Ջեֆրի Ռոբերտսոն. «ՄԻԵԴ վճիռը նշանակում է, որ ցեղասպանության ժխտման համար մարդիկ կարող են դատապարտվել»

Ջեֆրի Ռոբերտսոն. «ՄԻԵԴ վճիռը նշանակում է, որ ցեղասպանության ժխտման համար մարդիկ կարող են դատապարտվել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել, այսինքն՝  Շվեյցարիան խախտել է Դողու Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Սակայն ՀՀ-ի՝ որպես երրորդ կողմի՝ պահանջները բավարարվել են այն առումով, որ վճռից հանվեն այն արտահայտությունները, որոնք ինչ-որ չափով կարող են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը: Հիշեցնենք, որ թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման:

Փերինչեք

 

Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ գործում նշելով, հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել: Շվեյցարիայի արդարադատության նախարարը մարտին հայտարարեց, որ Շվեյցարիան հակընդդեմ հայցով կդիմի ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը:

Ըստ էության ՄԻԵԴ-ն այսօր կայացրեց կոմպրոմիսային վճիռ, քանի որ վճռից գոհ էին բոլոր կողմերը:

Դատավճռի հրապարակումից հետո Դողու Փերինչեքն ՄԻԵԴ վճիռը պատմական համարեց ու հայտարարեց. «Խոսքի ազատության պաշտպանության եվրոպական ավանդույթներն իմանալով հանդերձ՝ այլ որոշում սպասելի էլ չէր: Մեր վստահությունը եվրոպական դատարանի նկատմամբ ավելի ամրացավ այսօր»:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հայկական պատվիրակության անդամներից միջազգային մակարդակի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը նշեց, որ սա իրականում լավ վճիռ է Հայաստանի համար: Նա, մեկնաբանելով վճիռն, ասաց. «Եվրոպական դատարանը որոշեց, որ հայերն ունեն իրավունք, որպեսզի հարգվի նրանց պատմական անցյալը և վերականգնվի նրանց արժանապատվությունը: Այս վճիռը լիովին նշանակում է, որ ցեղասպանության ժխտման համար մարդիկ կարող են դատապարտվել»:

Ըստ Ռոբերտսոնի՝ պարզապես Շվեյցարիայի դատախազներն են օրենսդրությունը սխալ կիրառել Փերինչեքի նկատմամբ. «Փերինչեքին դատապարտելու հարցում նրանց սխալը նրանում էր, որ Փերինչեքն ամենասովորական պրովոկատորն էր, նրա հայտարարությունները անմիտ ու անարժեք էին, ոչ մի խելամիտ մարդու այդ հայտարարությունները չէին կարող որևէ բան ասել, ուստի դրա համար նրան դատապարտելը եվրոպական դատարանը համարեց սխալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք