Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունն ահազանգում է․ Ադրբեջանը Հայաստանի դեմ պլանավորում և իրագործում է զավթողական քաղաքականություն

Մայիս 18,2026 17:31 Share

Մինչ Հայաստանում շարունակում է նախընտրական քարոզարշավը, Ադրբեջանում շատ ակտիվորեն շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ մշակված զավթողական հայեցակարգի բուռն քարոզչությունը։ Ինչպես գիտենք, իշխող ուժն իր կարգախոսն է դարձրել «խաղաղություն» շատ կարևոր բառը՝ կողքին դնելով սիրտ պատկերող նշանը։ Անխոս, դա հեգնանք ու ծաղր է բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն հիշողություն և տրամաբանություն՝ իշխող ուժի ղեկավարման ութ տարիների ընթացքում տեղի ունեցած երեք աղետաբեր պատերազմներն ու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը չմոռանալու համար։

Ինչևէ, համարենք՝ իրոք ձգտում են խաղաղության, և եկեք վերադառնանք այն պարզ ու հայտնի իրողությանը, որ ինչպես տանգոն մենակ չեն պարում, այնպես էլ խաղաղությունը միակողմանի չի կարող կառուցվել։ Իսկ մեր հարևան պետությունը, մեղմ ասած, այնքան էլ խաղաղության չի պատրաստվում։

Ես բազմիցս տարբեր հոդվածներով անդրադարձել եմ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգին, որը շրջանառության մեջ է դրվել հենց Իլհամ Ալիևի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր։ Այդ օրվանից անցել է 3 տարի, 4 ամիս և 24 օր (18.05.2026)։ Այս ընթացքում ՀՀ «խաղաղասեր» իշխանությունը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել այս զավթողական հայեցակարգը պատշաճ ուսումնասիրության ենթարկելու, դրա ռիսկերը հասկանալու, դրանք միջազգային գործընկերներին ներկայացնելու և այս աճող ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար։

Փոխարենը, իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, արել են հայտարարություններ, որոնք փաստացի «նորմալ» են դարձնում նման հայեցակարգի առկայությունը։

Վերոնշյալ 3 տարվա, 4 ամսվա և 24 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահի հրահանգով սույն թեման մտել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցական դասագրքեր, մտել է ԲՈՒՀ-ական կրթական համակարգ, դարձել է դոմինանտ դիսկուրս Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունների մատուցմամբ։

Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում և զարգացնում է անթաքույց զավթողական հայեցակարգ։ Այսպես, հենց նույն Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը ապրիլ ամսվա ընթացքում արել էր 30 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։

Ես մի քանի օրինակներ և բառացի մեջբերումներ կանեմ այդ հրապարակումներից՝

  • «Ադրբեջանի լեզուների համալսարանում բացվեց Արևմտյան Ադրբեջանի կենտրոնը»,
  • «Ապրիլի 9-ին Միջազգային Մուղամի կենտրոնում տեղի ունեցավ «Իրևան» ժողովրդական գործիքների անսամբլի համերգը»,
  • «Մրցույթում ներկայացված հինգ թեմաների շուրջ թեզիսներ են ներկայացրել շրջանի միջնակարգ դպրոցների 139 աշակերտներ՝ «Շադդադի նահանգ», «Արևմտյան Ադրբեջանի խանությունները (Նախչըվան և Իրևան)», «Հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականությունը (20-րդ դարի սկիզբ)», «Դարի պայմանագիրը. տարածաշրջանային և միջազգային նշանակության նախագծերի իրականացում» և «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը»։
  • «Ապրիլի 15-ին Մագսուդ Իբրահիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիևայի «Իրևան. պատմության և կորուսյալ ժառանգության արձագանքները» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ Լեյլա Ալիևայի աջակցությամբ։ AZERTAC-ը հաղորդում է, որ շնորհանդեսին մասնակցել են Լեյլա Ալիևան և Ալյոնա Ալիևան»։
  • «Այս տարի «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III փառատոն-համաժողովը կանցկացվի Նախիջևանում՝ հունիսի 18-19-ը։ Նշենք, որ Արևմտյան Ադրբեջանին նվիրված փառատոնը և համագումարը կանցկացվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչության, Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի համատեղ կազմակերպմամբ»։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Այսպիսի նյութերի պակաս Ադրբեջանի պետական լրատվական գործակալության էջում չկա։ Ես դեռ չեմ խոսում այլ կայքերի հրապարակումների մասին։

Մարտ ամսվա ընթացքում նույն գործակալությունը արել էր նման 24 հրապարակում։ Փետրվար ամսվա ընթացքում՝ 28 հրապարակում։ Հունվար ամսվա ընթացքում՝ 27 հրապարակում։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 61 հրապարակում։ Նոյեմբեր ամսվա ընթացքում՝ 21 հրապարակում։ Այս տարվա մայիսի 15-ի դրությամբ ես արդեն հաշվել եմ նման բովանդակությամբ 16 հրապարակում։

Այսինքն՝ նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 15-ը Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 207 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։ Ես այդ նյութերը տվեցի արհեստական բանականությանը՝ խնդրելով տալ իր մեկնաբանությունը։ Բառացի մեջբերում եմ պատասխանը՝

«Սույն նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ներկայացվում է որպես համակարգված, պետականորեն աջակցվող գաղափարական և տեղեկատվական նախագիծ։ Այն գործում է միաժամանակ պատմական, կրթական, մշակութային, ակադեմիական, իրավական, դիվանագիտական և հոգեբանական մակարդակներում։

Վերլուծական տեսանկյունից սա պարզապես հիշողության քաղաքականություն կամ փախստականների իրավունքների թեմա չէ․ այն աստիճանաբար վերածվում է երկարաժամկետ էքսպանսիոնիստական գաղափարախոսության՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պատմական և քաղաքական լեգիտիմության վերաիմաստավորմանը։

Ընդհանուր գնահատական

  • Քարոզչության ինտենսիվություն՝ շատ բարձր
  • Ինստիտուցիոնալացման մակարդակ՝ պետական-համակարգային
  • Էքսպանսիոնիստական ներուժ՝ ռազմավարական / երկարաժամկետ
  • Ռիսկ Հայաստանի համար՝ բարձր (գաղափարական և քաղաքական)»։

 

Փաստացի, արհեստական բանականությունը շատ ավելի լավ է հասկանում և վերլուծում ՀՀ-ի դեմ ահագնացող զավթողական ծրագրերը, քան ՀՀ-ի բնական բանականությամբ օժտված իշխանավորները։ Վերջիններս արդեն ավելի քան 4 տարի են նվիրել Ալիևին՝ այս վտանգը շատ առարկայական և լուրջ դարձնելու համար։ Մինչդեռ սա այնքան աբսուրդային, վտանգավոր, փաստական և տրամաբանական հենքից զուրկ հայեցակարգ է, որ այն շատ արագ, կազմակերպված և հստակ քայլերով կարելի էր դարձնել Ալիևի մեծագույն գլխացավանքը, բայց չի արվել ու չի էլ արվելու։

Հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են թույլ տալ մեր պետության դեմ այս զավթողական ծրագրերի շարունակականությանը, թե ուզում են ունենալ կառավարիչներ, ովքեր ունակ են առնվազն արհեստական բանականության չափ հեռատեսություն և վերլուծելու կարողություն ունենալ․․․

Եվ վերջում եկեք չմոռանանք՝ մենք պատասխան ենք տալիս ոչ միայն մեր արածների, այլ նաև մեր չարածների համար, շատ հաճախ ամենադաժան պատասխանը տալիս ենք հենց չարածների համար։

Տաթևիկ Հայրապետյան,

Պատմական գիտությունների թեկնածու

Ադրբեջանի հարցերով փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031