Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ կտրվածքում՝ փակված չէ ոչ միայն Արցախի հարցը, այլեւ հարակից այլ հարցեր, որոնք մեր առջեւ կրնկի վրա բացվելու են»

Հունվար 22,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը։

– Պարոն Հայրապետյան, ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասացիք, որ Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականությունն ադեկվատ չէ ներկա իրողությունների համատեքստում, մանավանդ որ, նրանց զիջողականությունն արմատապես այլ՝ ավելի վտանգավոր տեղում է, ոչ թե «անկլավների» կամ միջանցքների խոսույթում։ Հիմա մենք տեսնում ենք, որ զիջումները շարունակվում են, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ գնալու են միայն խաղաղության ճանապարհով, իսկ Ադրբեջանից հնչում են տարածքային նորանոր պահանջների մասին հայտարարություններ։ Վերլուծելով այս գործընթացները՝ ի՞նչ եզրահանգում եք անում, ի՞նչ է տեղի ունենում։

– Այո՛, ցավոք, այսօր էլ կրկնում եմ՝ զիջումները շատ ավելի վտանգավոր տեղում են արված եւ արվում՝ հոգեւոր մակարդակում, գիտակցական մակարդակում, իսկ այդտեղ կատարված ցանկացած զիջում անպայման նյութականանում է։ Մեր իշխանությունների ներքին շարժիչը կենդանական վախն է, որ պատել է 2020-ի պարտությունից հետո։ Այդ վախերը դրսեւորվում են մե՛կ Զախարովային հայհոյելու «տղամարդլամիշությամբ», մե՛կ Պուտինի առջեւ համավոր հարսի կեցվածքով, մե՛կ սեփական խեղճ ժողովրդի առջեւ մկանների ցուցադրմամբ, մե՛կ ստոկհոլմյան համախտանիշով։ Կարծում եմ՝ որեւէ քաղաքական հոգեբան ավելի մանրամասն կներկայացնի։ Ահա՛ թե ինչու պետք էր, որ արտահերթ ընտրություններում ամբողջ ժողովրդով դեմ գնայինք ռուս-թուրքական ծրագրին եւ փոխեինք իշխանությունը. թող գար թեկուզ ավելի գավառական եւ ավելի մորթապաշտ իշխանություն, բայց նախ՝ անմիջականորեն իր ուսերին չունենար պարտության բեռան բարդույթը, ապա՝ ներկայի եւ նախորդների պես չլիներ մեր պետականությունը մանրադրամի վերածած Ռուսաստանի դրածո։ Իսկ հիմա տեղի է ունենում այն, որ Ադրբեջան պետությունն ու մանավանդ նրա կոռումպացված-չեկիստական իշխանությունը զգում են իրենց լինել-չլինելու մոտալուտ մարտահրավերը եւ փորձում են օգտագործել իրենց համար այս աստեղային պահը, որը կարող էր եւ մեզ համար աստեղային դառնալ, եթե նախ՝ ռուսական դրածոյի, ապա՝ պատերազմում ֆոբիաներ վաստակածի հոգեբանությամբ չառաջնորդվեինք։ Իսկ մեր իշխանության խաղաղություն-մաղաղություն՝ անհեթեթ խոսակցություններ են. երբ աշխարհը նոր է թեւակոխում մեծ հրդեհի ժամանակը, դա կրկնակի վտանգավոր է։ Վտանգավոր է նախ՝ որ խաղաղությունը մեզնից շա՜տ աննշան մասով է կախված, երկրորդ՝ որ մանիպուլացնում է ժողովրդին՝ շեղելով այն մեծ վտանգին նախապատրաստվելու առաջնային հրամայականից, որը ծառանալու է տարածաշրջանի անխտիր բոլոր ժողովուրդների, եւ առաջին հերթին մեր առջեւ։

– Ուզում եմ անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ ռեսուրսներ ունենք մենք՝ որպես ազգ, դիմակայելու թշնամական ծրագրերին։ Տեսնում ենք, որ իշխանությունների վրա հույս չպետք է դնել, նրանք մարդկանց փորձում են պարտվողական թեզեր ներարկել, ինքնապաշտպանության մասին ոչինչ չեն ասում։ Օրինակ՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները սա համարում են հասարակությանը թմրեցնելու գործընթաց։ Դուք ի՞նչ կասեք։ Մեր թշնամիների ծրագրերը մեզ համար հստակ ու պարզ են, թե ինչ են ուզում նրանք, մենք ինչպե՞ս պետք է դիմակայենք այդ ծրագրերին եւ իրական ի՞նչ ռեսուրսներ ունենք։

– Ցավոք, համամիտ եմ, որ իշխանությունների վրա հույս դնելն ապարդյուն է։ Խորհրդարանական ընդդիմությանը հարյուրավորներից կխնդրեի միայն երկու հարցի պատասխանել. նախ՝ ինչո՞ւ էր, իրենց իսկ վկայությամբ, մեր բանակը 80-ականների զենքերով, եթե հույսը մակաբույծի եւ պետական քաղաքականությունից չհասկացողի նման միակողմանիորեն չէին դրել 200 տարի անընդմեջ հայկական արյամբ եւ տարածքներով առեւտուր արած Ռուսաստանի վրա, երկրորդ՝ աշխարհում որքա՞ն դաշնակիցներ եւ ընդհանրապես որքա՞ն գերարդիական պաշտպանական գծեր կարող էինք ունենալ Արցախում եւ Հայաստանում, ասենք, ԱՄՆ հեռուստաալիքներով ցույց տրված ՊԵԿ-ի իրենց օրերի նախագահի միլիարդանոց սեփականության միջոցներով, կամ, ասենք, եթե Արցախի ՊԲ-ի ուղղաթիռով չֆռֆռար նախկին չեկիստ-մետալուրգ պատգամավորը…

Այնպես որ, խնդրում եմ՝ կա այսպիսի երկաթյա թեզ՝ «վատին է՛լ ավելի վատ նախորդով փոխարինելն ինքնասպանություն է», եւ պետք չէ միմյանց գոյություն արդարացնող իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը հակադրել. դրանք էության մեջ նույնն են եւ հիմա էլ անպարկեշտ թատրոն են խաղում իրար հետ։ Իսկ մեր ազգային պաշարները, ճիշտ է, դեռ սպառված չեն, սակայն անվերջ էլ չեն. դրանք պետք է փնտրել ոչ թե ծաղրի առարկա դառնալով՝ սրա-նրա փեշից կառչելով, այլ հայտնի երգի տողում. «Երթամ ժողվեմ զիմ խեղճ Գառներ»։ Հետո էլ հոխորտում ենք, թե 1700 տարի է, ինչ իբրեւ թե գիտենք, որ Գառան տաճարը քանդել կարող են, բայց ոչինչ անել չեն կարող Գառան գաղափարների եւ հոգու հետ։ Այսինքն՝ մեր պաշարները մեր մտավոր եւ հոգեւոր հատույթներում են, որ հազար նյութական հատույթ արժեն, հազար նյութական գերազանցության դեմ կարող են կանգնել եւ հաղթել։

– Արցախի հարցը փակվա՞ծ է, թե՞ ոչ։ Իշխանությունը փորձում է իրավիճակ ստեղծել, որ վերջ, Արցախ չկա, բայց արդյո՞ք դրանով չեզոքանում են այն իրավունքները, որոնք, ի դեպ, միջազգային իրավունքներ են եւ որոնք ունեն արցախցիները։  Եվ ի՞նչ ճանապարհ ու հնարավորություն եք տեսնում Արցախի հարցում։

– Արցախի հարցն այս փուլի համար փակված է, ինչպես որ 26 տարի փակված էր նախորդ փուլի համար՝ հօգուտ մեզ։ Այսինքն՝ դիալեկտիկան, շարժումը, որ նույն ինքը կյանքն է, մերժել չի կարելի։ Մեծ կտրվածքում՝ փակված չէ ոչ միայն Արցախի հարցը, այլեւ հարակից այլ հարցեր, որոնք մեր առջեւ կրնկի վրա բացվելու են, ցավոք, անկախ մեր կամքից. եւ դրա՛ն է պետք պատրաստվել՝ առանց շեղվելու։ Աշխարհի քաղաքական քարտեզները վերաքարտեզագրվում են մեծագույն շարժերի արդյունքում, իսկ մեր տարածաշրջանը դեռ լիակատար չի էլ մտել այդ մեծագույն շարժերի արյունոտ հորձանուտի մեջ։ Կրկնեմ՝ դրա՛ն է պետք նախապատրաստվել, եւ ոչ միայն Արցախը կարող է վերստին մերը լինել։ Իսկ դրա համար Միտք եւ Հոգի է պետք ունենալ առաջին հերթին, ինչից զուրկ էին թե՛ երեկվա, թե՛ այսօրվա գավառական, կիսահղի, աշխարհը բացառապես նյութով չափող մեր իշխանությունները։ Ինչպես արձակագիրը կասեր՝ ափսոս էր երեխան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031