Ինչո՞ւ են Վաշինգտոնից հիշեցնում, որ չեն մոռացել TRIPP-ը
Իրանի դեմ պատերազմի համատեքստում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի գործարկման, այդ ծրագրի ապագայի հետ կապված արդեն տեւական ժամանակ է, ինչ հարցադրումներ են հնչում, հոռետեսական կանխատեսումներ են արվում, թե այն կարող է կորցնել իր «գրավչությունը», նախ՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում, ինչպես նաեւ՝ Իրանի ազդեցության, դերակատարության փոփոխության պայմաններում։
Վաշինգոտնից օրերս հիշեցրեցին, որ Թրամփի վարչակազմը չի մոռացել TRIPP-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշել էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ «TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում եւ դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել էր՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը եւ Նախիջեւանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաեւ ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։ «TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային եւ ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի եւ բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել էր նա։
Ըստ խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջեւանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաեւ տեղեկացրել էր, որ Հայաստանը համագործակցում է ԱՄՆ-ի եւ փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ «TRIPP-ի եւ հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առեւտրի, ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին եւ կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաեւ նշել էր, որ 2026թ. հունվարի 13-ին ԱՄՆ-ը եւ Հայաստանը համատեղ հայտարարել են TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման մասին. «Այս փաստաթուղթը ներկայացնում է TRIPP-ի գործարկման հստակ ուղին։ 2025թ. օգոստոսի 8-ին հաստատված սկզբունքների արտացոլմամբ՝ այն նաեւ ընդգծում է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության կարեւորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, TRIPP-ը կանցնի «աշխարհում տնտեսական տեսանկյունից ամենակարեւոր վայրերից որոշների միջով» եւ «կխթանի առեւտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին»։ TRIPP-ի վերջնական նպատակներն են՝ ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկեցությունն ու անվտանգությունը, ընդլայնել ԱՄՆ առեւտրային հնարավորությունները՝ զարգացնելով տարածաշրջանային առեւտուրն ու կապերը, ինչպես նաեւ ստեղծել նոր տարանցիկ կապեր Կենտրոնական Ասիայից եւ Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա»։
Եթե ծրագիրն ընթացքի մեջ է՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել հիշեցնել նրա՝ ուժի մեջ մնալու մասին…
Առաջիկայում TRIPP-ի գործարկման մասով ի՞նչ «մեծ իրադարձությունների» է սպասում Փաշինյանը
Մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ ենք մտնում, ու դա կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացի հետ, եւ մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ այն ՀՀ-ն ի վերջո ամբողջական դուրս է բերել շրջափակման վիճակից, անցյալ շաբաթ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց Նիկոլ Փաշինյանը: «Այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետեւ գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ նաեւ ասել, որ քաղաքական հստակ հանձնառությունն այն է, որ նաեւ հնարավոր է երկաթուղով արտահանում իրականացնել, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչեւ մենք Ադրբեջանի հետ TRIPP նախագծի շրջանակներում առաջին հերթին երկաթուղին կբացենք, եւ սա շատ կարեւոր է: Ուզում եմ ասել, որ քաղաքական պայմանավորվածությունը հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն՝ դա ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման հուսալի ուղի է: Բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետեւ պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրենց վերափոխելու համար նախ պետք է վստահություն, մարդիկ պիտի հասկանան, այն, ինչ ասվում է, ինչքանով է տեւական, հուսալի, եւ երկրորդն էլ՝ լոգիստիկ շղթաները պետք է փոխվեն, որովհետեւ ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանությամբ ենք մտածում, ուրիշ բան է, երբ վագոնի տրամաբանությամբ ենք մտածում»,- նշեց նա:
Հարեւան Իրանի դեմ պատերազմից հետո այդ երկրի տարածաշրջանային դերակատարությունը, ազդեցությունն արդեն իսկ փոխվել է, սա ակնհայտ է։ Չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ գործողություններին, հսկայական վնասներին, որոնք կրել է Իրանը, այդ երկրի հոգեւոր, քաղաքական, ռազմական իշխանական վերնախավի դեմ պայքարը ձախողվել է, թեեւ ԱՄՆ-ից ու Իսրայելից հակառակն են պնդում, եւ չնայած այն հանգամանքին, որ Իրանում բազմաթիվ գործիչներ են սպանվել։
Պաշտոնական Երեւանը հաշվի՞ է առնում այս հանգամանքը, պաշտոնական Թեհրանի հետ ծավալվո՞ւմ են քննարկումներ աշխարհաքաղաքական նոր իրադրությունում՝ հաշվի առնելով նոր իրողությունները։
«Շարունակելու ենք զգայուն կերպով վերաբերվել մեր սահմանի մոտ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության». ՀՀ-ում Իրանի դեսպան
Այն, որ Իրանն իր դիրքորոշումն ավելի է ամրապնդելու տարածաշրջանային անվտանգության հարցում՝ սա աներկբա է։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին օրերս «5-րդ ալիք»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել էր Իրանի դեմ պատերազմի եւ TRIPP-ի ծրագրի նկատմամբ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման հնարավոր փոփոխության վերաբերյալ հարցին։
Դեսպանը բավական ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել, ընդհանուր առմամբ՝ շեշտելով Թեհրանի վերաբերմունքը՝ TRIPP-ի նկատմամբ։
«Այս պատերազմը լավագույնս ցույց տվեց Ամերիկայի թշնամանքը Իրանի նկատմամբ։ Ամերիկան ակնհայտորեն հայտարարում է, որ նրա նպատակը Իրանը ոչնչացնելն է, Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելն է։ Սա նրան երբեք չի հաջողի։ Երբեք, ոչ ոք չի կարողացել ոչնչացնել Իրանի քաղաքակրթությունն ու մշակույթը, եւ Իրանի ժողովրդին… Բոլորն արդեն տեսան, թե Ամերիկան ինչ թշնամանք է տածում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Ուստի, կարծում եմ, որ բնական է, որ Իրանի այս զգայուն մոտեցումը իր սահմանների, իր տարածքների մոտ Ամերիկայի ցանկացած ներկայության։ Ուստի եւս մեկ անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ Ամերիկան այն ռեժիմն է, որ չի ամաչում անմեղ երեխաներին թիրախավորելուց։ Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչքան անմեղ երեխաներ եւ քաղաքացիական բնակչություն տուժեցին նրա գործողությունների պատճառով։ Սա է լավագույն ցուցիչը այն թշնամանքի, որ Ամերիկան տածում է մեր հանդեպ։ Ուստի մեր զգայուն մոտեցումը այս պրոյեկտի նկատմամբ տրամաբանական է, եւ հասկանալի։ Եվ այս պահին ինքս չեմ կարող վստահորեն ասել, թե ինչպիսի դիրքորոշում ունի Թրամփը այս պրոյեկտի վերաբերյալ, արդյո՞ք նա լուրջ ծրագրեր ունի այս տարածաշրջանում, մոտեցումը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Բոլորի համար պարզ է, որ տարածաշրջանում պատերազմից հետո պայմաններն արդեն այլ են։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, մեր զգայուն մոտեցումը հարցի վերաբերյալ տրամաբանական եւ հասկանալի է. շարունակելու ենք նման զգայուն կերպով վերաբերվել մեր սահմանի մոտ Ամերիկայի ցանկացած ներկայության, ամերիկյան ուժերի ցանկացած ներկայության։ Կարծում եմ այս պարագայում լավագույն որոշումն այն է, որ պարբերաբար քննարկումներ եւ զրույցներ ունենանք հայկական կողմի հետ, որպեսզի ստեղծվի վստահություն, որ երբեւէ որեւէ ծրագիր, որը հետագայում կարող է ազդել Իրան-Հայաստան բարիդրացիական հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային անվտանգությանը, ու Իրանի անվտանգությանը՝ երբեք չի իրականանա», նշել էր դեսպան Շիրղոլամին։
ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքը առավել քան հստակ է. Իրանի դեմ պատերազմից հետո «պայմանները» փոխվել են, Թեհրանը դեմ է ԱՄՆ-ի ցանկացած ուժերի ցանկացած ներկայության ու դեռ քննարկումներ են ակնկալում պաշտոնական Երեւանի հետ, որպեսզի՝ «ստեղծվի վստահություն», որ «որեւէ ծրագիր» չազդի Իրան-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, ու Իրանի անվտանգության վրա։
«Արդյո՞ք ԱՄՆ-ը կպահպանի նախագծի հանդեպ հետաքրքրությունը», «Խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման». միջազգային մամուլը՝ TRIPP-ի անորոշ ապագայի մասին
Հատկանշական է, որ միջազգային մամուլում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է TRIPP-ի մշուշոտ ապագան։ «Foreign Policy»-ն վերջերս նկատել էր, որ TRIPP նախագծի շրջանակում տարածքի ուսումնասիրման նպատակով ամերիկյան ընկերության ներկայացուցիչների այցը հետաձգվել է՝ Իրանի հետ պատերազմի պատճառով, հետեւաբար՝ «Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է վտանգել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված միակ հաջողված խաղաղության համաձայնագիրը», եւ Իրանում Թրամփի սկսած պատերազմի հետեւանքները սպառնում են տապալել Կովկասում նրա ձեռքբերումները, քանի որ նույնիսկ հայտարարված հրադադարի պայմաններում Սպիտակ տունը դեռ որոշ ժամանակ կենտրոնացած է մնալու Իրանի վրա, իսկ արդյունքում՝ Կովկասում խաղաղության հասնելու թափը կարող է կորսվել։
«Ավելի լայն համատեքստում՝ պատերազմը կարող է այնպես փոխել ԱՄՆ առաջնահերթությունները Կովկասում, որ խաղաղության հաստատումը դառնա չափազանց բարդ խնդիր։ Իր ներկայիս տեսքով TRIPP նախագիծն իրականում ձեռնտու է Իրանին, քանի որ վերականգնում է դեռ խորհրդային տարիներից մնացած երկաթուղային կապերը։ Նախագիծը հատկապես մեծ օգուտներ է խոստանում Հայաստանին՝ Իրանի կարեւորագույն առեւտրային եւ անվտանգային գործընկերոջը։ Սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք Վաշինգտոնը կպահպանի այս նախագծի հանդեպ ունեցած իր հետաքրքրությունը։ Իսկ ի՞նչ, եթե Թրամփն արդեն իսկ կորցրել է դրա նկատմամբ իր հետաքրքրությունը», գրել էր պարբերականը։
Մեկ այլ պարբերականում՝ Middle East Forum-ում, ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» (American Enterprise Institute) ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը ուշագրավ հոդվածով էր հանդես եկել։ Նրա համոզմամբ էլ՝ 2025թ. օգոստոսին Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության պայմանագիրը տեւական խաղաղություն չի բերելու, գործընթացի մասնակիցներից ոչ մեկն անկեղծ չէ։ Նա մի քանի գործոններ էր մատնանշել. Թրամփը ձգտում է Նոբելյան մրցանակի, սեփական անունը հավերժացնելուն, հենց այս պատճառով՝ «միջանցքը ստացել է Trump Route for International Peace and Prosperity անվանումը»։ Ըստ հեղինակի՝ «Ռուբիոն պարզապես հավատարիմ կատարողի դերում է։ Փաշինյանը չափազանց ցածր վարկանիշ ունի երկրի ներսում եւ շտապում է զիջումների գնալ, որպեսզի առաջիկա ընտրություններին ներկայանա որպես «խաղաղաբեր» միակ թեկնածու՝ չնայած այն փաստին, որ նրա օրոք Հայաստանը երկու պատերազմ է պարտվել։ Ալիեւն իր հերթին միջանցքը դիտարկում է որպես հնարավորություն՝ Հայաստանի Սյունիքի մարզը երկփեղկելու եւ վերահսկողություն հաստատելու համար»։
Մայքլ Ռուբինի գնահատմամբ՝ միջանցքը զուրկ է տնտեսական տրամաբանությունից. «Ադրբեջանն ու Թուրքիան կարող էին Հայաստանի տարածքով տարանցում հաստատել՝ պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելով եւ վերացնելով շրջափակումը»։ Հեղինակի կարծիքով՝ կայուն խաղաղություն չի լինի, քանի դեռ Ադրբեջանում իրական ու խորքային բարեփոխումներ չեն իրականացվել։
Հեղինակը շոշափել էր Ադրբեջանում հզոր 3՝ Ալիեւների, Թալիբովների, Փաշաեւների կլանների միջեւ պայքարը, եւ ըստ նրա, եթե՝ «Ալիեւների թեւը» պարտվի՝ «Իլհամ Ալիեւը հավանաբար կարող է սկսել նոր բախում», որպեսզի օգտագործի արտակարգ դրության սահմանումը՝ բանտարկելու տնտեսական մրցակիցներին կամ չեզոքացնելու «քաղաքական սպառնալիքները»։
Ուստի, ըստ հեղինակի, Ադրբեջանի ներսում ներքին պայքարները կարեւոր են նաեւ TRIPP-ի համատեքստում, քանի որ կլանները պայքարում են՝ թե ով է շահույթ ստանալու եւ պաշտպանություն ստանալու TRIPP-ի առեւտրից։ «Չնայած Թրամփի սերը հաղթական արարողությունների նկատմամբ, եթե Թրամփը եւ Ռուբիոն պարտադրեն TRIPP-ը, նրանք կբերեն ոչ թե խաղաղություն, որով նախագահը եւ Փաշինյանը կարող են հպարտանալ, այլ մի տպավորիչ փլուզում։ Պարզապես չի կարող լինել կայուն խաղաղություն, մինչեւ Ադրբեջանը չիրագործի իրական եւ երկարատեւ բարեփոխումներ», եզրափակել էր հեղինակը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2026


















































