Լրահոս
Օրվա լրահոսը

Բակում աճած թփերի մասին որեւէ մեկը տեղյակ չի եղել, որեւէ մեկին չի տրվել այդ թփերից կամ սերմերից

Մարտ 20,2024 13:00

Առաջադրված մեղադրանքում Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի բնակիչ Ա. Հոխոյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ մեղադրյալի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել. «Իր տան բակում աճած կանեփի բույսերը վայրի են, որեւէ մեկը դրանք չի ցանել, չի աճեցրել եւ չի մշակել»: Հրաժարվել է այլ հարցերի պատասխանել:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից ստացվել էր հաղորդում, որով առկա էին Ա. Հոխոյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի հատկանիշներ: 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Հոխոյանի (պաշտպան՝ Թամարա Բաղդասարյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: 2023 թվականի հոկտեմբերի 31-ին երիտասարդին ներկայացվել է մեղադրանք եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա. Հոխոյանը խախտել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով թմրամիջոցների շրջանառություն իրականացնելու իրավունք, իր բնակության վայրի՝ տանը կից ցանկապատված հողամասում, 2023 թվականի ընթացքում, մինչեւ նույն թվականի օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում, ջրելու եղանակով ապօրինի կերպով աճեցրել է թմրաալկալոիդ՝ տետրահիդրոկանաբինոլ տեսակի թմրամիջոց պարունակող, շրջանառությունն արգելված, խոշոր չափ համարվող՝ թվով 20 հատ «Կանեփ» խմբի բույսեր, որոնք էլ «հայտնաբերվել եւ վերցվել են դեպքի վայրի զննությամբ»:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Մոնիկա Օհանյանի մոտ Ա. Հոխոյանը վկայի դատավարական կարգավիճակում ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է ընտանիքի հետ միասին, մասնավոր գործ է անում: 2023 թվականի օգոստոսի 29-ին բակում հայտնաբերված կանեփի թփերն էլ աճում են մոտ 3-4 տարի: Դրանք ինքն ամեն տարի հողից արմատախիլ է արել եւ ոչնչացրել. «Քանի որ 2023 թվականից սկսել է մասնավոր հիմունքներով աշխատել, ժամանակը չի բավականացրել գարնանը թփերն արմատախիլ անել, բացի այդ, մինչեւ նշված բույսերի աճելը հողամասի նույն հատվածում տնկել է լոլիկի թփեր, որոնց մեջ էլ աճել են կանեփի թփերը: Հստակ չի հիշել, թե թվով քանի թուփ է աճել լոլիկի մարգերի մեջ: Նշված թփերը տեղյակ չի, թե ինչ եղանակով են աճել, սակայն ինչ տեղափոխվել են նշված հասցե բնակվելու, դրանք եղել են եւ ամեն տարի մոլախոտի պես աճել են»: Երիտասարդը հայտնել էր նաեւ, որ կանեփի թփերը որեւէ մեկը դիտավորյալ չի աճեցրել, դրանք աճել են վայրի եղանակով եւ որեւէ կերպ դրանք չի մշակվել, չի բացառել, որ՝ «Հնարավոր է, որ լոլիկի մարգերը մշակելիս ու ջրելիս կանեփի թփերի արմատներին նույնպես ջուր գնացած լինի»: Նա նաեւ ասել էր, որ որեւէ կերպ չի ցանկացել կանեփի բույսերը աճեցնել, մշակել եւ դրանցից թմրանյութ ստանալ ու դրանք իրացնել:

Բակում նախնական զննության արձանագրությամբ հայտնաբերվել, փաթեթավորվել, կնիքվել էին թվով 18 հատ կանեփ տեսակի բույսին նմանվող բույսերը:

Արձանագրության մեջ գրված էր. «Նշված բույսերի տակ հողը փխրեցված չի, ջրելու հետքեր առկա չեն»: Մինչդեռ, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զ. Ավդիշոեւին ոստիկանության օպեր-լիազոր, կապիտան Ռ.Հարությունյանը զեկուցագիր է ներկայացնում, որ այցելել է նշված տան հասցե, բակում՝ «ակնհայտ տեսանելի վայրում» նկատել է «աճեցված եւ խնամված կանեփի բույսեր»: Փորձագետի թիվ 437 Ք-23 եզրակացությամբ, փորձաքննությանը ներկայացվել են թվով 20 հատ բույսեր, որոնք հանդիսանում են «Կանեփ» խմբի բույսեր. «Կանեփի բույսերից որոշների արմատների հատվածում առկա են եղել ակոսներ՝ որոշները աճած են եղել մարգերի վրա, մարգերի մեջ եւ մարգերից դուրս: Բացի այդ, նախնական զննությամբ նշված հողատարածքում բացի կանեփի բույսերից, այլ բուսատեսակներ չհայտնաբերվեցին: Կանեփի բույսերն արմատախիլ են արվել, փաթեթավորվել են թվով 1 փաթեթում եւ տեղափոխվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն» (փորձագետ՝ Գ.Հովհաննիսյան):

Հերթական նիստը նշանակվել է մայիսի 6-ին:

Նախնական դատական նիստի ժամանակ պաշտպան Թ. Բաղդասարյանը բանավոր միջնորդություններով է հանդես եկել, միջնորդել է բույսերը հայտնաբերած ոստիկանին, փորձագետին հարցաքննել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031