Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության վերջին գարունը. Մաս 4/ «Երկիր Նաիրի» 2

Փետրվար 12,2024 18:44

Առաջին մասը կարդացեք այստեղ

Երկրորդ մասը կարդացեք այստեղ

Երրորդ մասը կարդացեք այստեղ

Հեռուստացույցով հետևում էինք Նիկոլ Փաշինյանի ելույթին ԱԺ-ից: Սենյակում երեք հոգով էինք: Իմ առաջ դուռը բացած Սևակը և համակարգչով աշխատող Վահանը: Տղերքի հյուրասիրած սուրճը երակներովս հոսող արյան պես սառն էր, անգամ մեկ կում չէի արել: Հետևում էի այդ պահի անցուդարձին: Ազգային ժողովում բոլորը խոսում էին ինքնորոշման իրավունքից, Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորություններից, հաղթանակից: Այնպիսի տպավորություն էր, որ մենք մոտ ենք հաղթանակին, այլ ոչ մեզ սպասվող աղետին: Այդ պահին համակարգիչը ձեռքին մոտեցավ Վահանը:

-Խմի, մի քիչ հետո հաց էլ կբերեն, այստեղ դեռ երկար ենք մնալու, հաշվի քո նոր տուննա: Քեզ ամեն ձև փորձելու են հանդիպեն իշխանությունից, խնդրեն, որ իրանց գծի մեջ մտնես, որպես ճանաչելի մարդ իրանց թեզերը տարածես ու դառնաս խաղի մի մաս: Դրա համար կարող ես մեր հետ մնալ:

-Էլի մնամ, դա հասկացա արդեն, բայց արդյոք իմ թիմը այդ խաղի մեջա: Իրանք վերլուծաբաններ են, ինչ պետքա անեն ախր:

-Իրանք քո թիմը չեն, չեն էլ եղել: Ավելի ճիշտ սկզբից եղել են, հետո տարբեր ուժերի կողմից իրանց վերբովկա են արել: Ասեմ քեզ ավելին, քո ամենամոտ թվացող խորհրդականներդ ու օգնականներդ քոնը չեն: Դու իրանց պետք ես, որ մեծ խաղի մի մաս լինես, իսկ իրանք այդ խաղը խաղան իրենց սեփական շահերի համար: Ճիշտ հասկացի, մենք գիտենք, որ իրանք սրիկաներ են, բայց իրանք այդպես չեն կարծում: Նրանց չեն ասել եղեք սրիկա, նրանց մեջ այլ գաղափարներ են ներարկել…: Նրանք իշխանական մեքենայի հետ հավասար տարածելու են հասարակությանը մոլորեցնելու թեզեր: Հանդես են գալու պոպուլիստական գրառումներով, քանի որ ունեն մեծ թիմ: Զինվորի անունը օգտագործելու են լայքահավաքության ու ավելի տեսանելի լինելու համար:

-Ու՞մ հետ բա խոսեմ: Կոնֆլիկտաբան ընկերս ասեց կզանգի, ասեցին ինձ համակարգիչ կտան:

Վահանը մի փոքր ժպտաց, ապա սեղանի տակից հանեց համակարգիչը և տվեց ինձ: Այդ համակարգչով պետք է աշխատանք տարվեր թշնամուն տեղեկատվական դաշտում հարվածելու ու ոչ երբեք ներքին դաշտում ատելություն սերմանելու համար: Ձևավորվել էին խմբեր, որոնք Արցախի նկատմամբ թշնամու գործողությունները պետք է լուսաբանեին հնարավոր բոլոր հարթակներով:  Այլ կերպ ասած` մենք ստանձնել էինք պետության դերը պետական համակարգի բացակայության, իսկ որոշ դեպքերում մեր դեմ աշխատելու ժամանակներում:

Տղաները քնելու տեղ էին տրամադրել, փաստացի ամեն մի հարմարություն կար աշխատանքի և կացության համար: Այդ ամենի մեջ կար մի լուսավոր կետ: Կյանքի բերումով այնպես էի աշխատում, որ կարող էի օրերով կամ շաբաթներով կապի դուրս չգալ ընտանիքիս անդամների հետ և իրենք գիտեին, որ եթե չեմ զանգում, կամ չեմ պատասխանում զանգերի, ապա այդպես է պետք:

Մի քանի օր է, ինչ ես բնակվում էի 7-րդ տանը: Այդպես էի անվանել այն, քանի որ Չարենցի փողոցի վրա գտնվող այդ տունը համարակալված չէր և գտնվում էր շատ կոկիկ չերևացող հատվածում: Հետաքրքիր է, որ Չարենցը մոտ հարյուր տարի առաջ գրել էր «Երկիր Նաիրի» վեպը, որը հանդիսանում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Չարենցը վեպում կենտրոնացել էր Կարս քաղաքի վրա, պատմել այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին: Զարմանալի զուգադիպությամբ իր անվան փողոցի տանը ինձ էր վիճակված գրել հարյուր տարի անց նոր պարտության և այս անգամ Կարսի պես ոչ մենակ մեկ քաղաքի անկման մասին:

Հոկտեմբերի առաջին օրերն էին, իշխանությունը իր իշխանական խոսնակների շուրթերով և ԶԼՄ-ներով խոսում էր դավաճանության մասին: Փաստացի իրենք առաջինը շրջանառեցին դավաճանություն բառը: Այսօրվա պես հիշում եմ՝ նյութ, որի գլխավոր նկարներում Հայաստանի և Արցախի նախկին առաջնորդներն ու ռազմական ղեկավարությունն էր և Նիկոլի թերթին բնորոշ վերնագիր՝ օդում կախված լուրերի համաձայն բառակապակցությամբ: Թեզերը հստակ էին՝ նախկինների մարդիկ համոզում են զինվորներին, որ ամեն ինչ հանձնված է և կարող եք չկռվել:

Հուզական մարդու համար սա վատ ուտեստ չէր: Պատերազմի օրեր տեսնող քաղաքացին դժվար մտածեր, որ օրինակ որևէ անծանոթ մարդ չի կարող հասնել առաջին գիծ, ինչ-որ բան համոզել զինվորներին՝ իրենց հրամանատարության մոտ անգամ և հանգիստ վերադառնալ տուն: Ի վերջո սահմանը հանգստյան գոտի չէ: Դա իհարկե չէր հուզում այս իշխանություններին, որոնք լուրջ դեմքով տոնում էին ամեն օր հաղթանակ, Ադրբեջանի մոտալուտ հաղթանակը..

Այդ տանը երեքով էինք ապրում: Պատերազմի առաջին 10 օրը ծանր էին: Երևանի երկնքում թշնամու անօդաչուների հայտնվելը, երեք օր անց Մատաղիսի գրավման մասին տեղեկությունը և դրան զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանի հեգնական գրառումը, թե եթե գրավել են, ինչու Ալիևը չի այցելում այդ տարածք: Ցավոք, մենք գիտեինք իրականությունը, մենք գիտեինք, որ այն ինչ ասվում է թշնամու կողմից՝ փաստ է: Շատ ծանր էր դա ընդունել: Ստերի շարանը շարունակվում էր: Մատաղիսի դեպքերից մեկ օր անց խոսվում էր Գյանջայի օդանավակայանի ոչնչացման մասին: Դա ևս սուտ էր և ավելի ուշ պարզ էր դարձել, որ այսպես կոչված ոչնչացված օդանավակայանի լուսանկարը արվել է այլ երկրում տեղի ունեցած դեպքերից: Դրան զուգահեռ Ադրբեջանը քարոզչության տեսանկյունից նվեր էր ստացել և լուսաբանում էր, թե ինչպես է Հայաստանը սպանում իրենց խաղաղ բնակչությանը: Այդ ժամանակ ի տարբերություն շատերի, ես գիտեի, որ սա պատահական նվեր չէ Ալիևների ընտանիքին: Պետք էր լեգիտիմացնել Ադրբեջանի գործողությունները միջազգային հանրության առաջ: Որքան էլ որ դա սարսափելի էր թվում՝ լեգիտիմացնելու դերը տրված էր զոհ հանդիսացող պետության ջոջերին: Մենք ամեն օր աշխատում էինք, մեզ միացել էին հազարավոր քաղաքացիներ, բայց դա առ ոչինչ էր, քանի որ մենք աշխատում էինք մի իրավիճակում, երբ թշնամին ահռելի մեծ գումարներ էր ծախսում Հայաստանը և Արցախը վարկաբեկելու վրա, իսկ Հայաստանի գործող իշխանությունը` իր խայտառակ քայլերը բոլորի, բացի իրենցից, բարդելու վրա:

Իշխանությունը անցավ ավելի կոշտ միջոցների, երբ միջազգային լրագրողներից Իլյա Ազարը ներկայացրել էր, թե ինչպես են մի քանի տասնյակ հայ ոստիկաններին հավաքում Շուշիի մշակութային կենտրոնում, որից հետո այն հրթիռակոծվում է թշնամու կողմից: Այդ մասին հայ ժողովուրդը իմացել էր ոչ թե Հայաստանի կամ Արցախի իշխանություններից, ոչ թե հաղթանակ տոնող և թշնամուն ծաղրող Արծրունից, այլ միջազգային լրագրողից, որից հետո մեր իշխանությունները զրկել էին այդ լրագրողին հավատարմագրից:

Օրեր անց՝ հոկտեմբերի 9-ին հայտարարվում էր Հադրութի գրավման մասին: Իշխանությունը շարունակում է լռել, իսկ որոշ դեպքերում անգամ ծաղրել: Նույնը, ինչ արվում էր Մատաղիսի դեպքում: Դրանից երկու օր առաջ ներքին խողովակներով ստացել էին տեղեկություն, որի համաձայն Արցախի հարավային դարպասները բաց են, թշնամուն դիմագրավելու օպերացիան ձախողված, մարտական ռեզերվը ոչնչացված: Մի քանի օրվա մեջ մազերս հասցրել էին սպիտակել, իսկ մեր երեքիս ոչ պատերազմի թեմաներով զրույցները հասցվել էին մինիմումի:

Իմ նոր ապաստարանի 13-րդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, զանգեց կոնֆլիկտաբան ընկերս: Մոտ մի շարք հարցեր էին հավաքվել, որոնք ես ցանկանում էի ուղղել իրեն, բայց չգիտեի որից սկսեմ:

-Քեզ մի քանի բան կասեմ, որ ֆիքսես: Պատերազմը տանում են պարտության: Ում հետ ինչ պետք է ձեր մոտ արդեն խոսացել են, իսկ ովքեր ունակ են պետությունը փրկելու, տեղյակ են, որ իրենց անհրաժեշտ ներքին օժանդակողները նույնպես այդ խաղի մի մաս են: Փաստացի ինչպես 2018-ին, այդպես էլ հիմա՝ նոր խաղ, նոր գին, մենք էլ կրկին մենակ:

-Բա հիմա ինչ պետքա անենք, ես ինչ կարող եմ անում եմ..

-Այս պահին ոչինչ: Այստեղ մի քանի հանդիպում ունեմ: Այսօր Անտոն Էդուարդովիչի նեղ շրջապատից հայտնեցին, որ օրեր անց Հայաստանը առաջարկ է ստանալու: Հենց այդ առաջարկը լինելու է ճակատագրական: Առաջարկ, որը կբխի Հայաստանից և Արցախի շահերից, բայց չի բխի տեղի իշխանությունների և իրենց ղեկավարության ծրագրերից:

Ցավոք սրտի, որքան էլ ես չցանկանայի ընդունել այդ դաժան իրականությունը, բայց ամենն փաստ էր: 2018 թվականին համոզվել էի, թե ինչպես կարող են մարդուն թողնել մենակ, դուրս գալ իր դեմ, անգամ նրանք, ովքեր եղել են բաժակի լավ ընկերներ, առավելագույն օգուտներ քաղել, շշուկով փորձել հաճոյանալ, իսկ հետո խոսել թե որքան վատն են նրանք և որքան լավն են սրանք: Ոչինչ չէր փոխվել, բացի այն գնից, որը պետք է վճարվեր վարձկան արդարներին:

Զրույցի ավարտից 10 օր անց՝ հոկտեմբերի 19-ին կրկին զանգ ստացա կոնֆլիկտաբան ընկերոջիցս: Այդ զանգը ամենածանրն էր պատերազմի մեկնարկից: Զրույցը սկսվեց մի քանի վայրկյան լռության և ծանր շնչառության մահվան պարով..:

Շարունակելի

Վան Արշակունի

(Սարտոր. Sartor)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829