Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվերսիֆիկացում առանց պատրանքների․ Հայաստանը՝ Եվրամիության շուկայի և ռուսական գործոնի միջև

Հունիս 23,2026 09:30 Share
Armen martirosyan

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի առևտրային պատժամիջոցների տակ և պարտադրված է արագ դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական քաղաքականությունը։ Ուստի, նպատակահարմար է տալ ոչ թե «նոր կուրսի» քաղաքականապես մոտիվացված գնահատականը, այլ դրա իրագործելիության անաչառ վերլուծությունը։ Այս առումով էական է Վրաստանի և Մոլդովայի փորձը, քանի որ այս երկու երկրի նկատմամբ էլ տարիներ առաջ Մոսկվայի ձեռնարկած «պատժիչ» քայլերին ի պատասխան՝ ԵՄ-ն գործադրել է առևտրային և ֆինանսական աջակցության այլընտրանքային գործիքակազմ։  Արձանագրենք, որ Վրաստանի և Մոլդովայի տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ կառուցված են Ասոցացման  և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի հիման վրա, և դրանք ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու այս երկրների փորձը ցույց է տալիս ոչ միանշանակ պատկեր։

Մոլդովային արդեն զգալի չափով հաջողվել է իր արտաքին առևտուրն ուղղել դեպի Եվրոպա․ 2024-ին ԵՄ-ին բաժին էր ընկնում նրա արտահանման 67,3%-ը, մինչդեռ ԱՊՀ երկրների մասնաբաժինը կրճատվել էր մինչև 6,8%։ 2025-ին այս միտումը պահպանվել է․ արտահանումը դեպի ԵՄ կազմել է մոտ 2,55 մլրդ դոլար կամ Մոլդովայի ամբողջ արտահանման 67,5%-ը։ Այս արդյունքը հնարավոր դարձավ ԵՄ կարգավորիչ նորմերի երկարատև և ծախսատար քայլերի, ինչպես նաև եվրոպական մատակարարման շղթաներում մոլդովական արտադրողների աստիճանական ներգրավման շնորհիվ։

Դեպի ԵՄ շուկա իր արտահանումը վերաուղղելու Վրաստանի ջանքերն անհամեմատ համեստ արդյունքներ են տվել. եվրոպական ուղղությունը ոչ միայն լիարժեք չփոխարինեց ռուսական շուկային, այլև իր դինամիկայով զգալիորեն զիջեց դրան։ Այսպես, եթե դեպի ՌԴ Վրաստանի արտահանման ծավալը 2020-ի 441 մլն դոլարից 2024-ին հասավ  682 մլն դոլարի, ապա Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ ԵՄ-ի մասնաբաժինը, հակառակը, էապես կրճատվեց՝ 2020-ի 21,5%-ից 2024-ին հասնելով 8,7%-ի։ Այս միտումն առավել նկատելի դրսևորվեց ագրոպարենային ոլորտում․ 2024-ին Վրաստանի ագրոպարենային արտադրանքի արտահանման 37%-ը բաժին է ընկել ՌԴ-ին, իսկ ԵՄ-ին՝ ընդամենը 11%-ը։ Նույնիսկ 2025թ. եվրոպական մասնաբաժնի մասնակի վերականգնումից հետո (մինչև 12,0%), ԵՄ-ն վրացական արտահանման համար մնացել է պակաս կարևոր ուղղություն, մինչդեռ ռուսական շուկան շարունակում է պահպանել զգալիորեն կայուն նշանակություն։ Այլ կերպ ասած, ԵՄ-ի հետ Վրաստանի ինստիտուցիոնալ ինտեգրման՝ Հայաստանի և Բրյուսելի հարաբերությունների մոդելի համեմատ, էապես ավելի խոր մակարդակը չի հանգեցրել ռուսական շուկայի արդյունավետ փոխարինմանը եվրոպականով։

Վրացական փորձը պետք է դիտարկել ևս մեկ կարևոր հանգամանքի հաշվառմամբ․ ԵՄ-ի հետ DCFTA-ից բացի, Վրաստանը 2018-ից ազատ առևտրի համաձայնագիր ունի նաև Չինաստանի հետ։ ԵԱՏՄ անդամ երկրները, մասնավորապես՝ Հայաստանը, չինական հսկա շուկա մուտքի դրանից բխող արտոնություններ չունեն։ Ուստի նույնիսկ նման առևտրային համաձայնագրերի լայն ցանցի առկայության պայմաններում ռուսական շուկան շարունակում է Վրաստանի համար մնալ նշանակալի։

Առանձնակի ուշադրության է արժանի լոգիստիկ գործոնը։ Մոլդովան Ռումինիայի միջոցով ունի ցամաքային սահման ԵՄ-ի հետ, և դա էապես նվազեցնում է բեռնափոխադրումների արժեքն ու ժամկետները, հատկապես սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի դեպքում, որտեղ վճռորոշ են առաքման արագությունը, ջերմային ռեժիմի պահպանումը և ապրանքի ծագման հետագծելիությունը։ ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանը հեշտացնում է ոչ միայն ԵՄ շուկա ֆիզիկական մուտքը, այլև արտադրողների աստիճանական ներգրավումը եվրոպական մատակարարման շղթաներում։

Լոգիստիկայի առումով Վրաստանը բավականին համադրելի է Հայաստանի հետ։ Վրաստանը՝ չունենալով ցամաքային սահման ԵՄ-ի հետ, մեծապես կախված է սևծովյան երթուղիներից, նավահանգստային ենթակառուցվածքներից և Թուրքիայի տարանցիկ միջանցքներից։ Այս ամենն արտահանումը դեպի ԵՄ դարձնում է ավելի ծախսատար, ժամանակատար և պակաս կանխատեսելի, հատկապես շուտ փչացող ապրանքների պարագայում։ Այսինքն՝ ԵՄ-ի հետ Մոլդովայի առևտրի նկատելի աճը մեծապես պայմանավորված է աշխարհագրական առավելությամբ, որը չունեն ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը։ Ուստի, ՀՀ արտադրողների համար շուկաների դիվերսիֆիկացման հեռանկարները պայմանավորող հիմնական գործոնների դիտարկումը վեր է հանում այս գործընթացն առավել սթափ գնահատելու անհրաժեշտությունը։

Հայկական ծագման սննդամթերքի և գյուղարտադրանքի առանձին կատեգորիաների համար ԵՄ շուկա մուտքի դյուրացումն ունի կարևոր քաղաքական հնչեղություն, սակայն առաջիկա երկու-երեք տարիներին դրա կայունացնող ազդեցությունը չպետք է գերագնահատել։ Խոստացված սակագնային նվազեցումն ինքնին չի երաշխավորում մուտք եվրոպական շուկա․ հայ արտադրողները պետք է ապահովեն համապատասխանություն ԵՄ-ի խիստ ֆիտոսանիտարական, տեխնիկական և սերտիֆիկացման պահանջներին՝ հաշվի առնելով նաև լոգիստիկ սահմանափակումները, հատկապես արագ փչացող գյուղարտադրանքի դեպքում։ Անշուշտ, երկարաժամկետ հեռանկարում եվրոպական ուղղությունը կարող է դառնալ դիվերսիֆիկացման կարևոր մաս, սակայն կարճաժամկետ հեռանկարում այն հազիվ թե փոխարինի արդեն յուրացված ռուսական շուկային։

Ստեղծված պայմաններում կարճաժամկետ աջակցության առավել արդյունավետ գործիքներ կարող են լինել ոչ միայն առևտրային արտոնությունները, այլև տուժած արտահանողներին տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունը։ ԵՄ-ն ՀՀ-ին այն պետք է տրամադրի ոչ թե վարկերի, այլ դրամաշնորհների ձևով, քանի որ խնդիրը կապված է ավանդական շուկա մուտքի սահմանափակմամբ պայմանավորված չնախատեսված կորուստների փոխհատուցման հետ։ Հիմնական հարցը, հետևաբար, այն է, թե ԵՄ գործընկերները, մեզ համար նոր շուկայի հեռանկար նշմարելով, արդյո՞ք պատրաստ են հոգալ մեր երկրի արտաքին քաղաքական վերաուղղման հետևանքով գոյացող կարճաժամկետ վնասները։  Միևնույն ժամանակ, հայ արտադրողներին ԵՄ խիստ կարգավորիչ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարությունն արևմտյան գործընկերների հետ համատեղ պետք է տեղական բիզնեսին արագ տրամադրի թիրախային տեխնիկական աջակցություն։

Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմավարական խնդիրը չի սահմանափակվում արտադրանքը ԵՄ շուկա արտահանելով. մտահոգիչ է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը։ Թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունների նախկին մոդելն ունի վերաիմաստավորման կարիք։ Խոսքը, ենթադրաբար, ոչ թե դաշնակցային ձևաչափի վերանայման, այլ դրա ներսում գործակցության բնույթի փոփոխության մասին է։ Արցախի հանձնումը և դրան հաջորդած տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունը թուլացրել են հայ-ռուսական հարաբերություններին բնորոշ աստիճանակարգված կառուցվածքը։ Ստեղծված պայմաններում Հայաստանն անմնացորդ նետվեց օգտագործելու արտաքին քաղաքական մանևրի ազատված տարածությունը, մինչդեռ Ռուսաստանը ստիպված եղավ հարմարվել այն իրողությանը, որ ազդեցության ավանդական մեխանիզմներն այլևս չեն ապահովում Հայաստանի հետ հարաբերությունների նախկին կառավարելիությունը։

Կայացած ընտրությունների արդյունքով Կրեմլը չի շտապում շնորհավորել Փաշինյանին։ Այս իրավիճակում Երևանի արձագանքը Մոսկվայի «զսպվածությանը» պետք է լինի ոչ թե հուզական, այլ ինստիտուցիոնալ։ ՌԴ-ի «ուղերձը» վստահության խորացող ճգնաժամի ախտանիշ է, բայց ոչ հարաբերությունների հետագա սրման առիթ։ Դաշնակցային շրջանակը պահպանվում է, հետևաբար բոլոր վիճահարույց հարցերը՝ առևտրային սահմանափակումներից մինչև քաղաքական անվստահություն, կարող են քննարկվել երկկողմ և բազմակողմ մեխանիզմների միջոցով։ Խնդիրը՝ Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա դեգրադացիան կանխելն է՝ պահպանելով հաշվարկված և պոռոտախոսությունից զերծ դիվերսիֆիկացման կուրսը։ Ինչ վերաբերում է առևտրային վեճերին, ապա դրանք պետք է քաղաքական-քարոզչական հարթությունից տեղափոխել տեխնիկական՝ դեպի համատեղ ստուգումներ, թափանցիկ ֆիտոսանիտարական ընթացակարգեր, որակի վերահսկման համաձայնեցված չափանիշներ և սահմանափակումների վերացման փոխընդունելի ժամանակացույցի մշակում։

Կարելի է ենթադրել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում հասունացել է համագործակցության նոր բանաձևի ձևավորման անհրաժեշտությունը՝ հիմնված կառավարելի պրագմատիզմի վրա։ Հայաստանի արտաքին քաղաքական կապերի և աջակցության աղբյուրների դիվերսիֆիկացումը կլինի առավել արդյունավետ, եթե այն չուղեկցվի Ռուսաստանի հետ հարաբերություններում անհարկի և հաճախ խորհրդանշական սրացումներով։ Հակառակ դեպքում ԵՄ-ի հետ գործընկերության ընդլայնումը կդառնա ոչ թե ինքնիշխանության ամրապնդման գործիք, այլ դրա թուլացման գործոն՝ ստեղծելով նոր խոցելիություններ պետության և երկրի սոցիալ-տնտեսական ողջ համակարգի համար։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

«Առավոտ» օրաթերթ
23.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930