«Երբ ամբողջ աշխարհը մատակարարումների նոր աղբյուրներ, տրանսպորտային նոր միջանցքներ է փնտրում, խոչընդոտ լինել՝ նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ»,-«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ժամանակ «Դեմ առ դեմ Արարատ Միրզոյանի հետ» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ ՀՀ-ն կարող է Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Չինաստանի, հեռավոր Արևելքի հետ․ «Սա կարող է լինել ոչ միայն մեր ինքնությունը փրկելու լուծումը, այլև հավելյալ երաշխիք հետագայում առավել խաղաղ ու բարգավաճ կեցության համար։ Այո, խաղաղությունը կարող է ակնհայտ լուծում լինել, բայց խաղաղություն միայնակ չես կարող կառուցել, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես և ցանկանում ոչնչացնել քեզ։ Պիտի ստեղծել իրավիճակ, որտեղ հարևանները հետաքրքրված են այդ խաղաղությամբ և ապահովում են այն։ Մենք հիմա դա ենք փորձում անել»։
Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ իրական խաղաղություն արդեն ունենք․ «Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի ՀՀ ապրանքների տեղափոխման խոչընդոտը։ Սա արդեն մեկ քայլ առաջ է։ Սկսել ենք երկկողմ առևտուր։ Չենք կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք արյունալի հակամարտություն, վերքերը թարմ են, երկու հասարակություններն էլ իրական հաշտության կարիք ունեն, մասնավորապես՝ հումանիտար հարցերը․ ունենք պահվող անձինք, բայց ուղին լավատեսական է»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ․ «Ընդհանուր առմամբ՝ սահմանը դեռ փակ է։ Երկկողմ պատրաստակամություն ենք արտահայտել դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր պատրաստակամությունն ենք հայտնել լիովին բացել սահմանը, համաձայնություն կար առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների անձանց համար և դիվանագետների համար, բայց առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները՝ մշակվում։ Վստահորեն կարող եմ ասել, որ սա տեղի է ունենալու, քանի որ հայ-թուրքական երկխոսությունը բավարար մակարդակի է հասել դրա համար»։
Հարցին՝ հայկական ռազմավարական ոսպնյակն ինչպիսի՞ն է, նոր հարաբերություններ եք ստեղծում ՌԴ-ի հետ, խորացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Դարեր շարունակ մտածել ենք, որ մեզ պետք է մեծ եղբայր, ընկեր, որը կարող է թշնամական իրավիճակում մեզ պաշտպանել։ Այս տեսակետը փոխվել է․ երբ ժամանակը եկավ և իսկապես մեծ ընկերոջ կարիքն ունեինք, այդ օգնությունը տեղ չհասավ և մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսլականը։ Հիմա ինչ-որ կերպ կարողացել ենք մեր կախվածությունը նվազեցնել քաղաքական, տնտեսական և էներգետիկ առումով։ Դիվերսիֆիկացնում ենք մեր ռազմավարական գործընկերներին»։
Հարցին՝ երբ Հայաստանում արտաքին ձևաչափեր եք մշակում, որքանո՞վ եք հաշվի առնում սփյուռքի կարծիքը, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Սփյուռքում մեր հայրենակիցներն են, բայց պիտի հասկանանք, որ նրանք այդ երկրների քաղաքացիներն են, և նրանց տեսակետերն ուղղակիորեն հնարավոր է չհամընկնեն նրանց՝ այլ երկրներում բնակող հայրենակիցների հետ։ Միգուցե սփյուռքահայերի դիրքորոշումները չհամընկնեն ՀՀ քաղաքացի հայերի կարիքների ու շահերի հետ, որոնց բնակավայրը ՀՀ-ն է։ Սփյուռքահայերի մի զգալի հատվածը Հայոց ցեղասպանության վերապրողների սերունդներն են, պետք է փախչեին, ապաստան հայցեին և կարողանային իրենց կեցությունը հաստատել այստեղից հեռու։ Սփյուռքում շատերը ուզում են տեսնել պատմական Հայաստանը, որը գոյություն ուներ, որ իր փառահեղ, հարուստ անցյալն է ունեցել։ Այսօր դա արդեն երազ է։ Մենք իրական Հայաստանում ենք ապրում, այս տարածաշրջանում, այս հարևանների հետ։ Չենք ուզում հաջորդ տասնամյակները, դարերն ապրել՝ կռվելով հարևանների հետ»։
Տարբեր միջազգային փորձագետներ և լրագրողներ Արարատ Միրզոյանին հարցեր տվեցին, որոնց մեծամասնությունը վերաբերում էր խաղաղության գործընթացին։ Մեկն էլ հետաքրքրվեց՝ գրառումներ անո՞ւմ եք՝ ոնց եք հաստատել խաղաղություն, որ հետո մեզ հետ կիսվեք։
Արարատ Միրզոյանին նաև հիշեցրին՝ խաղաղության համաձայնագիրը վավերացնելու համար Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ն փոխի իր Սահմանադրությունը, այս առիթով նա ասաց․ «Այդպիսի պայման, պահանջ չկա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում։ Դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում, շարունակաբար լսել եմ, որ ասում են՝ պատրաստ չեն վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը։ Մենք կարծում ենք՝ ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին հարցն է։ Հավանաբար սահմանադրական հանրաքվե կունենանք, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք թեմա չէ»։
«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից


















































