից հետո: Այս հարցն է, թերեւս, հետաքրքրում Հայաստանի հասարակությանը եւ աշխարհասփյուռ հայությանը:

Ռուսաստանում իշխող ղեկավարության վարած քաղաքականության վերաբերյալ արդեն իսկ տարբեր հարցադրումներ են արվում: Ու երբեմն հնչում են կարծիքներ, թե իշխող ռուսական վերնախավում կլանային քողարկված պայքարը զսպելու նպատակով էլ Պուտինը պետք է կրկին առաջադրվի:

Պետք է նկատել, որ ռուսաստանցի մեկնաբանների, փորձագետների կողմից հարցականի տակ է դրվում Ռուսաստանի իշխանության կողմից դրսեւորվող անընդունելի չեզոքությունը «թյուրքական աշխարհի» հավակնությունների նկատմամբ, որը ըստ նրանց, նախեւառաջ ընդդեմ Ռուսաստանի պլան է, որով Կրեմլի «հեռատես» «ռազմավարները» միայն նպաստում են «ռուսական քաղաքակրթությանը» սպառնացող թյուրքական սպառնալիքի աճին։ Արդեն իսկ բացեիբաց քննարկվում է համոզումը, որ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, իսկ հետո Արցախը Բաքվի ռեժիմին հանձնելով՝ հենց Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունն է իր «չեզոքությամբ» ամրապնդում «թյուրքական աշխարհի» հիմքերը եւ թուլացնում «ռուսական աշխարհի հիմքերը»։

Ռուսաստանցի տարբեր փորձագետներ վաղուց են բարձրաձայնել ռուսական լրատվականների վրա ադրբեջանական ազդեցության մեծացման, ռուսաստանցի փորձագետներին կաշառելու դեպքերի մասին: Ավելին, արդեն տեւական ժամանակ նույնիսկ քննարկվում է ռուսական իշխանական վերնախավում «թյուրքական աշխարհի» ռուս պաշտոնյա-լոբբիստների թեման՝ սկսած Կրեմլից, մինչեւ ՌԴ ԱԳՆ: Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Կրեմլի կողմից իբրեւ թե վարվող, Լավրովի մշակած` «հավասարահեռության» հայեցակարգի նկատմամբ (որն իրականում խիստ ադրբեջանամետ դիրքորոշում է) անվստահության մասին դիրքորոշումներ սկսել են ավելի ու ավելի հաճախ հնչել, որն ինքնին ուշագրավ փաստ է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930