Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ Արցախին, Հայոց ցեղասպանությանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը, որին մասնակցեցին գիտության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան հեղինակները, խմբագիրները և առանձին գիտնականներ։
Միջոցառման ընթացքում Ս․ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց․ «Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը՝ հիմնված Վատիկանի գաղտնի արխիվային վավերագրերի վրա, ևս մեկ անգամ փաստական ուժով հաստատում է մարդկության դեմ իրականացված մեծագույն ոճրագործություններից մեկի իրականությունը։ Այս աշխատությունն առանձնահատուկ արժեք ունի այն իմաստով, որ նոր փաստաթղթային հենք է ավելացնում ցեղասպանության միջազգային ճանաչման և գիտական ընկալման գործընթացին՝ դառնալով հիշողության պահպանման կարևոր աղբյուր։
Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» աշխատությունը բացահայտում է այն ողբերգական իրականությունը, որտեղ եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց էր, այլ նաև սոցիալական և մարդասիրական աջակցության առանցք։ Գաղթականության պատմության և եկեղեցու դերակատարության համադրումը մեզ հիշեցնում է, որ ազգային գոյատևման ծանրագույն պահերին հենց հոգևոր կառույցներն են կրել ժողովրդի ուսերին ծանրացած բեռը։
Կարդացեք նաև
Կարեն Մաթևոսյանի և Թամարա Մինասյանի պատկերազարդ ուսումնասիրությունը Արցախի վանքերի, եկեղեցիների և ձեռագրերի մասին, իր հերթին, բացահայտում է հայկական մշակութային ժառանգության անգնահատելի շերտեր՝ ընդգծելով Արցախի հոգևոր և գրավոր մշակույթի դերը համազգային ինքնության պահպանման գործում։
Արմինե Տիգրանյանի ուսումնասիրությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացին, խիստ արդիական է։ Այն փաստագրում է ոչ միայն մշակութային կորուստները, այլ նաև միջազգային իրավական համակարգերի արձագանքի խնդիրները՝ բարձրացնելով մշակութային իրավունքների պաշտպանության հրատապ հարցը։
Մեր ուսումնասիրությունը՝ «Սուրբ Էջմիածնի դերը 16–17-րդ դարերի ազատագրական պայքարում», վերահաստատում է եկեղեցու ոչ միայն պատմական առաքելությունը որպես ազգային համախմբման, գաղափարական առաջնորդության և ազատագրական շարժումների հոգևոր հիմքի կրող, այլև՝ արդի ժամանակաշրջանում, քանզի ընդհանրացրած կարող ենք փաստել, որ հայ ազատագրական պայքարը չի ավարտվել, այն այսօր ևս շարունակվում է։
Այս բոլոր աշխատությունները միասին ձևավորում են մեկ ընդհանուր գաղափարական դաշտ, որտեղ պատմությունը, հիշողությունը և ինքնության պաշտպանությունը փոխկապակցված են։ Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր աշխարհաքաղաքական և մշակութային մարտահրավերների առաջ, նման ուսումնասիրությունները ոչ միայն գիտական արժեք ունեն, այլ նաև ազգային ինքնագիտակցության ամրապնդման կարևոր գործիք են։
Այս առիթով առանձնահատուկ երախտագիտությամբ և խոնարհումով ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրա հայրապետական օրհնությամբ, մշտական հոգածությամբ և հետևողական աջակցությամբ է գործում Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը՝ իրականացնելով այն կարևոր առաքելությունը, որի շնորհիվ գիտական և հոգևոր արժեքները հասանելի են դառնում թե՛ մասնագետներին, թե՛ լայն հանրությանը։ ․․․․
Այսօր ներկայացվող գրքերը ևս այդ շարունակական աշխատանքի վկայությունն են՝ ծնված նույն հոգատար միջավայրում, որտեղ գիտական պատասխանատվությունը զուգորդվում է հոգևոր առաքելության գիտակցությամբ։ Այդ միջավայրի ձևավորման մեջ անուրանալի է Նորին Սրբության դերակատարությունը՝ որպես հոգևոր առաջնորդ, որը մշտապես կարևորել է գիտության, մշակույթի և ազգային ինքնության ամրապնդման գործը»։
Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։
Միջոցառումն ավարտվեց գինեձոնով։
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


















































