AntiCor– Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն գործած քաղաքացի Արմեն Հովհաննիսյանի դեպքը վերածվել է Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ ծանրագույն հարցադրումների։ Տեղի ունեցածը այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես առանձին ողբերգություն կամ բացառիկ միջադեպ։ Խոսքը պետական ուժի կիրառման, քրեական դատավարական մեխանիզմների անհամաչափ օգտագործման և իրավական ամենաթողության վտանգավոր դրսևորման մասին է։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը» հոդվածով։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը իրավապահ համակարգի կողմից որակվել էր որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում։
Սակայն այստեղ առաջանում է հիմնարար իրավական հակասություն։
Վարչական իրավախախտումը վերածվել է քրեական հետապնդման
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11 հոդվածը հստակ նախատեսում է նախընտրական քարոզչական պաստառների վնասման կամ պոկման պատասխանատվությունը՝ որպես վարչական իրավախախտում։ Օրենսդիրը նման արարքի համար սահմանել է վարչական պատասխանատվություն, և այն չի դասել քրեական հետապնդում ենթադրող արարքների շարքին։
Այդ պայմաններում քաղաքացու նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնումը, առավել ևս՝ ձերբակալումը, առաջացնում են իրավաչափության լրջագույն հարցեր։ Առավել կարևոր է այն հանգամանքը, որ հրապարակված տեղեկություններով՝ Արմեն Հովհաննիսյանին նույնիսկ մեղադրանք ներկայացված չի եղել, սակայն նա արդեն իսկ ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ։
Այսինքն՝ մարդը փաստացի զրկված է եղել ազատությունից այնպիսի իրավիճակում, երբ անգամ մեղադրանք չէր առաջադրվել, իսկ հիմքում ընկած արարքը օրենսդրությամբ նախատեսված է որպես վարչական իրավախախտում։
Ապօրինի ձերբակալության հնարավոր հատկանիշները
Տեղի ունեցածը արդեն առաջացնում է ոչ միայն կարգապահական կամ ծառայողական, այլ նաև հնարավոր քրեական պատասխանատվության հարց հենց իրավապահ համակարգի ներսում։
Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածին՝ «Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը»։
Հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը քրեորեն պատժելի արարք է։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավել խիստ պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության։
Այսինքն՝ եթե վարչական բնույթի արարքի պայմաններում անձի նկատմամբ կիրառվել է ապօրինի ձերբակալում, իսկ դրա հետևանքով տեղի է ունեցել ինքնասպանություն, ապա առաջանում է ոչ միայն քաղաքական կամ բարոյական, այլ նաև ուղղակի քրեաիրավական պատասխանատվության հարց։
Ձերբակալումից մինչև հոգեբուժարան
Ոստիկանության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Արմեն Հովհաննիսյանը գտնվել է Արտաշատի համայնքային ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Մայիսի 16-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, նրա մոտ արձանագրվել է «հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ», ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, և նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն։
Ավելի ուշ՝ ժամը 18։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Այս ամբողջ շղթան՝ վարչական բնույթի արարքից մինչև քրեական վարույթ, ձերբակալում, պահման վայր, հոգեբուժարան և վերջնական ողբերգություն, առաջացնում է պետության գործողությունների համաչափության և օրինականության վերաբերյալ ծայրահեղ ծանր հարցադրումներ։
Ընտրական գործընթացներում ուժային մեթոդների վտանգը
Հայաստանի ընտրական գործընթացներում վաղուց ձևավորվել է վտանգավոր մի իրականություն, երբ իրավապահ համակարգը հաճախ գործում է ոչ թե օրենքի սահմաններում, այլ քաղաքական և ցուցադրական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Ընտրական գործընթացների ժամանակ ցանկացած իրավախախտում հաճախ վերածվում է ուժային արձագանքի ցուցադրության։
Սակայն իրավական պետությունում քրեական արդարադատության մեխանիզմները չեն կարող օգտագործվել որպես հոգեբանական ճնշման գործիք, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական իրավախախտմանը։
Երբ քաղաքացուն նախընտրական պաստառ պոկելու համար տեղափոխում են Քննչական կոմիտե, պահում ձերբակալվածների պահման վայրում, ապա հոգեբուժարան, իսկ վերջում արձանագրվում է ինքնասպանություն, հասարակության մեջ ձևավորվում է ոչ թե օրենքի ուժի, այլ պետական ուժի անվերահսկելիության ընկալում։
AntiCor-ի դիտարկումը
Արմեն Հովհաննիսյանի ողբերգական մահը հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում իրավապահ համակարգի ինստիտուցիոնալ խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Երբ վարչական իրավախախտման դեպքում կիրառվում են քրեական հետապնդման մեխանիզմներ, իսկ դրա հետևանքը դառնում է մարդու կյանքը, խոսքն արդեն ոչ թե առանձին սխալի, այլ իրավական պետության հիմքերի խարխլման մասին է։
Այս դեպքը պահանջում է ոչ թե ձևական ծառայողական ստուգումներ, այլ լիարժեք, անկախ և հանրային վստահություն վայելող քննություն՝ իրավապահ մարմինների բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների հնարավոր քրեաիրավական գնահատմամբ, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածի շրջանակներում։


















































