Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

«Իրավիճակը շատ նման է նախկինում տեսած «Սու-30ՍՄ» կործանիչների կամ «Օսա-ԱԿ» համակարգերի շուրջ բարձրացված աղմուկին»․ Ֆրանսիան ոչ Հայաստանում, ոչ տարածաշրջանում չունի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ

Մայիս 16,2026 12:30 Share

«Զորահանդեսից հետո այս քարոզչական «էյֆորիան» կանցնի, բայց հիմնական հարցը իմ ու շատերի մոտ բաց կմնա, այն է՝ որքա՞ն ժամանակ սրանք կկարողանան փակել անվտանգային իրական բացերը հանրության աչքերում, եթե ռեգիոնալ ցանկացած փոփոխության պայմաններում մեր սահմանին իրավիճակը փոփոխության ենթարկվի»․ «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։

-2026 թվականի մայիսի 5-ին՝ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պետական այցի ընթացքում, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր», որը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների՝ պաշտպանություն և անվտանգություն, ռազմական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, կիբեռանվտանգություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, կրթություն և մշակույթ։ Միաժամանակ ստորագրվեցին նաև առանձին համագործակցության փաստաթղթեր՝ ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության, AI-ի, կիսահաղորդիչների և կիբեռանվտանգության, ավիացիայի ու ենթակառուցվածքների ոլորտներում։ Քաղաքական մակարդակով սա ներկայացվեց որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների «նոր ռազմավարական փուլ»։ Եթե փորձենք վերլուծել քաղաքական մակարդակի այս նոր՝ ռազմավարական փուլի ազդեցությունը կոնկրետ ռազմական, պաշտպանական և անվտանգային ոլորտների վրա, ի՞նչ կունենանք։

-Տեսե՛ք, քաղաքական հռչակագրերը շատ հաճախ ավելի մեծ սիմվոլիկ կշիռ են ունենում, քան գործնական ազդեցություն «գետնի վրա»։ Հարյուրավոր նման օրինակներ կարող ենք հիշել, և հայ-ֆրանսիական այսպես ասած՝ «ռազմավարական նոր փուլ»-ն այս առումով բացառություն չէ։  Ըստ իս՝ այն ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում, քան իրական ռազմական բաղադրիչ է պարունակում իր մեջ, քանի որ արդեն Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորությունը և տարածաշրջանում ռազմական բազաների բացակայությունը ստեղծում են բնական «աշխարհաքաղաքական վակուում»։  Պարզ է չէ՞, որ առանց փոխօգնության հստակ պայմանագրերի և լոգիստիկ անվտանգ շղթաների նույնիսկ ամենաբարձր տեխնոլոգիական սպառազինությունը մնում է խոցելի և մեկուսացված, իսկ հռչակված համագործակցությունը AI-ի կամ կիսահաղորդիչների ոլորտում դեռևս չունի այն ինստիտուցիոնալ հիմքը, որը կփոխեր ուժերի հավասարակշռությունը հենց այս պահին, նաև տեսանելի ապագայում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ քարոզչական աղմուկն իր ծավալով զգալիորեն գերազանցում է բովանդակային արդյունքներին՝ ստեղծելով սովորական պատրանք, որը չի լուծում Հայաստանի անվտանգային հրատապ խնդիրներն «այսօր» և պահպանում է օբյեկտիվ կախվածությունը երրորդ երկրների լոգիստիկ քմահաճույքներից։ Հետևաբար, Ֆրանսիայի կողմից իրական «սահմանը» հատելու և աղմուկը բովանդակության վերածելու միակ հավաստի ազդակը կլինի ոչ թե հերթական հռչակագիրը, այլ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ստեղծումն ու տեղակայումը այստեղ, ինչը կվկայի տարածաշրջանում Փարիզի երկարաժամկետ և անշրջելի ֆիզիկական ներկայության մասին։ Իսկ մինչ այս պահը նման պատկեր չունենք Հայաստանում և ողջ տարածաշրջանում։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մայիսի 28-ին զորահանդեսին կտեսնեք, թե Ֆրանսիան ի՞նչ է արել Հայաստանի համար։ Տեղեկություններ ունե՞ք, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ արդյունավետություն ունեցող զենք-զինամթերք է Ֆրանսիան տրամադրել Հայաստանին։

-Ձեր նշած զորահանդեսին ֆրանսիական սպառազինության սպասվող ցուցադրությունը չպետք է շփոթել բանակի մարտունակության «որակական թռիչքի» հետ։ Այս իրավիճակը շատ նման է նախկինում տեսած «Սու-30ՍՄ» կործանիչների կամ «Օսա-ԱԿ» համակարգերի շուրջ բարձրացված աղմուկին, երբ սպառազինության առանձին միավորների առկայությունը ներկայացվում էր որպես անվտանգային լուրջ երաշխիք, բայց իրական մարտական գործողությունների ժամանակ դրանք կամ չկիրառվեցին, կամ չունեցան անհրաժեշտ արդյունավետությունը։ Ցանկացած զենք, որքան էլ ժամանակակից լինի, առանց գործնական-մարտավարական փորձարկումների և կանոնավոր մատակարարման շղթաների, ուղղակի թանկարժեք ցուցանմուշ է։

Իրական արդյունավետության հարցում առանցքային «մեխը» ոչ թե զենքի տեսակն է, այլ դրա կիրառման շուրջ ստեղծված համակարգը։ Եթե ֆրանսիական սպառազինությունը չի անցել տեղանքի բնական պայմաններին ու մեր մարտահրավերներին հարմարեցված փորձարկումների փուլ, ապա դրա մասին խոսելիս մենք գործ ունենք ոչ թե ռազմական հզորացման, այլ քաղաքական փիառ ակցիայի հետ։ Հետևաբար, զորահանդեսին ցուցադրվող տեխնիկան, լինի դա «Բաստիոն» զրահամեքենա, թե ֆրանսիական ռադիոտեղորոշիչ կայան, դեռևս պատասխան չի տալիս ամենակարևոր հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու զինամթերքի անընդհատ համալրման և մարտական պայմաններում դրանց տեխնիկական սպասարկման խնդիրը, երբ, էլի եմ կրկնում, մատակարարման ուղիները կախված են երրորդ երկրների քաղաքական կամքից։

Զորահանդեսից հետո այս քարոզչական «էյֆորիան» կանցնի, բայց հիմնական հարցը իմ ու շատերի մոտ բաց կմնա, այն է՝ որքա՞ն ժամանակ սրանք կկարողանան փակել անվտանգային իրական բացերը հանրության աչքերում, եթե ռեգիոնալ ցանկացած փոփոխության պայմաններում մեր սահմանին իրավիճակը փոփոխության ենթարկվի։

-Իլհամ Ալիևի՝ Հայաստանում տեղի ունեցած ԵՄ 8-րդ գագաթաժողովի ժամանակ հեռավար հնչած ելույթը ինչի՞ մասին էր, ձեր կարծիքով։ Ի՞նչ հետևություններ է պետք անել, երբ գագաթաժողովից անմիջապես հետո, դրան մասնակից ԵՄ առանցքային պաշտոնյաների կողմից Բաքուն հռչակվեց «արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկեր»։

-Այդ գագաթաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի հեռավար ելույթը և Բաքվի՝ որպես «հուսալի էներգետիկ գործընկերոջ» վերահաստատումը փաստում են, որ եվրոպական մայրաքաղաքների համար սեփական էներգետիկ ու տնտեսական անվտանգությունը գերակա է, այսպես ասած, տարածաշրջանային ժողովրդավարական արժեքներից։ Ալիևը հրաշալի պատկերացնում է Եվրոպայի խորը կախվածությունը էներգակիրներից և օգտագործում է իր քաղաքական «անձեռնմխելիությունը»՝ թելադրելով իր բարձր գինն ու լռեցնելով հնարավոր քննադատությունները։ Այս համատեքստում Երևանում անցկացվող սիմվոլիկ գագաթաժողովները, որքան էլ հագեցած լինեն «դրական» հռետորաբանությամբ, բախվում են այն իրողությանը, որ այսօր Բաքուն եվրոպական տնտեսության համար դարձել է կենսական անհրաժեշտություն, ինչը նրան թույլ է տալիս ուժի դիրքերից խոսել թե՛ Հայաստանի, թե՛ հենց ԵՄ-ի հետ։

-Ի դեպ, իբրև այդ գագաթաժողովում հնչած հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանը ՌԴ-ից սկսում է վերջնագրեր ստանալ՝ կողմնորոշվելու, ապահարզանի տեսքով։

-Անկեղծ ասած, որքան էլ տարբեր փուլերում Ռուսաստանի կողմից կոշտ հռետորաբանություն հնչի Հայաստանի իշխանությունների հասցեին, և որքան էլ ակնառու լինի աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունը Հարավային Կովկասում, շատ հարցեր ու դրանց իրական պատասխանները մնում են «կադրից դուրս»։

Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ եթե անգամ ԵՄ-ի և նրա առանձին անդամների ակտիվությունը տարածաշրջանում ընդգծված անհանգստացնում է Մոսկվային, ապա հակառակ կողմից՝ Հայաստանն այսօր այն եզակի հարթակներից է, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է շրջանցել որոշակի պատժամիջոցներ և լուծել իր առջև ծառացած կենսական խնդիրները։ Տնտեսական այս փոխկախվածությունը հաճախ ավելի խոսուն է, քան քաղաքական հայտարարությունները։

Չեմ կարող պնդել՝ արդյո՞ք սա վերջնական քաղաքական «ապահարզան» է, թե՞ ոչ, բայց մենք նմանատիպ դիսկուրսների ու լարվածության ալիքների բազմիցս ենք ականատես եղել։ Հետևաբար, այս պահին զերծ կմնամ վերջնական գնահատականներ տալուց՝ թողնելով դա ժամանակի և իրադարձությունների հետագա զարգացումների ընթացքին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031