Առջևում ամառային ջերմ օրերն են, ու այդ կապակցությամբ կոսմետիկ կենտրոնները (և ոչ միայն) սկսել են ավելի հաճախ գովազդել ցելյուլիտի վերացմանն ուղղված իրենց ծառայությունները՝ առաջարկելով ազատվել այն էսթետիկ անկատարությունից, որը, եթե անկեղծ լինենք, ծանոթ է աշխարհի կանանց մեծամասնությանը և ընդամենը վերջին տասնամյակներին է սկսել համարվել թերություն, որի դեմ պետք է ակտիվ պայքար մղել։
Թեև «ցելյուլիտ» եզրույթն առաջին անգամ նկարագրվել է 1873թ․-ին ֆրանսիացի բժիշկներ Էմիլ Լիտրեի ու Շարլ-Ֆիլիպ Ռոբինի կողմից, այն պոպուլյարիզացվել է միայն 100 տարի անց՝ 1973 թ․-ին, երբ ԱՄՆ-ում SPA սրահի տնօրեն Նիկոլ Ռոնսարն իր գրքում «ցելյուլիտը» նկարագրեց որպես էսթետիկ թերություն։ Բժշկական տեսանկյունից այս եզրույթով բնութագրվում են բորբոքային գործընթացները, սակայն ժամանակակից բժշկական գրականությունում ավելի հաճախ ենք հանդիպում «գինոիդ լիպոդիստրոֆիա» անվանմանը, քանի որ «ցելյուլիտն», ըստ էության, ոչ թե բորբոքում կամ հիվանդություն է, այլ մաշկի վիճակ, որն առավելապես հանդիպում է կանանց մոտ։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ իգական սեռի շրջանում ցելյուլիտի տարածվածությունը կազմում է 80%-90%։
Ի՞նչ է ցելյուլիտը
Ցելյուլիտը ենթամաշկային ճարպ է, որը մաշկի վրա առաջացնում է փոսիկներ, անհարթություններ։ Ահա թե ինչու են այն նմանության պատճառով անվանում նաև «նարնջի կեղև»: Ցելյուլիտը հիմնականում ձևավորվում է մարմնի այն հատվածներում, որտեղ ճարպի կուտակումն ավելի մեծ է՝ սովորաբար ազդրերի, կոնքերի, հետույքի շրջանում։
Ի՞նչն է առաջացնում ցելյուլիտ
Կարդացեք նաև
Ցելյուլիտի առաջացման ճշգրիտ պատճառները դեռևս ուսումնասիրվում են, սակայն կան մի շարք հնարավոր բացատրություններ։
Տեսություններից մեկի համաձայն` այս վիճակն առաջանում է, երբ մաշկի և մկանների միջև գտնվող շարակցական հյուսվածքները գերձգվում են, արդյունքում՝ մաշկի տակ գտնվող ճարպը բարձրանում է, իսկ մաշկի մակերեսը ձգտում է ներքև։
Կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ դա կարող է պայմանավորված լինել կանանց ու տղամարդկանց շարակցական հյուսվածքների կառուցվածքային տարբերություններով։
Տարիքային փոփոխությունները նույնպես դեր ունեն, քանի որ ժամանակի ընթացքում կոլագենի և էլաստինի քանակը նվազում է, ինչը մեծացնում է ճարպային կուտակումների քանակը։ Դրանք մաշկի տակ անհավասար են բաշխվում։
Ցելյուլիտը կարող է կապված լինել նաև էստրոգեն հորմոնի հետ, քանի որ հաճախ հայտնվում է սեռահասունության կամ հղիության ընթացքում։
Ցելյուլիտի ռիսկի գործոնները
Այս վիճակը կարող է առաջանալ՝ անկախ քաշից, սակայն կան ռիսկի գործոններ, որոնք խթանում են ցելյուլիտի ձևավորումը։
Դրանք են՝
- Անառողջ սննդակարգ՝ ածխաջրերի, ճարպերի ու աղի չարաշահմամբ։
- Ալկոհոլի չարաշահում․ ինչպես գիտենք, ոգելից խմիչքների չափից ավելի օգտագործումը նպաստում է օրգանիզմում ճարպի կուտակմանը։
- Դանդաղ նյութափոխանակություն, որը երբեմն կարող է կապված լինել ինսուլինառեզիստենտության և հիպոթիրեոզի հետ՝ հանգեցնելով ցելյուլիտի հակվածություն ունեցող հատվածներում ճարպի ու հեղուկի կուտակման։
- Նստակյաց կյանք․ ֆիզիկական ակտիվության բացակայությունը բերում է քաշի ավելացման, ճարպի կուտակման ու արյան շրջանառության վատացման, ինչն էլ դանդաղեցնում է մկանային զանգվածի աճը՝ խթանելով ցելյուլիտի զարգացումը։
- Քաշի կտրուկ փոփոխություններ,
- ջրազրկում,
- օրգանիզմում ճարպի ընդհանուր կուտակում,
- ժառանգականություն,
- հղիություն։
Ցելյուլիտը դրսևորվում է մի քանի աստիճաններով՝
1-ին աստիճան –հանգիստ ժամանակ մաշկը հարթ է, երևում է միայն մաշկը սեղմելիս,
2-րդ աստիճան – հանգիստ ժամանակ մաշկը հարթ է, կանգնած վիճակում փոսիկները նկատելի են,
3-րդ աստիճան – տեսանելի է միշտ։
Ցելյուլիտի դեմ պայքարի միջոցները
Իրականում այս վիճակն առանձնակի բուժում պահանջող խնդիր չէ, սակայն եթե անհանգստացնում է էսթետիկ տեսանկյունից, ապա առաջարկվում են տարբեր միջոցներ, որոնք կարող են թեթևացնել ցելյուլիտի դրսևորումները։ Մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին։
Տեղային օգտագործման միջոցներ
Ցելյուլիտի նվազեցման նպատակով առաջարկվում են քսուկներ ու գելեր, որոնք այնպիսի բաղադրիչներ են պարունակում, ինչպիսիք են ռետինոլն ու կոֆեինը։ Ռետինոլը նպաստում է մաշկի ամրացմանն ու կոլագենի արտադրությանը, իսկ կոֆեինը՝ ճարպի քայքայմանն ու արյան շրջանառության լավացմանը։ Սակայն հետազոտությունները նշում են, որ այս բաղադրիչների ազդեցությունը թույլ ու կարճաժամկետ է։ Այնպես որ, այդ տեսակի քսուկներից հրաշքներ սպասել պետք չէ։
Մերսումներ
Մերսման հատուկ մեթոդները ցելյուլիտի բուժման ամենահին եղանակներից են։ Սովորաբար օգտագործվում են վակուումային սարքեր կամ գլանակներ՝ մաշկը և դրա տակ գտնվող ճարպային հյուսվածքը մերսելու համար։ Այդ մեթոդները դրական արդյունքներ տալիս են, սակայն՝ ժամանակավոր։
Էնդերմոլոգիան ևս մերսման հատուկ մեթոդ է ցելյուլիտի բուժման համար, որն օգտագործում է դրական և բացասական ճնշման համադրությունն ու վակուումային ազդեցությունը՝ ճարպային բջիջները տեղաշարժելու համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շաբաթը երկու անգամ իրականացվող 15 սեանսը (յուրաքանչյուրը՝ 35-40 րոպե տևողությամբ) կարող է զգալիորեն բարելավել ցելյուլիտի արտաքին տեսքը։ Սակայն այս բուժման երկարաժամկետ ազդեցությունը դեռևս անհայտ է։
Լազերային բուժում
Ցելյուլիտի բուժման համար օգտագործվող լուսային և լազերային թերապիան աշխատում է մաշկի որոշակի հատվածի վրա ջերմային էներգիայի ազդեցությամբ: Դա խթանում է կոլագենի արտադրությունն ու բարելավում արյան շրջանառությունը: Սակայն այս մեթոդի երկարաժամկետ արդյունավետության մասին տվյալները ևս սակավաթիվ են։
Ի՞նչ կարելի է անել տանը
- Ֆիզիկական վարժություններ– ամենօրյա կանոնավոր վարժությունները, նպաստելով քաշի նվազեցմանն ու մկանների ամրացմանը, կարող են բարելավել մաշկի արտաքին տեսքը։
- Մաշկի մերսումները՝ խոզանակի, գլանակների, մերսող սարքերի միջոցով, որոնք տալիս են որոշակի արդյունք։
- Սննդակարգը հարստացնել օգտակար ճարպերով, բջջանյութով ու այլ սննդանյութերով հագեցած մթերքներով։
- Օրվա ընթացքում չմոռանալ բավականաչափ հեղուկներ օգտագործել։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Նկարը՝ Պիտեր Պաուլ Ռուբենս, «Պարիսի դատը»

















































