Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկդ փախնի՝ ես ձեզ մեջքից կխփեմ»․ Զոհված հերոս Սիփանի խոսքը դիրքում

Հունիս 02,2026 22:30 Share

Տան մի անկյունում դրված լուսանկարներն արդեն Ադրիանայի առօրյայի անբաժանելի մասն են դարձել։ Երկուամյա փոքրիկն ամեն առավոտ արթնանալուց հետո մոտենում է եղբոր նկարներին, բարևում, համբուրում, ապա վազում մայրիկի գիրկը։

Լուսանկարներում 44-օրյա պատերազմի հերոս Սիփան Սողոմոնյանն է։ Փոքրիկ Ադրիանան եղբորը ճանաչում է ընտանիքի պատմություններից ու լուսանկարներից, սակայն այդ կապը տանը զգացվում է ամեն օր՝ սիրո, կարոտի ու հիշողությունների միջոցով։

Սիփանի մայրը՝ Կարինե Մայրանյանը, պատմում է, որ որդու կորստից հետո երկար ժամանակ չէր կարողանում պատկերացնել, թե երբևէ կրկին մայրանալու ուժ և ցանկություն կգտնի իր մեջ, սակայն ներսում զգում էր, որ դստերը՝ Միլենային, քույր կամ եղբայր էր պետք։

«Մոտ երկու տարի պայքարել եմ։ Ամեն անհաջող փորձից հետո չէի հանձնվում, նորից էի փորձում։ Մի օր բժիշկն ասաց, որ գուցե դա տարիքից է, և ես արդեն սկսում էի համակերպվել այդ մտքի հետ։ Բայց հենց դադարեցրի դեղերը, հաջորդ ամիս պարզվեց՝ հղի եմ։ Երևի Սիփանս օգնությամբ ամեն ինչ լավ ընթացավ», – պատմում է տիկին Կարինեն՝ ավելացնելով, որ փոքրիկի խնամքի հարցում իրեն շատ է օգնում դուստրը։

Նա ասում է՝ որդու ներկայությունն իր կյանքում երբեք չի դադարել։

«Ամեն առավոտ ասում եմ՝ «Բարև, Սի՛փ ջան», ամեն գիշեր՝ «Բարի գիշեր»։ Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտեղի՞ց ինձ այդքան ուժ։ Հետո հասկանում եմ՝ Սիփանս է ինձ ուժ տալիս։ Ինձ համար նա անցյալ չէ ու երբեք չի դառնա։ Մենք նրան մեր կյանքից չենք առանձնացնում․ մեզ հետ է արթնանում, մեզ հետ քնում, մեր բոլոր ուրախություններն ու տոները մեզ հետ է ապրում»,– ասում է մայրը։

Սիփանը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ընտանիքը փորձել է համոզել, որ գոնե Ամանորը տանը անցկացնի, հետո մեկնի ծառայության, սակայն նա չի համաձայնել․ «Մա՛մ ջան, շուտ գնամ ու գամ։ Այդ երեք օրը ոչինչ չի փոխելու»,– պատմում է տիկին Կարինեն՝ հավելելով, որ վիճակահանությամբ Սիփանի ծառայության վայրը դարձել էր Մատաղիսը։ Մայրը հիշում է՝ երդմնակալության օրը հարյուրավոր զինվորների մեջ որդուն ճանաչել էր միայն ժպիտից։

«Այդ պահին հասկացա, որ նա այլևս այն երեխան չէ, որ գնացել էր բանակ։ Արդեն տղամարդ էր դարձել»,– պատմում է նա։

Սիփանը մանկուց զբաղվել էր սպորտով։ Ութ տարեկանից մարզվել էր, իսկ ութերորդ դասարանից հետո տեղափոխվել էր օլիմպիական քոլեջ։ Մասնակցել էր բազմաթիվ մրցաշարերի՝ արժանանալով մեդալների ու պատվոգրերի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Սակայն, ինչպես հիշում է մայրը, երբեք չէր սիրում ցուցադրել իր հաջողությունները։

«Մեդալները միշտ բերում էր ու հանգիստ մի կողմ էր դնում։ Երբ ասում էինք՝ ցույց տուր, ուրախանանք, պատասխանում էր՝ «Կարևորը բերել եմ, մնացածը պետք չէ»»,– ասում է նա։

Սպորտից բացի, Սիփանի մեծ սերը մեքենաներն էին։ Երազում էր «Նիվա» ունենալ։ Լավ վարորդ էր և հաճախ ասում էր, որ ծառայությունից վերադառնալուց հետո տուն է գնելու։

«Ասում էի՝ երբ տուն առնես, մի սենյակ էլ ինձ համար կունենաս, որ ինձ էլ հետդ տանես»,– հիշում է մայրը։

Պատերազմի օրերին Սիփանը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր ընկերներին ու դիրքին։ Զինակիցներից մեկը հետագայում պատմել է, որ ամենածանր պահերին անգամ նա գրպանից հանում էր օծանելիքն ու կատակով «դուխի» անում տղաներին։ Երբ զինվորներից մեկը առաջարկել է փախչել, Սիփանը կտրուկ պատասխանել է․

«Մեկդ փախնի՝ ես ձեզ մեջքից կխփեմ»։

Այդ օրվանից մայրը խոստովանում է՝ այլևս երբեք «փախնել» բառը չի օգտագործում որդու մասին խոսելիս։

Սեպտեմբերի 26-ին Կարինե Մայրանյանը համացանցում տեղեկություններ էր կարդացել սահմանային շարժերի մասին և անհանգստացած զանգահարել որդուն։ Սկզբում Սիփանը չէր պատասխանել, սակայն ավելի ուշ հետ էր զանգել ու վստահեցրել, որ ամեն ինչ կարգին է։ Այդ երեկո նա զանգահարել էր իր ամենասիրելի մարդկանց՝ պապիկին, քրոջը, հորաքրոջը և մտերիմ ընկերոջը։

Ընտանիքը քաղցրավենիք էր պատրաստել՝ հաջորդ օրը Սիփանին ուղարկելու համար։ Սակայն սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան պարզվել էր՝ պատերազմ է սկսվել։ Այդ պահից Սիփանը այլևս տուն չի զանգահարել։ Մայրը համոզված է՝ որդին պարզապես չէր կարող ստել ու ասել, թե ամեն ինչ լավ է։ «Ընկերներին ասել էր՝ չեմ կարող ծնողներիս հետ խոսել, որովհետև խաբել չեմ ուզում»,– պատմում է նա։

Սիփանը զոհվել է սեպտեմբերի 28-ին՝ Մատաղիս–Թալիշ ճանապարհահատվածում։ Նահանջի ընթացքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վնասվել էին «Ուրալ» մակնիշի մեքենաները, որոնցից շատ զինվորներ չեն հասցրել դուրս գալ։ Սիփանը վիրավորվել է և տեղափոխվել Մատաղիս, սակայն ստացած թոքի ծանր վնասվածքի հետևանքով կյանքը փրկել հնարավոր չի եղել։

«Երեխաս անգամ դեմքին մի խազ չուներ…»,– ասում է մայրը՝ հավելելով, որ որդու զոհվելու մասին տեղեկությունը իմացել են համացանցում հրապարակված զոհվածների անունների ցանկից։

«Ամեն քայլ անելուց առաջ երկար եմ մտածում՝ ինչպես նա էր ամեն բան անում՝ զգուշությամբ ու պատասխանատվությամբ։ Այդ հիշողությունն ինձ միշտ ուղեկցում է, օգնում է ապրել ավելի գիտակցված»,– ասում է տիկին Կարինեն, ապա ավելացնում․ «Ամենից շատ ուզում եմ, որ մարդիկ հասկանան խաղաղության արժեքը։ Պետք է մի պահ վերև նայեն ու գիտակցեն, թե որքան կյանքեր մնացին անավարտ, և գնահատեն ու արժանի ապրեն իրենց բաժին կյանքը»։

 

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930