Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոտ հակահարված Էրդողանին

Հունիս 30,2026 11:00 Share

Պատմությունը՝ արտաքին քաղաքականության գործիք

Արդեն գրեթե երկու տասնամյակ Թուրքիան եւ Իսրայելը պարբերաբար միմյանց մեղադրում են պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ նույնիսկ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Սակայն այդ փոխադարձ մեղադրանքների ամենաուշագրավ շերտը Հայոց Ցեղասպանության թեման է, որը վերջին տարիներին աստիճանաբար դարձավ Իսրայելի գլխավոր քաղաքական հակափաստարկներից մեկն ընդդեմ Անկարայի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական հաճախ իր ելույթներում Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ, Իսրայելի ղեկավարությունն էլ ի պատասխան սկսել է հիշեցնել, որ հենց Թուրքիան է շարունակում ժխտել Հայոց Ցեղասպանությունը։ Այդ հակադրությունն առավել ցցուն դարձավ այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ քաղաքական հարաբերություններում բացելով բոլորովին նոր էջ։ Սակայն արդյո՞ք սա միայն պատմական արդարության վերականգնում է։ Թե՞ Թուրքիայի դեմ կիրառվող քաղաքական լուրջ լծակ է…

Էրդողանի քաղաքական ծուղակը

Ուշագրավ դրվագ էր 2009 թվականի հունվարը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի նիստի հայտնի միջադեպը։ Այդ օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հրապարակային բանավեճը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ շատերը կհիշեն։ Այդ դրվագը հետագայում դարձավ Էրդողանի միջազգային քաղաքական գործունեության ամենահայտնի պահերից մեկը։

2008-ի դեկտեմբերին, 2009-ի հունվարին Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության ավարտից ընդամենը մի քանի շաբաթ անց, Դավոսում՝ «Գազա․ Մերձավոր Արեւելքում խաղաղության հեռանկարները» խորագրով քննարկմանը Պերեսը պաշտպանում էր Իսրայելի գործողությունները եւ խոսում էր մյուս մասնակիցներից զգալիորեն երկար։ Երբ Էրդողանը խնդրեց իրեն հնարավորություն տալ պատասխանելու, մոդերատորը նշեց, որ ժամանակը գրեթե սպառվել է, եւ նրան տրամադրեց ընդամենը մոտ մեկ րոպե։ Դա Թուրքիայի վարչապետի դժգոհության պատճառ դարձավ։ Դիմելով Պերեսին՝ Էրդողանն ասաց. «Երբ խոսքը սպանությունների մասին է, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես պետք է սպանել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք դուք սպանել երեխաներին լողափերում»։ Նա նաեւ նշեց, որ սխալ է համարում Պերեսի ելույթից հետո հնչած ծափահարությունները, քանի որ՝ «շատ մարդիկ են սպանվել»։ Իսկ երբ մոդերատորը կրկին փորձեց ավարտել քննարկումը, Էրդողանն ասաց. «Ինձ համար Դավոսն ավարտվեց։ Ես այլեւս այստեղ չեմ գա»։ Այս խոսքերից հետո նա ցուցադրաբար լքեց բեմը։ Այս դրվագից հետո Թուրքիայում Էրդողանին դիմավորեցին որպես ազգային հերոսի, իսկ արաբական եւ մահմեդական բազմաթիվ երկրներում նրա քայլը լայն աջակցություն ստացավ՝ գնահատվելով որպես միջազգային հարթակում Իսրայելի հասցեին հնչած հազվադեպ բաց եւ կոշտ քննադատության օրինակ։

2014 թվականի հուլիսին, երբ Գազայում ռազմական գործողություններն ինտենսիվ փուլ էին մտել, վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելը «ահաբեկչական պետություն» է եւ Գազայում իրականացնում է ցեղասպանություն։ Դիարբեքիրում նախընտրական հանրահավաքում նա հայտարարել էր, որ ամբողջ աշխարհը լուռ հետեւում է անմեղ պաղեստինցի երեխաների սպանությանը, մինչ Թուրքիան պայքարում է իսրայելական ագրեսիայի դեմ։ Նա մեղադրել էր նաեւ Միավորված ազգերի կազմակերպությանը՝ պնդելով, թե այն միայն ձեւական գործողություններ է իրականացնում եւ իրականում չի կանխում ողբերգությունը։

Սրանք Էրդողանի առաջին նման հայտարարությունները չէին ընդդեմ Իսրայելի։ Դեռեւս 2006 թվականից նա պարբերաբար դատապարտել է Իսրայելի գործողությունները Լիբանանում եւ Գազայում, իսկ 2008-2010 թվականներին արդեն հրապարակայնորեն օգտագործում էր «ցեղասպանություն» ձեւակերպումը։

Հետեւաբար, Էրդողանի ներկայիս բառապաշարը պատահական կամ իրավիճակային չէ։ Այն երկար տարիներ կառուցվել է այն գաղափարի վրա, որ Անկարան կարող է իրեն ներկայացնել որպես մահմեդական աշխարհի գլխավոր պաշտպան եւ պաղեստինյան հարցում՝ հիմնական արդարության ձգտող կողմ։

Սակայն այստեղ ակնառու է բացահայտ ու տրամաբանական հակասություն. այն երկիրը, որն ամենաբարձր մակարդակով խոսում է ցեղասպանության մասին, շարունակում է պետական մակարդակով ժխտել Հայոց Ցեղասպանությունը։ Հենց այս հակասությունն էլ հետագայում դարձավ Իսրայելի գլխավոր քաղաքական հակափաստարկն ընդդեմ Անկարայի։

Իսրայելի հակահարվածը՝ Հայոց Ցեղասպանության հիշատակմամբ

2017 թվականը շրջադարձային մի փուլ էր։ Այն բանից հետո, երբ Էրդողանը կրկին Իսրայելն անվանեց «ահաբեկչական պետություն», Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հրապարակավ արձագանքեց՝ հայտարարելով, որ այն մարդը, որը հերքում է Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, իրավունք չունի Իսրայելին բարոյականության դասեր տալու։ Լապիդը հիշեցրել էր, որ հենց նույն տարում ինքը կոչ էր արել Իսրայելի ղեկավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Նրա հայտարարությունը կարեւոր էր ոչ միայն բովանդակությամբ, այլ նաեւ քաղաքական ենթատեքստով. առաջին անգամ Իսրայելում քաղաքական գործիչը Հայոց Ցեղասպանության հարցը ներկայացնում էր ոչ միայն որպես պատմական արդարության խնդիր, այլեւ որպես Թուրքիայի դեմ քաղաքական հակափաստարկ։

Նույն ժամանակահատվածում արձագանքել էր նաեւ վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Էրդողանին մեղադրելով սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծելու, լրագրողներին բանտարկելու, «Համաս»-ին աջակցելու եւ անմեղ մարդկանց սպանելու մեջ։

Այսինքն, եթե նախկինում պարզապես հերքում էին Թուրքիայի մեղադրանքները, այնուհետեւ դրանք շրջվեցին հենց Թուրքիայի դեմ՝ հիշեցնելով Անկարայի սեփական պատմությունն ու մարդու իրավունքների խնդիրները։

2024թ. հունվարին այդ գիծն ավելի կոշտ դարձավ։ Այն բանից հետո, երբ Էրդողանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կդատապարտի Իսրայելին Գազայի գործողությունների համար, Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանեց. «Այն երկրի նախագահը, որն իրագործել է Հայոց Ցեղասպանությունը եւ մտածում էր, թե աշխարհը կլռի, այսօր պարծենում է նրանով, որ անհիմն պահանջներ է ներկայացնում Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին, քրդերին։ Ձեր պատմությունը խոսում է ձեր մասին»։

Սա արդեն դիվանագիտական պատահական արտահայտություն չէր։ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնական մակարդակով ներառվեց Թուրքիայի դեմ Իսրայելի քաղաքական հռետորաբանության մեջ։

Մի քանի ամիս անց Նեթանյահուն եւս հրապարակայնորեն մեղադրեց Էրդողանին ոչ միայն «Համաս»-ին աջակցելու, այլեւ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար։ Նա ընդգծեց, որ պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը բարոյական քարոզներ չի լսելու այն ղեկավարից, որը չի ճանաչում պատմական ճշմարտությունը, ճնշում է ընդդիմությանը եւ քրդերի նկատմամբ բռնություններ է իրականացնում։

 Թուրքական սպառնալիքը՝ նաեւ Լեռնային Ղարաբաղով

Պակաս ուշագրավ չէր Էրդողանի կողմից մի թեմայով սպառնալիքը Իսրայելի ուղղությամբ, որն, ըստ ամենայնի, կարող էր արդեն լցնել Իսրայելի իշխանությունների «համբերության բաժակը»։ Այդ սպառնալիքների հիմքում արդեն Լեռնային Ղարաբաղի թեման էր ներառվել։

Այսպես, 2024թ. հուլիսին Էրդողանն անդրադառնալով Պաղեստինում եւ Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին, սպառնացել էր Իսրայելին՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել.

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նաեւ Իսրայելի պարագայում։ Ոչ մի անհնարին բան չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք՝ նման քայլերի դիմելու համար»։

Փակուղի Թուրքիայի համար՝ Հոլոքոստի համեմատությամբ

2025-ի ամռանը Էրդողանի հռետորաբանությունը դարձավ ավելի կոշտ։ Նա հայտարարեց, որ Գազայում կատարվողը նույնիսկ գերազանցում է Հոլոքոստի ժամանակաշրջանի բարբարոսությունը, Նեթանյահուին մեղադրեց ցեղասպանության մեջ եւ միջազգային հանրությանը կոչ արեց կանգնել ընդդեմ Իսրայելի։

Այս հայտարարությունից ընդամենը մեկ ամիս անց անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ հենց Նեթանյահուն։ Փոդքասթի ընթացքում, պատասխանելով լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ իսրայելցի ոչ մի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքեց. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։

Այդ հայտարարությունը իրավական առումով, իհարկե, ոչինչ չէր նշանակում, կամ ենթադրում, քանի որ Քնեսեթը նման որոշում չէր ընդունել, սակայն այն այնուամենայնիվ, ցույց տվեց, որ թեման արդեն տեղափոխվել է Իսրայելի իշխանության ամենաբարձր մակարդակ։

Կոշտ մեղադրանքների նոր գագաթնակետը

2026 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահը հերթական անգամ Իսրայելին մեղադրեց Պաղեստինում եւ Լիբանանում վայրագություններ իրականացնելու մեջ եւ սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ դարձյալ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում եւ Լիբիայում Թուրքիայի նախկին գործողությունները։ Այս անգամ Էրդողանը ելույթ էր ունեցել Ստամբուլում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովում, հիշեցրել էր, որ «քաղաքացիական թիրախների վրա հարձակումները 1.2 միլիոն լիբանանցիների ստիպել են լքել իրենց տները»՝ չնայած շարունակվող հրադադարին։

«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նման բան անել Պաղեստինի հետ։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաեւ նրանց հետ։ Չկա ոչինչ, որ մեզ կխանգարի դա անել», հայտարարել էր Էրդողանը։

Իսրայելի ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն խստորեն դատապարտել էր Էրդողանի վերոնշյալ հայտարարությունները՝ նրան մեղադրելով կեղծավորության մեջ։ Նախարարը հիշեցրել էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը, քրդերի նկատմամբ վերաբերմունքը եւ Հայոց Ցեղասպանությունը։ Իսրայելցի պաշտոնյան կոչ էր արել երկրի կառավարությանը վերջնականապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։

Իսկ ահա երեք շաբաթ առաջ՝ հունիսի 10-ին, Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելի քաղաքականությունն արդեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը՝ ընդգծելով, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից, այլ նաեւ Հալեպից, Դամասկոսից եւ Բեյրութից։

Հաջորդ օրը փոխադարձ մեղադրանքները դարձան առավել կոշտ։

Նեթանյահուն Էրդողանին անվանեց «հակասեմիտ բռնապետ», մեղադրեց քրդերի ցեղասպանության, «Համաս»-ին աջակցելու, ընդդիմախոսներին ճնշելու մեջ եւ հայտարարեց, որ հենց նա վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին։ Ի պատասխան Էրդողանը Նեթանյահուին համեմատեց Հիտլերի հետ՝ հայտարարելով, որ Իսրայելը դարձել է «արյունով ու արցունքներով սնվող տառապանքների ֆաբրիկա»։

Այս փոխադարձ մեղադրանքներից օրեր անց իրավիճակն արդեն այլ ուղղությամբ փոխվեց։ Հունիսի 25-ին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը սոցցանցերում իր գրառմամբ հայտնեց, որ կառավարություն է ներկայացնելու Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախագիծը՝ ընդգծելով, որ դա «բարոյական եւ պատմական պարտավորություն» է, իսկ «պատմական ճշմարտության ցանկացած ժխտում պետք է դատապարտվի»։

Երկու օր անց վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ լիովին աջակցում է այս նախաձեռնությանը։ Իսկ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին։

«Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ»,- հայտարարեց Գիդեոն Սաարը՝ այն բանից հետո, երբ երկրի նախարարների կաբինետը միաձայն հավանություն տվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, եւ պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան։ Այն ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանությունը եւ հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումը։ Սա, իմ կարծիքով, մեր, որպես հրեաների, եւ, իհարկե, որպես հրեա ժողովրդի պետության, բարոյական պարտքն է…», նշեց Իսրայելի ԱԳ նախարարը։

Այսպիսով, արձանագրենք, որ Իսրայելում քաղաքական որոշումն ընդունվեց այն պահին, երբ թուրք-իսրայելական հարաբերություններն ապրում էին գրեթե երկու տասնամյակների ամենախորը հրապարակային լարվածության փուլը։

Պաշտոնական Անկարան, բնականաբար, դատապարտեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ Թուրքիան Իսրայելի ղեկավարությանը մեղադրեց՝ «պատմական ու իրավական իրողությունները անտեսելու», «պաղեստինցիների դեմ իրականացրած սեփական գործողությունները քողարկելու ձգտման» մեջ։

Իսկ թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների վրա, սա, թերեւս, մեկ այլ խիստ ուշագրավ թեմա է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ավելի ցավագին են ընդունում Հայոց Ցեղասպանության մասին որեւէ հիշատակում, քան, երբեմն, Թուրքիայում։

Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ քաղաքական ազդեցիկ գործիք

Ակնհայտ է, որ Հայոց Ցեղասպանության թեման միայն պատմաբանների կամ իրավաբանների քննարկման առարկա չէ։ Այն վաղուց է դարձել քաղաքական գործիք։ Թուրքիան, մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ, փորձում է պահպանել իսլամական աշխարհի առաջնորդի իր կերպարը, ամրապնդել դիրքերը արաբական ժողովուրդների շրջանում եւ արտաքին քաղաքական օրակարգը կառուցել Պաղեստինի պաշտպանության շուրջ։ Սակայն այդ ռազմավարությունը մշտապես բախվում է մեկ հիմնարար խնդրի՝ սեփական պատմական պատասխանատվության ժխտմանը։ Հենց այդ հակասությունն է Իսրայելին հնարավորություն տվել Թուրքիայի յուրաքանչյուր մեղադրանքի պատասխանել Հայոց Ցեղասպանության թեմայով։

Իսրայելի համար եւս այս գործընթացը միայն բարոյականության հարց չէ։ Տարիներ շարունակ Իսրայելը խուսափում էր Հայոց Ցեղասպանության ճանաչումից՝ չվտանգելու Անկարայի հետ ռազմավարական հարաբերությունները։

Սակայն Գազայի պատերազմից հետո այդ սահմանափակումների մի մասը, կարծես, վերացվեց։ Հայոց Ցեղասպանության ճանաչումը դարձավ ոչ միայն պատմական արդարության քայլ, այլեւ հստակ քաղաքական ուղերձ Էրդողանին. այն պետությունը, որը ժխտում է սեփական պետության անցյալը, չի կարող միջազգային հանրության առաջ հանդես գալ որպես ցեղասպանությունների դեմ պայքարի գլխավոր դատավոր։

Ուշագրավ է, որ նույնիսկ ամենասուր փոխադարձ մեղադրանքների պայմաններում թուրք-իսրայելական տնտեսական կապերը շարունակում են պահպանվել, ինչը եւս մեկ անգամ փաստում է այդ մասին միջազգային հարաբերությունների գլխավոր օրինաչափությունը. պետությունների քաղաքական հայտարարությունները միշտ չէ, որ համընկնում են նրանց տնտեսական շահերի հետ։ Թուրքիայի ու Իսրայելի իշխանությունները կարող են ամենաբարձր մակարդակով միմյանց մեղադրել ցեղասպանության իրականացման, ժխտման մեջ, սակայն տնտեսական փոխկախվածությամբ պահպանվում է համագործակցության որոշակի մակարդակ։

Վերջին շաբաթների զարգացումները, այնուամենայնիվ, վկայում են, որ իրավիճակը որակապես փոխվել է։ Եթե նախկինում Իսրայելում Հայոց Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները հիմնականում մնում էին խորհրդարանական կամ հասարակական քննարկումների մակարդակում, ապա այժմ նախաձեռնությունը ներկայացվել է հենց կառավարության կողմից, ստացել է վարչապետի աջակցությունը եւ արդեն արժանացել է կառավարության հավանությանը։ Հետեւաբար, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը ստացել է գործադիր իշխանության լիարժեք քաղաքական հովանավորությունը։ Իսկ սա, հստակ է, որ միանշանակ քաղաքական որոշման արդյունք էր։

Եթե հաջորդ փուլում նախագիծն ընդունվի նաեւ Քնեսեթի կողմից, դա իհարկե, կլինի ոչ միայն պատմական արդարության կարեւոր հաղթանակ, այլեւ Թուրքիայի նկատմամբ Իսրայելի ամենաազդեցիկ քաղաքական ուղերձներից մեկը։ Թուրքիայի կողմից Իսրայելին ուղղված ցեղասպանության իրագործման մեղադրանքները բախվելու են Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։

Իսկ այն, որ Թուրքիան այն պետությունը չէ, որը պետք է Իսրայելին բարոյականության դասեր տա՝ նույնպես անվիճելի հակափաստարկ է։ Միջազգային հանրության կողմից վերջին շրջանում Իսրայելի նկատմամբ ձեւավորված բացասական տրամադրվածության պայմաններում անգամ թուրքական պետությունը Իսրայելին մեղադրելու իրավունք ամենեւին էլ ձեռք չի բերել։ Մանավանդ այն պայմաններում, երբ երկու անգամ՝ 2024 թվականի ամռանը եւ այս ապրիլին Էրդողանն անձամբ խոստովանել է, թե Թուրքիան ինչպիսի դերակատարություն է ունեցել՝ Ադրբեջանին աջակցելու գործում՝ Արցախում տեղի ունեցածի առումով։

Այսպիսով, թուրք-իսրայելական ներկայիս հրապարակային բավական սուր հակադրությունն ընթանում է ոչ միայն Գազայի, Սիրիայի կամ Լիբանանի շուրջ։ Այդ պայքարում Հայոց ցեղասպանության թեման հերթական անգամ դարձել է ոչ թե անցյալի, այլ՝ ներկայի քաղաքական ամենաազդեցիկ գործիքներից մեկը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29․06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել