Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք իրավական ռեպրեսիա, որը քաղաքական բնույթ է կրում, քաղաքական բազմաթիվ գործերով կան կալանավորվածներ»․ Էլինար Վարդանյան

Դեկտեմբեր 08,2023 14:47

«Այսօրվա իրավիճակը կարելի է բնութագրել մեկ տերմինով՝ «բեզպրեդել» կամ իրավական ամենաթողություն։ 2018 թվականից այս կողմ մեր կյանքը վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի, օդում մշտապես կախված է իրավական քրոնիկոնի ուրվականը։ Մի կողմից տեղի է ունենում իրավական ռեպրեսիա, մյուս կողմից էլ ակնհայտ է հասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացումը, որն էլ շատ հաճախ բերում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարման»,- այս մասին «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ. մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը փաստում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է։ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 1425 է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 740 դեպքի համեմատ։ «Այսինքն՝ մենք ունենք մի կողմից իրավական ռեպրեսիա, որը քաղաքական բնույթ է կրում, մյուս կողմից ունենք ներհասարակական լարվածության մեծացում։ Սրան զուգահեռ՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական բազմաթիվ գործերով ունենք բազմաթիվ կալանավորվածներ»,- ասաց նա։

Էլինար Վարդանյանը թվարկեց այն հանրային ու քաղաքական գործիչներին, որոնք կամ անազատության մեջ են կամ անցնում են քրեական գործերով։ «Օրինակ՝ կալանավորված է Արմեն Աշոտյանը, եւ մենք բոլորս լավ հասկանում ենք, թե ինչ նպատակով։ Զավեշտալի է Լեւոն Քոչարյանի վերաբերյալ գործը, նա կալանավորված էր երկար ժամանակ՝ բոլորիս աչքի առաջ ոստիկանի կողմից բռնության ենթարկվելու պարագայում ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու համար։ Կալանավորված էր գեներալ Խաչատուրովը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հիմքով հարուցված է քրեական գործ։ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է արդեն երկար ժամանակ, եւ սա էլ այս իշխանության քաղաքական կամակորությանը չենթարկվելու համար։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանն էր կալանավորված, պատգամավոր Արթուր Սարգսյանն էր կալանավորված՝ առանց ԱԺ համաձայնության, Ավետիք Չալաբյանը, Նարեկ Մալյանն այս պահին է անազատության մեջ, Հրանտ Բագրատյանն անցնում է քրեական գործով, Գառնիկ Իսագուլյանը՝ նույնպես։ Բազմաթիվ ակտիվիստներ ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթեւիկ Վիրաբյանը դրա վառ օրինակն էր։ Ծանր իրավիճակում գտնվող արցախցի բազմաթիվ երիտասարդներ էին կալանավորվել 1-2 ամիս ժամկետով։ Ավետիք Իշխանյանի գրառման հիման վրա հարուցված քրեական գործ կա։ Ես կարող եմ այսպես երկար շարունակել, այսպիսին է այսօր իրավիճակը։ Եվ երբ 2018 թվականի նոր թափ էր հավաքում դատաիրավական տեռորի մեքենան, ես եւ շատերը զգուշացնում էինք այս վտանգավոր ծուղակի մասին։ Ցավոք, մենք չխուսափեցինք դրանից»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031