Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ գյուղատնտեսական ծրագրերից գումար են կտրում, որպեսզի իշխանությունը միջազգային PR միջոցառում իրականացնի, հասարակությունն իրավունք ունի հարցեր տալու. 168.am

Մայիս 12,2026 17:10 Share

168.am. Փաշինյանի իշխանությունը կրկին բացահայտում է իր իրական դեմքն ու առաջնահերթությունները. այն ժամանակ, երբ երկիրը ծանրաբեռնված է գյուղատնտեսական խնդիրներով, կառավարությունն «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության» համար նախատեսված միջոցները վերցնում է ու ուղղում իշխանության հերթական PR միջոցառմանը։

Կառավարության մայիսի 7-ի նիստով որոշվեց 684 մլն դրամ հատկացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում անցկացնելու համար՝ ինչպես արդեն նշեցինք՝ նույն չափով կրճատելով անասնաբուծության ներդրումային ծրագրերի աջակցությունից։ Ընդ որում, հենց այս ծրագրից միջոցների վերաբաշխում անելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Կառավարության նիստին ներկայացրած տվյալներով՝ միջոցառումը Հայաստանում անցկացվելու է 2026թ. մայիսի 19-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ակնկալվում է շուրջ 400 հյուրի այց 65 երկրից, որոնց թվում՝ լրագրողներ, բլոգերներ, սոմելյեներ ու փորձագետներ։ Համտես-մրցույթին ներկայացվելու են 60-ից ավելի երկրների ավելի քան 8000 գինիներ։ 120 մեծածախ գնորդների և 50 տեղական արտադրողների համար կազմակերպվելու է B2B (բիզնեսը՝ բիզնեսի հետ) հանդիպում։

Այստեղ ամենակարևոր հարցը կայանում է հետևյալում՝ ինչո՞ւ է նույն միջոցառումը Հայաստանում հարկատուների համար արժենալու ավելի քան 1.5 միլիոն եվրո (684 մլն դրամ), այն դեպքում, երբ այլ երկրներում դրա պետական կազմակերպչական հիմնական ծախսերը սովորաբար կազմել են եռակի պակաս` մոտավորապես 400-500 հազար եվրո, և երբեք չեն գերազանցել 600 հազար եվրոն։

Ավելին՝ եթե այլ երկրներում այդ ծախսերը նախատեսված են եղել մոտ 300 հոգանոց ժյուրիի համար (տրանսպորտային, հյուրանոցային, սննդի և հանգստի ծախսերի համար, որոնք կազմում են ընդհանուր ծախսերի զգալի մասը), ապա Հայաստանի դեպքում, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ժյուրիի և հիմնական մասնակիցների թիվը շուրջ 200 է։

Այսինքն՝ մասնակիցներն ավելի քիչ են, բայց գումարը՝ մի քանի անգամ ավելի մեծ։ Հարց է առաջանում, թե ո՞ւր է գնալու այդ տարբերությունը։

Երբ գյուղատնտեսական ծրագրերից գումար են կտրում, որպեսզի իշխանությունը միջազգային PR միջոցառում իրականացնի, հասարակությունն իրավունք ունի ոչ միայն հարցեր տալու, այլ նաև կասկածելու, որ իրական նպատակը ոչ թե Հայաստանի շահն է, այլ իշխանության քաղաքական վերարտադրությունը։

Քանի դեռ կառավարությունը չի ներկայացրել յուրաքանչյուր դրամի ծախսման հստակ և մանրամասն հաշվետվություն, քանի դեռ չի բացատրել, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի դեպքում այդ միջոցառման կազմակերպումը սովորականից երեք անգամ թանկ է, այս պատմությունը շարունակելու է ընկալվել ոչ թե որպես ազգային հաջողության նախագիծ ու հայ գինեգործների համար միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն, այլ որպես հարկատուների հաշվին վճարված՝ իշխանության հերթական թանկարժեք քարոզչական արշավ։

Արմինե Վարդանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031