Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, որ այս օրերին մտել է վճռական փուլ, ցավոք, հաճախ դուրս եկավ եւ դուրս է գալիս քաղաքական առողջ մրցակցության սահմաններից՝ վերածվելով փոխադարձ ատելության, թշնամանքի եւ հասարակության պառակտման վտանգավոր գործընթացի։
Հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։ Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և քաղաքական հարթակները վերածվել են ատելության խոսքի տարածման վայրերի, որտեղ փաստարկված բանավեճի փոխարեն գերիշխում են պիտակավորումը, կեղծ մեղադրանքներն ու մարդկանց միմյանց դեմ տրամադրելու փորձերը։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները ոչ թե նույն ժողովրդի զավակներն են, նույն պետության քաղաքացիները, որոնք պարզապես տարբեր պատկերացումներ ունեն երկրի ապագայի վերաբերյալ, այլ իրար բզկտելու պատրաստ թշնամական ճամբարներ։
Այս մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Այն միայն ավելի է խորացնելու առանց այդ էլ ահավոր չափերի հասնող հասարակական պառակտվածությունը, թուլացնելու է պետությունը եւ խաթարելու ազգային համերաշխությունը։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, որ հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե` նոր ցնցումներ, նոր ատելություն, առավել եւս՝ նոր ողբերգություններ։ Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1»։
Կարդացեք նաև
Ուշքի եկեք, սիրելի քաղաքական ուժեր, քանի դեռ ուշ չէ։ Մղեցեք թեժ, բայց սկզբունքային քաղաքական պայքար՝ գովաբանելով ձեր ծրագրերը, ներկայացնելով ձեր տեսլականը եւ համոզելով քաղաքացիներին, որ հենց դուք եք ի վիճակի լավագույնս կառավարել Հայաստանը։ Քննադատեցեք ձեր մրցակիցներին, բացահայտեցեք նրանց սխալները, եթե անպայման ուզում եք` օգտագործեք նաեւ կոշտ եւ կծու լեզու, բայց մի՛ զրպարտեք, մի՛ անվանարկեք, մի՛ տարածեք ատելություն եւ մի՛ պառակտեք մեր ժողովրդին։
Հայաստանը բոլորիս երկիրն է։ Եւ ընտրություններից հետո մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, նույն քաղաքներում կամ գյուղերում, քայլել նույն փողոցներով, ունենալ նույն հայրենիքն ու պետությունը։ Հետեւաբար քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման։ Այն պետք է լինի գաղափարների, ծրագրերի, արժեհամակարգերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական թշնամանքի պատերազմ։
Այս առումով պատասխանատվության բաժին ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթի որակը ձեւավորվում է երկուստեք վարքագծով։
Բնականաբար իշխանությունը կրում է առավել բարձր պատասխանատվություն եւ պարտավորություն, քանի որ տիրապետում է պետական, վարչական ու իրավական լծակների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պետական ու հանրային շահի, այլ նաեւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչի դրսեւորումները, ցավոք, նկատվում են Հայաստանում։
Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով, համեմատելով ու գնահատելով քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ներկայացված ծրագրերն ու դրանք (գոնե մասամբ) իրագործելու հնարավորությունները։
ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Մի՛ տրվեք ատելության քարոզին, կամա թե ակամա մի՛ դարձեք կեղծիքի տարածողներ, մի՛ կորցրեք մարդկային ու ազգային արժանապատվությունը քաղաքական նախասիրությունների պատճառով։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց մնալ իրար հարգող քաղաքացիներ, որովհետեւ, վերջիվերջո, բոլորիս նպատակը պետք է լինի մեկ բան՝ խաղաղ ու անվտանգ, արդար ու ուժեղ Հայաստան ունենալը։


















































