Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ծիծաղելի է պարտված Հայաստանին ասել՝ այ եթե սահմանը չբացես, կկործանվես. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում քարոզարշավ է անում

Մայիս 16,2026 15:40 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն ասաց, որ Մարգարա խոշորացված համայնքից ուզում են ուղերձ հղել բոլոր այն մարդկանց, որոնք որոշակի մտահոգություններ ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ։

«Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել, ինչպես Կարպիս Փաշայանն է ասում, երկնային Երուսաղեմի դարպասներ։ Մեր հարեւան պետությունն է։ Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները  պետք է բացվեն։ Մենք գիտենք, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել։ Եվ արդեն հստակ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, իսկ Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմաններն ավելանում են, եւ այս սահմանն էլ չի բացվում»,-նշեց  Էդմոն Մարուքյանը։

Նրա ձեւակերպմամբ, մինչև սահմանի ֆիզիկական բացումը պատրաստվում են Ազգային ժողովում ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու են ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը։ «Լուսավոր Հայաստանի» լիդերը շեշտեց, որ ցանկանում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց միեւնույն ժամանակ չենք կարող մեր բոլոր ռազմավարական օբյեկտները դնել վտանգի տակ:

«Մեր քարոզարշավն այնպես է դասավորվել, որ անցնում ենք բոլոր այն տեղերով, որտեղ ծառայել եմ: Գնում ենք Երասխ, որտեղ մարտական հերթապահություն եմ իրականացրել, այստեղ 4 ամիս եմ ծառայել, մնում է գնանք Ֆիզուլի, պարոն Մարուքյան»,-ասաց Կարպիս Փաշոյանը: «Ֆիզուլի չեմ խոստանում, բայց Ագարակ, Մեղրի գնալու ենք, որտեղ ես եմ ծառայել»,-արձագանքեց Մարուքյանը:

Դառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Կարպիս Փաշոյանը նշեց. «Սա իսկապես շատ մեծ եւ շատ բարդ թեմա է, իմ կարծիքով ավելորդ դրամատիզացված եւ չափազանցված: Սա էլ երեւի Ժիրայր Լիպարիտյանի թեթեւ ձեռքով, որովհետեւ անընդհատ մեր երիտասարդությանը քարոզվել է, որ եթե սահմանը բացվի, մենք կփրկվենք, որ եթե սահմանը բացվի, տնտեսական թռիչք կարձանագրենք, մենք չենք կարող ապրել շրջափակումների պայմաններում…

Այս խոսակցություններն, իհարկե, իմաստ եւ նպատակ ունեին այն ժամանակ,  որոնց ես էլ եմ հավատացել, դուք էլ, երբ կար Արցախը, երբ մենք հաղթած էինք, երբ զբաղեցնում էինք 7 շրջանները եւ ունեինք բանակցությունների լուրջ առարկա, բայց հիմա պարտված, ծեծված, ջարդված Հայաստանին բերել ու ասել՝ այ եթե սահմանը չբացես, կկործանվես, ծիծաղելի է, հատկապես, երբ ամբողջ պատասխանատվությունը բարդում են հայ մարդկանց վրա:

Ասում են՝ այ տես, դու նայում ես Արարատին, դրա համար սահմանը չի բացվում, Թալինում կամ Արմավիրում, հատուկ այդ համայնքներն եմ ասում, որովհետեւ իրենց նախնիները սասունցիներ են, ասում են՝ այ եթե դուք հիշեք ձեր էրգիրը, Արեւմտյան Հայաստանը, ձեր տատերի, պապերի ցեղասպանությունը հիշեք, հայ-թուրքական սահմանը չի բացվի: Իսկապես այս սահմանի նշանակությունը շատ է չափազանցված, սրա տակ ուզում են ինչ-որ աշխարհաքաղաքական բովանդակություն դնել, հայ-թուրքական հարաբերությունները հակադրել հայ-ռուսական հարաբերություններին…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031