Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվերջ վերադարձ»․ Գյումրին հեղեղված է Սամվել Սևադայի վառ գույներով

Մայիս 17,2026 22:31 Share

«Թանգարանների գիշեր» մշակութային միջոցառումը Գյումրիում նշանավորվեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գյումրեցի Սամվել Սևադայի «Անվերջ վերադարձ» խորագիրը կրող գեղանկարչական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացմամբ։

Ցուցասրահը լեփ-լեցուն էր․ տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ թե՛ Գյումրիից և թե՛  Հայաստանի տարբեր տեղանքներից ու արտերկրից եկել էին վայելելու նկարչի վրձնի վառ գույները․ նրանց դատին էր հանձնվել 80 ստեղծագործություններ։

Ինչպես նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդների հարցերով բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը, այդ ցուցասրահում բազմաթիվ ցուցահանդեսներ են բացվել, սակայն այս մեկը բացառիկ է ծավալի առումով՝ 80 կտավներ են մեկտեղվել, որոնք կցուցադրվեն մեկ ամիս շարունակ։

Սամվել Սևադան ասաց․ «Իմ ցուցահանդեսի վերնագիրն ամեն ինչ ասում է՝ «Անվերջ վերադարձ», այսինքն՝ բոլոր գյումրեցիները հեռանալով՝ չեն կտրվում իրենց քաղաքից։ Ես դա գիտեմ բազմաթիվ հանդիպումներից՝ արտերկրում եղած ժամանակներում, այսօր էլ ինձ համար շատ թանկ օր է և մի քիչ էլ վտանգավոր այն իմաստով, որ գյումրեցիները, լինելով  խիստ քննադատական աչքով նայող ժողովուրդ, հնարավոր է և մի ուրիշ աչքով նայեն իմ աշխատանքներին։ Ներող կլինեք, եթե ձեզ ինչ-որ բաներ դուր չգան իմ աշխատանքներից»։

Նա ասաց, որ Գյումրիում սա իր երրորդ ցուցահանդեսն է, մինչ այդ ներկայացրել է աբստրակտ գործեր և լուսանկարչական աշխատանքներ։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանն էլ իր ելույթում հիշեցրեց, որ Սամվել Սևադան նաև չքնաղ բանաստեղծ է ու խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նրա կտավների խոսուն վերնագրերին, որոնք ընտրված են իր բանաստեղծությունների տողերից։ Նրա ամեն մի աշխատանքը, ըստ Սուսաննա Մկրտչյանի, սիրո մի դրվագ է, կտավներում աղջիկները մեծամասամբ մեջքով են պատկերված, սակայն զգում ես նրանց հայացքը, զգացմունքները։

«Այսօր մենք հյուրընկալել ենք Սամվել Սևադային, բայց կներեք, չենք հյուրընկալել, Սամվելն այսօր իր տանն է, այն քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել է, որտեղ անցել են իր պատանեկան տարիները, հետագայում ճակատագրի բերումով հեռացել է երկրից, ըստ իր ցուցահանդեսի վերնագրի՝ վերադարձել է և վերադառնում է անընդհատ, որովհետև կոպիտ համեմատություն պետք է անեմ, միշտ հանցագործը  վերադառնում է իր հանցանքի վայրը։

Նա չի կարող թողնել Գյումրին, չի կարող թողնել Հայաստանը, Սամվել Սևադան իր էությամբ երկու սիրո արանքում է գտնվում․ ընտանիքն ԱՄՆ-ում է գտնվում, անչափ  գեղեցիկ ու ջերմ ընտանիք, բայց ինքը չի կարող ո՛չ այնտեղ մնալ, ո՛չ այստեղ մնալ։ Այնպես որ այս ամբողջ ցուցադրությունը բաղկացած է հուշերից, կարոտից, կարոտը սիրուց է ծնվում, և այս բոլոր աշխատանքները իրենց մեջ կարոտ են կրում»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը։

Նա նաև ասաց, որ Սամվել Սևադան իր հայրենի քաղաքում ցուցահանդես բացելիս՝ երեխայի նման հուզվում է, երեկվանից ոչինչ չի կերել,  մեծ պատասխանատվություն է զգում։

Ճանաչված հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանն էլ իր ելույթում ասաց, որ ինքն ու Սամվել Սևադան վաղուց են ճանաչում իրար, մտերիմ ընկերներ են։

«Այդքան ժամանակ մտածել եմ, թե մեզ ինչն է կապում, կարծում եմ՝ մեզ կապում է Գյումրիի նկատմամբ կարոտը։ Ես Սամվելի արվեստանոցում շատ եմ եղել, տեսել եմ այս գործերը որտեղ են ծնվել, դա շատ էական է և համոզվել են, որ ամենաբարդն արվեստում քթի մազ լինելն է։

Սամվել Սևադան այդպիսին է, ինքը ցույց չի տալիս, թե ինչքան է տանջվել գործի վրա։ Հետո մի առավելություն ունի Սամվելը, եթե գույնից, կտավից հոգնում է, տեղափոխվում է բառերի աշխարհ, բառերից է հոգնում, գալիս է կտավի աշխարհ, դրա համար է նա այս տարիքում այսքան առույգ և կենսուրախ է»,-նրան այսպես բնութագրեց Նվեր Մնացականյանը։

Նշենք, որ 1949 թվականին ծնված  Սամվել Սևադան 1989 թվականից մինչև 2006 թվականն ապրել է ԱՄՆ-ում։
1996 թվականին հրավիրվել է հայրենիք, երկու տարի շարունակ աշխատել որպես Երևանի գլխավոր նկարիչ։

2006 թվականին բացել է իր նկարչական դպրոցը Երևանում։

Նա 30 անհատական ցուցահանդեսներ է բացել աշխարհի տարբեր երկրներում, 4 բանաստեղծական գրքերի հեղինակ է։

Այժմ դասավանդում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031