Աննա Վարդապետյանի վճռաբեկ բողոքի դեմ
Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը գրավոր ընթացակարգով քննեց Բենիկ Բալբանյանի գործով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Բողոքը բերվել է ՀՀ վերաքննիչ դատարանի 2024թ. որոշման դեմ։
Բ. Բալբանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել, ընտրվել էր երկու ամսով կալանքը, որպես խափանման միջոց։
Կարդացեք նաև
Համայնքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետը մեղադրվել է կաշառք ստանալու մեջ (ըստ քրեական գործի, տեղաբնակներից մեկի հողամասն աճուրդով, առանց ձգձգումների նրա օգտին օտարելու համար նա ստացել էր երկու հարյուր հազար դրամի կաշառք։ Դրա դիմաց, անձը մասնակցել է համայնքապետարանի աճուրդին և ճանաչվել է հաղթող-Ռ.Մ.)։
Օպերատիվ -հետախուզական լիազորություն ունեցող մարմիններն իրականացրել են «Արտաքին դիտում» և «Ներքին դիտում» միջոցառումներ, կատարել ձայնագրություններ։ Ի դեպ, հեռախոսային ձայնագրություններից մեկի համաձայն, բաժնի պետը իքս-անձից գումար էր խնդրել ավտոմեքենայի վերանորոգման համար։
Կաշառքը, ըստ գործի նյութերի, ստացել էր մեքենայում, իսկ ըստ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշման՝ «Դատարանի /առաջին ատյանի/ տվյալ որոշմամբ որևէ տրանսպորտային միջոցում ներքին դիտում իրականացնելու սանկցիա չի տրվել, այնինչ տրանսպորտային միջոցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիտվում է որպես բնակարան»։
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը փաստել է, որ Բենիկ Բալբանյանին գումար փոխանցելու վերաբերյալ փաստական տվյալ պարունակող միակ փաստաթուղթը «ներքին դիտում»-ի արձանագրությունն է։ Նկատենք, որ առաջին ատյանի դատարանում ներկայացված որեւէ ապացույց անթույլատրելի չի ճանաչվել, այլ արձանագրվել են առերևույթ այն տվյալները, որոնք կարող են ենթադրյալ կաշառք ստանալու հանցակազմի մասին վկայել։
Աննա Վարդապետյանի բողոքում կար այսպիսի հետևություն, թե ՀՀ հակակոռուպցիոն դատարանը նույնացրել է «փաստական տվյալ» և «ապացույց» հասկացությունները, առկա տվյալները գնահատելով ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության համատեքստում, որն այս փուլում անթույլատրելի էր։ Ըստ դատախազի՝ Վերաքննիչ դատարանը ներկայացված նյութերը քննարկման առարկա է դարձրել միմյանցից անջատ, դրանք պատշաճ վերլուծության չի ենթարկել իրենց համակցության մեջ, որի արդյունքում Բալբանյանին ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ հանգել է սխալ հետևության։
Ի դեպ, վերաքննիչ դատարանը փաստել էր, որ գործով անցած երեք վկաների հարցաքննության արձանագրություններն էլ չեն պարունակել որևէ փաստական տվյալ, որը կարող է առերևույթ վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին։
Արձանագրվել էր նաև, որ «աճուրդային փաստաթղթերը չեն պարունակում այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են առերևույթ վկայել մեղադրյալի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու մասին»։
Ըստ Վճռաբեկ դատարանի. «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը»։
Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` որպես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը»։
Վճռաբեկ դատարանը եզրահանգել էր, որ ստորադաս դատարանների «ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն ամրագրող լազերային սկավառակների զննության արձանագրությունները հիմնավոր չեն։
Ինչ վերաբերում էր ընտրված փախանման միջոց կալանքին՝ դատարանները խափանման միջոց ընտրելիս, միջնորդությունը քննելիս «քննարկման առարկա են դարձրել այնպիսի հարցեր, որոնք դուրս են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակից»։
Արձանագրվեց, որ ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանը թույլ է տվել դատական սխալ։
Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. օգոստոսի 1-ի որոշումը։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ակամայից հիշեցի ՀՀ վճ ռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, երջանկահիշատակ Դավիթ Ավետիսյանի հրապարակումներից մեկի («Հիմնավոր կասկածը որպես խափանման միջոցների կիրառման իրավաչափության պայման») այս հատվածը. «Քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դատարանի հետեւությունները կասկածի հիմնավորվածության վերաբերյալ պետք է լինեն պատճառաբանված, այսինքն՝ կասկածը պետք է ունենա որեւէ հիմնավորում: Կասկածը չի կարող հիմնված լինել սոսկ այն հավաստիացման վրա, որ առկա է ստույգ, բայց եւ գաղտնի տեղեկություն: Կալանքի հիմնավորվածության կարեւոր տարրերից են կասկածների արժանահավատությունն ու բարեխղճությունը: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հիմնավոր կասկածը չի կարող հասկացվել վերացականորեն, այլապես այն կիմաստազրկվի՝ չծառայելով իր նպատակին: Եվրոպական դատարանը մշակել է հիմնավոր կասկածի հիմնավորման որոշակի չափանիշ, որը հիմնվում է «փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առա ջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ քրեական գործի քննության փուլերում»։
«Առավոտ» օրաթերթ
30.07.2026


















































