ՄԻԵԴ-ը 2026 թվականի ապրիլի 2-ին կայացրել է վճիռ «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ արձանագրելով, որ պետությունը չի կատարել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կյանքի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունը և չի ապահովել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն։ Դատարանը բավարարել է դիմումատուի 2016 թվականի մարտի 25-ի ներկայացրած գանգատը՝ հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում թե՛ նյութաիրավական, թե՛ ընթացակարգային առումներով։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2011 թվականին զինծառայող Հ. Խ․-ի մահվանը։ Զինծառայողը, ով ունեցել էր առողջական խնդիրներ և տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վարակվել էր ջրծաղիկով, որտեղ, սակայն, պատշաճ միջոցներ չէին ձեռնարկվել ջրծաղիկի վարակի տարածումը կանխելու համար։ Բժշկական անձնակազմի թերացումների, ուշացած ախտորոշման և մասնագիտացված հիվանդանոց ժամանակին չտեղափոխելու հետևանքով զինծառայողի վիճակը կտրուկ վատացել էր, և նա մահացել էր բազմաօրգանային անբավարարությունից։
Դիմումատուի շահերը ՀՀ ներպետական դատարաններում և Եվրոպական դատարանում ներկայացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներգրավել է փաստաբան Մուշեղ Շուշանյանին, որն էլ ներկայացրել է գործը Դատարանում։
Գործի քննությունը ներպետական մարմիններում ուղեկցվել էր անհիմն ձգձգումներով և տուժողի իրավահաջորդի կարգավիճակը դադարեցնելու փորձերով։ Ի վերջո, 2017 թվականին քրեական վարույթը կարճվել էր վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ՄԻԵԴ-ը որակել է որպես պետական մարմինների անգործության հետևանք և արդյունավետ քննության ձախողում։
Կարդացեք նաև
Կայացված վճռով ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում դիմումատուին վճարել ընդհանուր 32,500 եվրո, որից 30,000-ը՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, իսկ 2,500-ը՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։


















































