ԱՆԻ կենտրոնի տնօրեն Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցին Ադրբեջան.
Գիտեք երկու ժողովուրդների, երկու հարեւան ժողովուրդների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, որոնք ունեն եւ արյունալի անցյալ եւ համագործակցության պատմություն եւ այսօր մի իրավիճակում ենք՝ կարծես թե օդում կա խաղաղություն, հարաբերական խաղաղություն, նման նախաձեռնությունները, քաղհասարակության ներկայացուցիչների այցելությունները՝ Հայաստան եւ Ադրբեջան, կարծում եմ օգտակար են եւ որեւիցե ձեւով վնաս չեն հասցնում ոչ խաղաղության գործընթացին, եւ ոչ էլ որեւէ բանի վնաս չեն հասցնում։
Բայց պետք չէ այսպիսի հանդիպումներից, այսպիսի այցելություններից շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ քաղհասարակությանն ներկայացուցիչներն ընդամենը ներկայացնում են քաղհասարակությունը եւ երբ որ լինում է, կամ չի լինում իշխանությունների կողմից բարի կամք երկու հանրապետությունների, ապա նրանց այս հանդիպումները, տարբեր թեմաներով քննարկումները շատ մեծ արդյունքներ չեն կարող տալ, եւ պետք չէ դրանցից մեծ արդյունքներ ակնկալել։
Բայց կրկնում եմ՝ այն փաստը, երբ այսօր կա հարաբերական խաղաղություն եւ Հայաստան- Ադրբեջան սահմանազատված այդ փոքր հատվածով ադրբեջանցիները գալիս են Հայաստան, հայերը գնում են Ադրբեջան, դա ինքնին ես համարում եմ օգտակար նախաձեռնություն։ Նաեւ պետք է հաշվի առնենք, որ անցյալ տարի Վաշինգտոնում օգոստոսին նախաստորագրված ավելի ճիշտ այդ համաձայնությունից հետո գործընթացը փաստորեն կանգ է առել։ Գործընթացի կանգը մենք տեսնում ենք նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներում եւ փաստացի քաղհասարակության այս այցելություններն այն քիչ բաներից են, որոնք գործընթացը կենդանի են պահում եւ այդ տեսանկյունից եմ նաեւ կարեւորում նման այցելությունները, նման քննարկումները։
Կարդացեք նաև
Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ Հայաստանը չի կատարել Ադրբեջանի նախապայմաններից հիմնականը, գլխավորը, այն է՝ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, մենք պետք է հասկանանք, որ գործընթացը շատ առաջ գնալ չի կարող: Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանում տեղի ունենան ընտրություններ, ընտրություններից հետո տեղի ունենա կամ տեղի չունենա հանրաքվե։ Սպասում են այդ հանրաքվեի արդյունքներին:
Ես ինքս եմ ժամանակին մասնակցել հայ-ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների տարբեր հանդիպումների, այցելել Ադրբեջան, այստեղ հանդիպել եմ ադրբեջանցիների, մոտ երկու տասնամյակի ես էլ փորձ ունեմ։ Բայց իմ փորձը այն ժամանակ էր, երբ մենք հաղթած վիճակում էինք։ Հիմա քաղհասարակության ներկայացուցիչները ներգրաված են գործընթացի մեջ, երբ Հայաստանը սարսափելի պարտություն է կրել եւ մեզ պարտադրել են խաղաղություն։ Այս պայմաններում այդ մարդկանց գործը շատ ավելի դժվար է, մի բան է, երբ դու քաղհասարակության ներկայացուցիչ ես, երբ քո պետությունը հաղթած վիճակում է լինում կամ ժամանակավոր հաղթած վիճակում է լինում։ Եւ բոլորովին այլ բան է, երբ որ քո պետությունը սարսափելի պարտություն կրած է լինում։
Հետեւելով, թե ինչ քննադատություններ են հնչում այդ մարդկանց հասցեին, ես ուզում եմ ասել, որ պետք չէ շատ ուշադրություն դարձնել այդ քննադատություններին, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի եւ քննադատություններն էլ այն գինն են, որ պետք է վճարել այս գործընթացի մեջ ներգրավվելու համար։
Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ


















































