Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն

Հունիս 26,2026 09:49 Share

Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։

Այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա՝

Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։

Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղղություններով։

Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։

«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել