Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

30 հազար բնակչից 614-ը․ Ալեքսանդրապոլում ոչ բոլորն ունեին ընտրելու իրավունք, գլխավորը ունևոր լինելն էր

Մայիս 16,2026 22:02 Share

Գյումրիում այսօր մեկնարկել է թանգարանային գիշերը՝ մշակութային տարբեր միջոցառումներով՝ ժողովրդական երաժշտությամբ ու դասական համերգներով, հայկական ազգային պարերով, վարպետաց դասերով, անհատական ցուցահանդեսներով։ Մինչև կեսգիշեր քաղաքի բոլոր թանգարանների դռները բաց են լինելու այցելուների համար։

Այսօր բոլոր թանգարանները լեփ-լեցուն էին թե՛ քաղաքի բնակիչներով, հատկապես դպրոցի աշակերտներով, թե՛ դրսից եկած հյուրերով։ Բացառություն չէր նաև Գյումրու քաղաքապետարանի ներքնահարկում գործող «Կումայրի պատմամշակութային արգելոց -թանգարանը», որի ցուցասրահում այսօր բացվեց գյումրեցի նկարիչ Սամվել Սևադայի գեղանկարչական 80 ստեղծագործություններից բաղկացած անհատական ցուցահանդեսը, որը թանգարան էր բերել ոչ միայն գյումրեցի մտավորականներին, այլ բազում զբոսաշրջիկների։

«Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանում» կա «Տեղական ինքնակառավարման» սրահ, որը հարուստ է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխների, քաղաքային դումայի, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների մասին բացառիկ էքսպոնատներով։

Թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 1892 թվականին Ցարական Ռուսաստանում տեղի են ունեցել այսպես ասած հակաբարենորոգումներ՝ կոնտրռեֆորմներ, որոնք, սակայն, անչափ կարևոր են դարձել Ալեքսանդրապոլի համար․ 30 հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներին հնարավորություն է տրվել ընտրել տեղական ինքնակառավարման մարմիններ։

Առաջին ընտրությունները Ալեքսանդրապոլում տեղի են ունեցել 1896 թվականին, որի ժամանակ քաղաքի բնակչությունն ընտրել է քաղաքային դումա։ Քաղաքային դումայի անդամները երկրորդ փուլում ընտրել են քաղաքագլխին ու  նրա երկու խորհրդականներին։

Առաջին ընտրություններում հաղթել է Գեղամ Տեր-Պետրոսյանցը, որը ամուսնանալով Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ և բարերար Դրամփյանի դստեր` Ջավահիրի հետ,  կնոջը  հարսանեկան օժիտ տրված շենքը ծառայեցրել է որպես Ալեքսանդրապոլի քաղաքապետարան։ Այդ շենքը Գյումրիում մինչև օրս հայտնի է որպես «Օժիտի շենք»։

Ինգա Ավագյանի փոխանցմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը կատարվել է սև և սպիտակ քարերի միջոցով, դրանք հաշվել են, այն թեկնածուն, որի օգտին շատ են եղել սպիտակ քարերը, նա էլ ընտրվել է քաղաքագլուխ։

Ալեքսանդրապոլի երկրորդ քաղաքագլուխը եղել է Իոսիֆ կամ Հովսեփ Տիգրանյանը՝ նշանավոր կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի եղբայրը։ Այս երկու քաղաքագլուխներն էլ երկու ընտրաշրջան են ղեկավարել, Իոսիֆ Տիգրանյանին երկրորդ ընտրաշրջանի վերջին տարում նշանակել են Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ ընթացքում Ալեքսանդրապոլի քաղաքագլխի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գերասիմ Կամսարականը։ Երեքն էլ շատ ճանաչված, փայլուն կրթություն ստացած անձինքն են եղել, որոնք բազում բարեփոխումներ են արել քաղաքում։

Ալեքսանդրապոլի քաղաքագլուխներից է նաև Ալեքսանդր Խատիսյանը, որը մի քանի ամիս է պաշտոնավարել, հետագայում՝ նշանակվելով արտգործնախարար, իսկ այդ ժամանակահատվածի վեջին քաղաքագլուխը եղել է Պարույր Լևոնյանը՝ Ջիվանու որդին։

Ուշագրավ է եղել ընտրություններին մասնակցելու կարգը․  քաղաքի բնակիչներից ոչ բոլորին է թույլատրվել մասնակցել ընտրությունների։ Մեծ սահմանափակումներ են գործել․ շուրջ 30 հազար բնակչից ընտրելու իրավունք ունեցել են ընդամենը 614-ը։

«Սահմանափակումները հետևյալն էին՝ 25 տարին լրացած անձը կարող էր մասնակցել ընտրությունների, որոշ շերտեր ընդհանրապես չէին կարող մասնակցել, օրինակ՝ ոստիկանության ներկայացուցիչները, հոգևորականները։

Գլխավորը ունեցվածքային ցենզն էր, 1000 ռուբլու ունեցվածք պետք է ունենայիր, որ թույլատրեին մասնակցել ընտրությունների։ Գումարի չափը կախված էր քաղաքի մեծությունից, տարբեր քաղաքներում տարբեր էր ունեցվածքի չափը, 1000 ռուբլին բավական մեծ գումար էր այդ ժամանակահատվածում, բայց պիտի հարկերը մուծած լինեիր, որ իրավունք ստանայիր ընտրություններին մասնակցելու։

Ըստ այդ, նոսրանում էր ընտրողների թվակազմը։ Շատ մեծ պատիվ էր ընտրական իրավունք ունենալը», -մեզ հետ զրույցում պատմեց թանգարանի գիտաշխատող Օվսաննա Հովհաննիսյանը։

Հետաքրքական է այն, որ թանգարանի տեղական ինքնակառավարման սրահի պատին փակցված է հայտնի կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի դիմումը, որտեղ նա նշում է, որ պարտքեր չունի, հարկերը մուծել է, պարտաճանաչ ալեքսանդրապոլցի է,  իրեն թյուրիմացաբար են դուրս թողել ընտրացուցակից, հետևաբար և խնդրում է վերականգնել իր ընտրական իրավունքը։

Պատին փակցված է  նաև ընտրացուցակ, որտեղ նշված է, թե որ բնակիչը ինչքան կարողություն ունի (Տես ցուցանմուշների լուսանկարներում):

Ըստ թանգարանի ներկայացուցիչների, կանայք ևս ընտրելու իրավունք են ունեցել, սակայն միջնորդավորված, այսինքն՝ իրենց ձայնը տեղ են հասցրել ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների՝ հոր, ամուսնու, որդու միջոցով, որոնք լիազորված անձ էին համարվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Օժիտի շենքի» լուսանկարը՝ Դերենիկ Մալխասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031