Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական հայը․ ճիշտը մի հատ չի (ՄԱՍ 3․3)

Ապրիլ 27,2026 11:00 Share

Թագաժառանգը գերության մեջ էր։ Հայրը մահանում է։ Նրան ազատում են մեկ պայմանով՝ պետք է իր թագավորությունից հողեր հանձնի։ Թագաժառանգը համաձայնում է։

Նա վերադառնում է հայրենիք, գահ բարձրանում և կանչում երեք գեներալներին։ Ներկայացնում է իրավիճակն ու հարցնում՝ հողերը տա՞, թե՞ չտա։

Առաջին գեներալն ասում է․ «Խոսք ես տվել, պետք է կատարես»։

Երկրորդն ասում է․ «Երկիրը հողով է ուժեղ։ Հող հանձնել չի կարելի»։

Երրորդն ասում է․«Հողերը չպետք է տաս, բայց մենք հիմա այն ուժը չունենք, որ դիմակայենք հարձակմանը։ Ինձ ուղարկեք հարևան թագավորությունից օգնություն բերելու»։

Թագավորը լսում է բոլորին և դիմում խորհրդականին՝ հարցնելով, թե ում խորհուրդը ընդունի։ Խորհրդականը պատասխանում է․ «Երեքինն էլ»։

Առաջին գեներալը գնում է բանակցելու։ Երկրորդը պատրաստվում է հակահարձակման։ Երրորդը վերադառնում է դաշնակից զորքով։ Արդյունքում զավթիչը խուճապահար նահանջում է, և թագավորը վերականգնում է իր հողերը*։

Քաղաքական և քաղաքացիական մշակույթում հաճախ հանդիպող երևույթ է մեկ «ճիշտ» ճանապարհ գտնելու փորձը։ Սկսվում են անվերջ վեճեր, թե որ տարբերակն է միակ արդյունավետը, իսկ մյուս բոլոր տարբերակները հերթով մերժվում են՝ բազմաթիվ հիմնավորումներով, թե ինչու չեն ստացվի։

Սակայն յուրաքանչյուր միտք ունի զարգացման ներուժ։ Մտքի արժեքը ոչ միայն գեղեցիկ հնչելու, այլ գործի մեջ դրվելու մեջ է։
Եթե կա հստակ նպատակ, ապա որքան շատ տարբեր ուղիներ միաժամանակ աշխատեն այդ նպատակի համար, այնքան հակառակորդի համար դժվար կլինի դիմակայելը։ Իսկ որքան շատ ժամանակ ծախսվի միակ «ճշմարիտ» լուծումը գտնելու վրա, այնքան ավելի շատ ժամանակ ու հնարավորություն կստանա հակառակորդը։

Երբ ընկերդ գործողության միտք է առաջարկում, հաճախ ավելի օգտակար է օգնել նրան այն փորձարկելու մեջ, քան անմիջապես ապացուցել, թե ինչու չի ստացվելու։

Եվ հակառակը՝ եթե գտնվում ես այնպիսի խմբում, որտեղ միտք արտահայտելուն պես սկսում են թվարկել դրա անհնարինության պատճառները, տարանջատվիր այդ խմբից։ Բայց մի նեղացիր և անհրաժեշտ պահին շարունակիր օգնել նրանց՝ հիշելով «Ռազմավարական հայը» հոդվածաշարի ՄԱՍ 3․1-ի միտքը՝ նեղանալը վնասում է ընդհանուր նպատակին։

Հայերի առաքելության՝ տարածաշրջանն ու Երկիր մոլորակը ավելի կարգավորված, անվտանգ և զարգացող դարձնելու ճանապարհին բոլոր մտքերն ունեն ծնվելու և փորձարկվելու իրավունք։ Որքան շատ լինեն դրանք, այնքան մեծ կլինի հաջողության հնարավորությունը։

«Ռազմավարական հայը» հոդվածի առաջին մասում քննարկվեց, որ աշխարհի կարգ ու կանոնի վերականգնման հնարավոր սուբյեկտներից մեկը հայությունն է։

Երկրորդ մասում խոսվեց, որ այդ առաքելությունն իրականացնելու համար ազգային ինքնությունը պետք է բարձրացվի վերազգային մակարդակի՝ դեպի Երկիր մոլորակին օգտակար լինելու գիտակցություն։
Հաջորդիվ քննարկվում է, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի այդ ազգային-վերազգային առաքելությունը հասնի նպատակին, դրանք կարող ես կարդալ այստեղ ՄԱՍ 3․1․ Մի՛ նեղացիր |, ինչպես նաեւ՝ այստեղ ՄԱՍ 3․2 Զսպի՛ր կարծիքդ

* Չինական ռազմավարական հնարք N35

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930