Հայ երգի լեգենդ Էլվինա Մակարյանը հաճախ էր հպարտանում իր նախնիներով: Մեր շփումների ընթացքում պատմում էր մորական, հորական պապիկների մասին, համարում նրանց «զտարյուն հայեր», մորական պապու` գեներալի մասին էր հիշում, ով Պառնասից էր, պատմում էր, որ նրան գնդակահարել են 1937-ին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տպագրել է երգչուհու հորական պապի՝ Տիգրան Մակարյանի «Հուշեր. Դեր Զոր-Գուլագ» գիրքը, որի մասին տեղեկացվեց անցած տարվա մայիսին…
Ցեղասպանության ականատեսի անչափ հուզիչ հուշագրությունն ամբողջությամբ կարդալուց հետո որոշեցի ներկայացնել այն:
Կարդացեք նաև
Խմբագիրն է թանգարանի Աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը: Հուշագրությունը գրվել է 1964-ին, Երեւանում: Հուշագրությունը, ինչպես տեղեկացնում է գրքի խմբագիր Ռ. Թաթոյանը, թանգարանին է նվիրել դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը դեռ 2012թ.-ին, ով նաեւ տրամադրել է Տիգրան Մակարյանի բռնադատվածության շրջանի հուշերը պարունակող տետրերը:
Տիգրան Մակարյանն անցել է Դեր Զորով, Գուլագով, համակենտրոնացման ճամբարներով:
Մակարյանը ներկայացնում է 1915 թվականը, ընտանիքի հետ բռնագաղթի ենթակվելու, Դեր Զորի անապատում հայերի բնաջնջմանն ականատես լինելու, փախուստի, փրկության, Հալեպում, Գերմանիայում ուսանելու, Խորհրդային Հայաստան ներգաղթելու պատմությունը:
Նա անցյալ դարի 20-ականներին, Գերմանիայում ինժեների մասնագիտությամբ ներգաղթել է Խորհրդային Հայաստան, սակայն ստալինյան բռնաճնշումների արդյունքում հայտնվել անազատության մեջ, ապա հասել նրան, որ չեղարկվել են այդ դատավճիռները, վերականգնվել է աշխատանքում…
Տ.Մակարյանի շնորհիվ է գործարկվել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը, կառուցվել Լենինականի էլեկտրացանցը: Մինչ կենսաթոշակի անցնելը Տ.Մակարյանն աշխատել է, որպես «Հայգլխէներգոյի» նորոգումների ծառայության պետ: 1965թ.-ին նրան շնորհվել է Հայկական ՍՍՀ վաստակավոր ինժեների կոչում, պարգեւատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով»:
Տիգրանը ծնվել 1902 թվականին, ցեղասպանության ժամանակ 13 տարեկան էր: Հայրը բժիշկ էր, ուներ սեփական կլինիկա, դեղատուն: Տիգրանը տան կրտսերն էր, ուներ երկու ավագ եղբայր եւ երեք քույր:

Տիգրան Մակարյանի թոռնուհի Էլվինա Մակարյանը հորեղբոր՝ Ռոբերտի հետ, 1955թ. հունվար (աղբյուր՝ Մակարյան ընտանիքի արխիվ)
Գրքի 1-ին մասում («Դեր Զոր») հուշագիրը ներկայացնում է բռնագաղթը, Մարաշից Հալեպ գնալը, երբ ճանապարհին՝ Սաբղայում իջեւանել է Դեր Զորի գավառապետ Ալի Սուադը: Գավառապետը տեղեկանալով Մակարյանի մասին, նրան առաջարկում է մնալ Դեր Զորում, ստանձնելով հայ բռնագաղթյալների բժշկի պաշտոնը… 1915 թվականին Դեր Զորի համակենտրոնացման ճամբարներում բծավոր տիֆի համաճարակ է բռնվել, որը տեղափոխվել է քաղաք: Համաճարակին զոհ էին գնում ամեն օր մինչեւ երկու հարյուր մարդ: Միայն 1915 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին 10 000 մարդ է համաճարակի զոհ դարձել: Հայ աքսորյալների թիվը ըստ հուշագրի`քսաներկու-քսաներեք հազար էր….
Տիգրան Մակարյանի վկայությամբ հայրն «ամեն օր ուրիշ երկու հայ բժիշկների հետ գնում էր համակենտրոնացման ճամբարները՝ ժողովրդին բուժելու, գուցե ավելի ճիշտ կլիներ ասել` իր ներկայությամբ մխիթարելու», քանի որ անհրաժեշտ դեղորայքը գրեթե իսպառ բացակայում էր»: Տիգրան Մակարյանը գրում է. «Մինչ համաճարակը ես շատ անգամներ էի գնացել եւ հորս հետ եղել երկու ճամբարներում: Սակայն այն, ինչ տեսա այս անգամ, իմ վրա խիստ ցնցող տպավորություն թողեց», դիակներ էին` «իրենց անատոմիական ամբողջ էությամբ, որոնց վրա ոչ միս կար, ոչ էլ կաշի»:
Հուշագրության 2-րդ մասը («Գուլագ») նրա ձերբակալության, անազատության մասին է, որոնք տեղ են գտել «Բանտում», «Էտապ», «Ստալինի մահը», «Տայշետ», «Սեւերո-Ենիսեյսկ»…գլուխներում:
Գրքում կան բացառիկ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Տ. Մակարյանի գործով մեղադրական եզրակացությունը 1936 թ. փետրվարի 16-ին, 1942 թ. մայիսի 27-ի դատավճիռը ռուսերեն, 1955 թ. սեպտեմբերի 10-ի բողոք-դիմումը ԽՍՀՄ գլխավոր դատախազի գործը վերանայելու խնդրանքով, 1936 թ. մարտի 31-ի դատավճիռը բեկանելու մասին Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի Քրեական գործերով կոլեգիայի 1959 թ. օգոստոսի 22-ի որոշումը: Ըստ մեղադրական եզրակացության, նախ Մակարյանը Քանաքեռգեսի աշխատակիցների շրջանում «դաշնակցական ահաբեկչական գործողությունները», այն է` Բեռլինում թուրք մինիստրի եւ Թիֆլիսում թուրք ներկայացուցչի ահաբեկումը (Թալեաթի եւ Ջեմալի սպանությունները-Ռ.Մ.), գովաբանելու միջոցով ազգայնական-շովինիստական տրամադրություններ է արտահայտել, ապա` «Արմէներգոյի» աշխատակիցների շրջանում սիստեմատիկ կերպով տարել է հակախորհրդային ֆաշիստական պրոպագանդա, գովաբանելով Գերմանիայի ուժն ու հզորությունը…իր շրջապատում թույլ էր տալիս ստահոդ հերյուրանքներ Կարմիր բանակի հասցեին, Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունների վերաբերյալ. ամեն կերպ գովաբանելով գերմանական ազգը, տեխնիկան, մշակույթը….»:
Գիրքն ավարտվում է «Վերադարձ Երեւան» հատվածով, կալանավայրից վերջնական վերադարձի մասին է:
Նա եղել է Սիբիրի ուղղիչ-աշխատանքային գաղութներում, Կեմերովոյի մարզի Մարիինսկ, Կրասնոյարսկի Նորիլսկ բնակավայրերում, ապա Ուզբեկստանի Չիրչիկ քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութում, Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, Տայշետ բնակավայրում: Ստալինի մահից հետո հանցակազմի բացակայության հիմքով բեկանվել են նրա երկու դատավճիռները:

Գ. Տիգրան Մակարյանի 1955թ. սեպտեմբերի 10-ի բողոք-դիմումը ԽՍՀՄ գլխավոր դատախազին՝ գործը վերանայելու խնդրանքով (ռուսերեն)
«Այն աստիճան այլանդակ մթնոլորտ էր ստեղծված, որ մարդը ճիշտ դատելու ընդունակ չէր: Սարսափն այլանդակել էր մարդկանց ուղեղները: Երբ ասում էիր, որ անմեղ տեղը 10 կամ 15 տարի ժամկետ ես ստացել, սկզբում կամա թե ակամա հավատում էին ասածիս, հետո իրենց հարց էին տալիս, թե ինչպես կլինի, որ անմեղ մարդը 10 կամ 15 տարի ժամկետ ստանա, ուրեմն մի «շոշափելի» մեղք գործել է…տարիներ շարունակ երազներ էի տեսնում, բոլորն էլ, առանց բացառության կապված գաղութային կյանքի հետ»,-գրել էր հուշագիրը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
(շարունակելի)
«Առավոտ» օրաթերթ
14.04.2026





















































