Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիներում ապրող միկրոբները՝ կարևոր գործոն քաղցկեղի դեմ պայքարում

Ապրիլ 04,2024 09:30 Share

Աշխարհի առաջատար հետազոտողներն ավելի ու ավելի շատ են արժևորում աղիների միկրոբիոմի դերն օրգանիզմի ամենատարբեր գործընթացներում։ Nature հեղինակավոր ամսագրի այս հոդվածը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում միկրոբիոմի բարդ ու բազմոլորտ ազդեցության վրա՝ այս անգամ առանձնացնելով քաղցկեղի բուժման արդյունավետության ու միկրոբիոմի կապը։

«Մարդու օրգանիզմում ավելի շատ միկրոբային գեներ կան, քան մարդկային»,- ասում է պրոֆեսոր Ջենիֆեր Վարգոն՝ Տեխասի համալսարանի Մ.Դ. Անդերսոնի անվան Քաղցկեղի կենտրոնից՝ հիշեցնելով, որ մենք հիմնականում բաղկացած ենք միկրոբներից, որոնց օրգանիզմներն ու գեները հսկայական ազդեցություն են գործում մեր նորմալ ֆիզիոլոգիայի ու հիվանդությունների վրա։

Հաճախ քաղցկեղի բուժումն իրականացվում է այնպիսի դեղամիջոցներով, որոնք ազդում են ազդանշանային անոմալ ուղիների վրա կամ ուժեղացնում են իմունային պատասխանը։ Բայց ԱՄՆ առաջատար քաղցկեղի կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Մ.Դ. Անդերսոնի անվան Քաղցկեղի կենտրոնի հետազոտողները ներդնում են ամբողջական մոտեցում, որն ընդգծում է աղիների միկրոբիոմի կարևորությունը քաղցկեղի բուժման բարելավման, ինչպես նաև կանխարգելման հարցում։

Ջենիֆեր Վարգոն սկսել է հետազոտել միկրոբիոմն ավելի քան 10 տարի առաջ՝ ուսումնասիրելով, թե ինչպես են քաղցկեղի ստրոմալ բջիջներն ազդում բուժման նկատմամբ կայունության վրա։ Վարգոյի աշխատանքի համար որոշիչ դեր է խաղացել բջջային այն ուղղության հայտնաբերումը, որը ոչ մեկ անգամ կայունություն էր ցուցաբերել քիմիաթերապիայի նկատմամբ ինչպես ենթաստամքոսային գեղձի քաղցկեղի, այնպես էլ կոլոռեկտալ քաղցկեղի բջիջներում։

«Մենք փակուղու առաջ կանգնեցինք՝ մարդու հյուսվածքներում արտազատվող գործոնների որոնման ճանապարհին», – հիշում է Վարգոն։ «Բայց այն բանից հետո, երբ մեր պլանային ստուգումը ցույց տվեց, որ բջջային այդ ուղղությունը վարակված է միկոպլազմայով, հարց առաջացավ՝ արդյո՞ք բակտերիաները պատասխանատու չեն ռեզիստենտության համար»։ Այնուհետև հետազոտողները պարզել են, որ ստրոմալ բջիջներից միկոպլազմայի հեռացումը կարող է վերացնել դեղորայքի նկատմամբ կայունությունը, ինչպես նաև բացահայտել, որ քաղցկեղի բջիջները, ի տարբերություն առողջ բջիջների, պարունակում են գամմապրոտեոբակտերիաներ։

2013 թ․-ին Վարգոն միացել է Անդերսոնի անվան Քաղցկեղի կենտրոնին՝ շարունակելով ուսումնասիրել իմունոթերապիայի վրա աղիների միկրոբիոմի ազդեցությունը։ Նրա թիմն ուսումնասիրել է միկրոբիոմները մետաստատիկ մելանոմա ունեցող ավելի քան 200 պացիենտների, որոնք նոր են սկսել իմունոթերապիան։ Բացահայտվել է, որ բուժման ավելի լավ արդյունքներ են նկատվում այն մարդկանց մոտ, որոնք աղիքային բազմազան միկրոբիոմ ունեն՝ հատկապես Ruminococcus, Faecalibacterium և Bacteroidetes միկրոբների գերակշռությամբ։

Ներկայումս պրոֆեսոր Վարգոն գլխավորում է Միկրոբիոմային և տրանսլյացիոն նորարարական հետազոտությունների հարթակը, որն օգտագործում է միկրոբիոմի տրանսլյացիոն հետազոտությունները քաղցկեղի բուժման տրանսֆորմացիայի համար։

Մեկ այլ հետազոտող՝ Անդերսոնի կենտրոնից բ․ գ․թ․ Ֆլորենսիա Մաքալիստերը մեկնաբանում է․ «Ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են տարատեսակ ուռուցքներում միկրոբների առկայության մասին»։ «Քանի որ մենք արդեն գիտենք միկրոբիոմի և հիվանդության միջև կապերի և բուժման նկատմամբ պատասխանի մասին, այժմ զարգացնում ենք այդ կապերի վերաբերյալ մեխանիկական պատկերացումները»։
Մաքալիստերն ու նրա թիմը ներկայացրել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող այն պացիենտները, որոնք քաղցկեղային բազմազան միկրոբիոմ ունեն, վիրահատությունից հետո ավելի լավ արդյունք են ունենում։

Քանի որ քաղցկեղի բուժման հարցում աղիների միկրոբիոմը կարևորվում է, սննդակարգը նոր հնարավորություններ է բացում այդ հիվանդության դեմ պայքարում։ Գիտնականներն այս պահին իրենց ուշադրությունը կենտրոնացնում են մասնավորապես բջջանյութով հարուստ մթերքների վրա։

«Պրեբիոտիկ մթերքները, ինչպիսիք են ընկուզեղենը, լոբազգիներն ու ամբողջահատիկ մթերքները, պարունակում են լուծվող ու չլուծվող մանրաթելեր, սպիտակուցներ և օգտակար ճարպեր, որոնք միասին խթանում են միկրոբիոմը»,-ասում է Անդերսոնի կենտրոնի դոցենտ Քերրի Դենիել-ՄաքԴուգալը, որն այժմ իր թիմի հետ հետազոտում է դիետիկ կոնկրետ միջամտությունները, որոնք թույլ կտան փոփոխել միկրոբիոմն ու ազդել բուժման վրա։

Վերջիններս պարզել են, որ սննդակարգում լոբազգիների, օրինակ մուգ կապույտ լոբու ավելացումը ընդլայնում է միկրոբիոմի բազմազանությունն ու հարստացնում այն բակտերիաների քանակը, որոնք խթանում են աղիների առողջությունը։

«Մենք նոր ենք սկսել տարբերակել ուռուցքներում կայուն և անցողիկ միկրոբներին», -նշում է Մաքալիստերը։ «Նրանց դինամիկան, որի վրա ազդում են դիետան ու սթրեսը, կարող է փոփոխել ռեակցիան բուժման նկատմամբ։ Այդ գիտելիքները թույլ կտան բարձրացնել բուժման ճշգրտությունը, քանի որ որոշակի միկրոբներ կարող են ազդել քիմիաթերապիայի և իմունոթերապիայի արդյունավետության վրա»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930