Անհավատալի է, բայց՝ փաստ. հայ ժողովրդի նորօրյա ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան (Ղարաբաղյան) ազատամարտի ժամանակներից հազիվ 40 տարի անց գտնվել է մի մարդ, ով կասկածի տակ է դնում 1988-ի համահայկական զարթոնքի ու հաղթանակների պանծալի դյուցազներգությունը: Նրա համոզմամբ՝ «Արցախյան շարժումը ճակատագրական սխալ է եղել Հայաստանի համար»։ Եթե նմանօրինակ եզրակացության հանգեր, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ադրբեջանցի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ կարելի էր չզարմանալ: Բայց սույն «հանճարեղ» մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակում երկու ժամկետ պաշտոնավարած եւ երրորդ ժամկետի համար էլ հայտ ներկայացրած վատահամբավ անձը:
Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության առաջադրած թեկնածուն, որն այդ օրը Սյունիքում էր, փոխանակ ժողովրդի դատին ներկայացնելու կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղպայմանագրի» ծրագրահենքը, ճանապարհային քարտեզը եւ ապագայի տեսլականը, անդրադարձել է սիրած թեմային՝ նախկիններին, որոնք, ըստ նրա, 1988-ից սկսյալ, ժողովրդին տարել են սխալ ուղղությամբ։ Արցախը, Նիկոլ Փաշինյանի դատողությամբ, երբեք չի եղել հայկական տարածք, եւ հայերն անիմաստ կամ, ինչպես բնորոշում է Նիկոլ-Աննա անհասկանալի զույգը, հանուն ոչնչի պայքարել են դրա համար։ Բնականաբար՝ նման պնդումներն արժանահավատ չեն եւ ոչ մի քննադատության չեն դիմանում:
Քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ Արցախը հայկական տարածք է, պարզապես համարում է այն վիճելի հարց, քանի որ Ադրբեջանը դրա հետ համաձայն չէ։ Հետեւապես՝ հարցը,- սա արդեն հայտնի է բոլորին,- մտավ միջազգային օրակարգ, տեղի ունեցավ հարցի միջազգայնացում, ստեղծվեց Մինսկի խումբ՝ երեք համանախագահով եւ այն 20 տարուց ավելի գործեց հենց այդ սկզբունքով։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալ էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, սխալվել էր ողջ Արեւմուտքը, Ռուսաստանի Դաշնությունը, սխալվել էր ողջ Արեւելքը։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհը սխալվել է, եւ միայն ենոքավանցի Նիկոլն է ճիշտ։ Սա կատարյալ անհեթեթություն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































