1️⃣Այս ժամկետը դնելուց առաջ ԱՄՆ նախագահը խոստանում էր ոչնչացնել ամբողջ քաղաքակրություն։ Հետո կողմերը երկու շաբաթ ժամկետ սահմանեցին բանակցությունների համար։ Իսկ այդ ժամկետն այսօր լրացել է, ու ԱՄՆ նախագահը հայտարարել է հրադադարի «անժամկետ» երկարաձգման մասին, ինչն իրականում իրավիճակին ավելի մեծ անորոշություն է հաղորդում:
Թեև չկան ակտիվ ռազմական գործողություններ, բայց Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն ավելի է խորացել։ Ծովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն Իրանի դրոշով երթևեկող նավ է առգրավել, Իրանն էլ շարունակում է Հորմուզի նեղուցը սահմանափակել և այսօր արդեն երկու նավ է կալանել: Այս կերպ, կողմերից յուրաքանչյուրը հավանական բանակցությունների համար ճնշման իր լծակն է ստեղծում:
2️⃣Շրջափակումն Իրանն ընկալում է որպես հրադադարի խախտում և ճնշման ներքո բանակցություններ ու զիջումներ պարտադրելու փորձ, ուստի բանակցությունների անցկացումը պայմանավորում է դրա վերացմամբ: Մյուս կողմից, Թեհրանը բանակցություններում ԱՄՆ պահանջները համարում է առավելապաշտական։
Երբ հրադադարը հաստատվեց, Իրանում հաղթանակ հռչակեցին ու լիակատար հաղթանակի պատումը ձևավորեցին: Երկու շաբաթ անց այդ «հաղթանակը» դիվանագիտության դաշտում դեռ չի ամրագրվել, քանի որ երկու կողմն էլ բանակցության էին գնացել հաղթողի դիրքերից, ինչի հետևանքով առաջացել է այս փակուղին։
Կարդացեք նաև
3️⃣Ներկայիս անորոշությունն այն է, ինչից Իրանն ամենաշատն էր խուսափում: Թեհրանն այս պատերազմը ընկալել է որպես վերջնական հանգուցալուծման հասնելու հնարավորություն ու ձգտում էր վերջ տալ «պատերազմ-հրադադար-բանակցություն» շրջափուլին և ձևավորել նոր ստատուս-քվո:
Ներկա վիճակում և հատկապես համաձայնության բացակայության դեպքում ստացվելու է, որ Իրանը ստացավ պատերազմ ու կորուստներ, այդ պատերազմից էլ դուրս եկավ տնտեսական ճգնաժամի խորացմամբ, շարունակվող ու գուցե նոր պատժամիջոցներով և ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:
4️⃣Սա Իրանի համար խնդիր է առաջացնում նաև ներքին ճակատում. հանրային միասնությունը կամ վերահսկողությունն ավելի հեշտ է պահպանել պատերազմական իրավիճակում, քան երբ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ է: Փոխարենը հանրությունն իր վրա ավելի շատ է զգալու պատերազմի տնտեսական հետևանքները, և մարդիկ իշխանությանը հարց են ուղղելու, թե ինչ է իրենց տվել հայտարարված հաղթանակը:
5️⃣Էլիտայի ներսում կան գործիչներ (հիմնականում ուլտրապահպանողական թևից, բայց ոչ միայն), որոնք հանդես են գալիս պատերազմի շարունակման օգտին, քանի որ համարում են, որ պետք է պատերազմի միջոցով հասնել ի սկզբանե հայտարարած նպատակներին և համոզված լինել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ այլևս չեն ձեռնարկվի: Ավելացել է նաև զիջումների նկատմամբ զգայունությունը։
Այս պատճառով է, որ բանակցային թիմը ղեկավարող Ղալիբաֆը ելույթ է ունենում՝ հանդարտեցնելով, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որ բանակցությունների գնալը թուլություն չի նշանակում: Նա նաև վերահաստատում է, որ Իրանը հաղթել է՝ բացատրելով, որ հակառակորդի ռազմական, ֆինանսական առավելության պայմաններում վարել են ասիմետրիկ պատերազմ ու տարել ռազմավարական հաղթանակ: Միաժամանակ նա իրատեսականության կոչ է անում՝ ընդգծելով, որ ուռճացված են այն հայտարարությունները, թե իրենք թշնամուն լիովին ոչնչացրել են։
6️⃣Թեհրանին պետք է նյութականացնել դիմադրության արդյունքները, ուստի ընթացիկ անորոշությունը Իրանին ձեռնտու չէ, բայց այն կարող է պահպանվել, մինչև որ կողմերից մեկը կգնա զիջման կամ էսկալացիայի: Իրանում, համենայն դեպս, զիջման հարցում շատ զգայուն են:
«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք


















































