Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը`«հայկական Սոլովյով»

Սեպտեմբեր 09,2015 17:50

«Հեռուստատեսության ամենալավ շրջանը 1988-1992 թվականն էր, երբ ժողովուրդը հեռուստակամրջի միջոցով ռայկոմի քարտուղարին կարողանում էր հարց տալ` ինչո՞ւ է ինքը կաշառակերությամբ զբաղվում: Այսպես է ձեւավորվում հասարակական կարծիքը: Այսպես է հանրային հեռուստաընկերությունը ձեւավորում հասարակական կարծիք»,- այսօր խորհրդարանում խոսելով Հանրային հեռուստաընկերության մասին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Ընդդիմադիր պատգամավորին վրդովվեցրել էր այն, որ դեռ երեք տարի առաջ պատգամավորների մի խումբ հանդիպում է ունեցել Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, քննարկել են հասարակական-քաղաքական հաղորդում ունենալու անհրաժեշտությունը: Ջաղինյանը խոստացել է, որ 3-4 ամսում հաղորդումը կլինի, բայց այն մինչ օրս եթերում չէ:

Այսօր Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ հաղորդումը հավանաբար նոյեմբերին կլինի. «Մինչեւ այս տարվա վերջ ծրագիրը կլինի եթերում, ծրագրի վրա աշխատում են»: Նա երկար պատմում էր, թե ինչ բարդ աշխատանք է դա եւ ինչ մեծ ջանքեր են իրենցից պահանջվում, ծրագրին միս ու արյուն տալու համար:

Սա ավելի վրդովվեցրեց Ռուբեն Հակոբյանին: «Ինձ մի ասեք, որ չենք կարողանում Սոլովյով ճարել, էդ Սոլովյովները միգուցե Հայաստանում են սովորում`գնում»:

Ընդդիմադիր պատգամավորն իր զայրույթը հայտնեց առ այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանը հասցրեց հրաժարվել Եվրոպական ուղղությունից, ընտրել եվրասիական ուղղություն, մինչդեռ մեր հայրենակիցներն այդպես էլ անհաղորդ մնացին ու չիմացան, թե ո՞րն իրենից ի՞նչ է ներկայացնում, առջեւում էլ սահմանադրական փոփոխություններն են, որոնք նաեւ հանրության`հարկատուների հաշվին ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերում չեն քննարկվի: «Բա հասարակական կարծիքը էլ ո՞նց պիտի ձեւավորեք: Ես չեմ կարծում, որ իշխանությանը սա ձեռ է տալիս»,- ասաց նա:

Ողջ ընթացքում, երբ Ռուբեն Հակոբյանը վրդովված քննադատում էր հանրայինի ղեկավարությանն ու մեղադրանքներ հնչեցնում նաեւ իշխանությունների հասցեին, Ռուբեն Ջաղինյանը լռում էր:

Հետո նշեց, թե ինչ բարդ ու երկար ճանապարհ են անցնում, այդ հաղորդմանը հասնելու համար ու երբ այն եթեր գնա`որակական տարբերությունը Հակոբյանը միանգամից կզգա:

Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անընդհատ միջամտում էր Ռուբեն Հակոբյանի խոսքին. «Ո՞վ է թողում, որ անեն: Պիտի թողեն, որ անեն»:

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն էլ կես կատակ, կես լուրջ առաջարկեց, որ «հայկական Սոլովյով» դառնա Ռուբեն Հակոբյանը: Վերջինս հակադարձեց. «Դրա համար մարդն անկուսակցական պիտի լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930