Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարկտիդայից երկու հոգի հատել են ՀՀ սահմանը, պինգվիններ են, երեխա են ունեցել, ո՞նց կարող է իրենց երեխան դառնալ ՀՀ քաղաքացի». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 08,2023 16:23

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները, որոնք օրենքի ուժով ծնվել են ՀՀ-ում, ճանաչեն ՀՀ քաղաքացի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց. «Անտարկտիդայից երկու հոգի հատել են ՀՀ սահմանը, հայտնվել են Հայաստանում, երեխա են ունեցել…»: ԱԺ նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց, հորդորելով Անտարկտիդայից Հայաստան եկողների ազգությունն էլ նշել: «Պինգվիններ են,- ասաց Գեղամ Մանուկյանը,- Հայաստանում ձեզ դիմելով՝ ասում են՝ մենք քաղաքացիություն չունենք, ո՞նց կարող է իրենք քաղաքացիություն չունեն, բայց ՀՀ-ում ծնված իրենց երեխան դառնում է ՀՀ քաղաքացի»:

Արմեն Ղազարյան

Արմեն Ղազարյանը պարզաբանեց. «Օրինակը լավը չի, որովհետեւ Անտարկտիդան պետություն չի, իսկ պետությունը էական է այս պարագայում: Եթե մենք գիտենք, որ տվյալ անձինք, ասենք, Պակիստանի քաղաքացիներ են, ակնհայտորեն նրանց երեխան, եթե նույնիսկ ծնվի ՀՀ տարածքում, ՀՀ քաղաքացի չէ: Դրա համար սահմանում ենք լիազորող նորմ քաղաքացիություն չունեցող անձի ճշգրտման համար ինչ ընթացակարգեր են սահմանված: Մենք հարցում ենք անում տվյալ պետությանը՝ արդյոք նշված երկրի քաղաքացի է: Եթե հաստատում է, որ այլ երկրի քաղաքացի է, բնականաբար, մենք նրանց սկսում ենք դիտել որպես օտարերկրացի, ոչ թե քաղաքացիություն չունեցող անձ: Այս դեպքերն ավելի շատ առնչվում են այն իրավիճակներին, երբ որ մենք հստակ գիտենք, որ այդ անձը քաղաքացիություն չունեցող անձ է»:

Ղազարյանն ասաց, որ մեր երկրում մոտ 500 անձ կա, որոնք քաղաքացիություն չունեն, բայց նրանց մեծ մասը մեր երկրի նախկին քաղաքացիներ են, նրանց քաղաքացիությունը դադարեցվել է ու այս ընթացքում ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ փախստականների մեծ հոսք կա ամբողջ աշխարհում ու շատ մարդիկ չունեն քաղաքացիություն, շատ դժվար է լինելու դիվանագիտական խողովակներով, հարցումներով ճշգրտել՝ ունի՞ քաղաքացիություն, թե՞ ոչ. «Ես պետք է կանխատեսեմ՝ 3 տարի հետո այս օրենքով տասնյակ հազարավոր օտարազգիներ չե՞ն ստանա ՀՀ քաղաքացիություն ու ՀՀ-ի դեմոգրաֆիական պատկերը չի՞ փոխվի»:

Ղազարյանը պատասխանեց, որ միգրացիոն հոսքերի կտրուկ աճ կա վերջին տարիներին ու նման իրավիճակ չկա, որովհետեւ հստակ իմանում են՝ որ երկրի քաղաքացին է մուտք գործում ՀՀ տարածք: Նա ասաց, որ առավել շատ խառնամուսնություններ Ուկրաինայի քաղաքացիների հետ կան, բայց այնպես չի եղել, որ չկարողանան սահմանել անձի քաղաքացիությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031