Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդդ շնորհավոր, Առավոտ

Հոկտեմբեր 10,1995 15:26

Լույս աշխարհ եկավ «Առավոտի» 200-րդ համարը։ Իհարկե, այն որոշակի փուլ է թերթի կենսագրության մեջ, նրա խմբագրակազմի՝ բարեկամներիս ու գործընկերներիս համար։ Ի տարբերություն մերօրյա բազմաթիվ նորածին ու շատ հաճախ ոչ այնքան հաջող պարբերականների, «Առավոտը» գտավ իր ընթերցողին, իր ուրույն տեղը գրավեց հայաստանյան մամուլի խայտաբղետ համաստեղության մեջ։ Անշուշտ, դա չի նշանակում, որ թերթն անթերի է. այն մշտական որոնման մեջ է, մեկ-մեկ էլ տպագրում է վիճելի նյութեր։ Բոլոր դեպքերում, ցենտրիզմին ձգտող «Առավոտը» ստիպում է մտածել, խորհել, բանավիճել, որոնել յուրաքանչյուր ընթերցողի համար իր ճշմարտությունը:

«Առավոտի» լուսաբացը նախապատրաստվում է երեկոյան: Խոստովանեմ, սիրում եմ այդ ժամերին գալ խմբագրություն: Ահա «խաղացող» խմբագիր Արամ Աբրահամյանը՝ իր կոլեկտիվի շրջապատում, ժպիտը դեմքին թերթի կերտման երկունքի մեջ է: Անհանգիստ է Հենրի Առուշանյանը, գնում-գալիս է, կարգադրություններ տալիս, նայում էջերը: Մտասուզված է Սարո Գյոդակյանը՝ նրան շարունակ թվում է, որ ողջ առաջադեմ մարդկությունը ծագումով գյումրեցի է: Անկյունում լուռ ստեղծագործում է Նարինե Դիլբարյանը՝ գրածն առատորեն համեմելով ժողովրդական ասացվածքներով: Եթե մեր թերթերն ունենային երաժշտական խորհրդանիշ, ապա «Առավոտը» կլիներ «Բիթլզի» երաժշտությունը։ Այդ գործում անուրանալի է էջադրող Ժաննա Հարությունյանի ավանդը։ Նրա թեթեւ ձեռքով բիթլոման է դարձել ողջ խմբագրությունը։ Մեծատաղանդ քառյակի եղանակների ներքո ստեղծագործոդները բարի մարդիկ են. բավական է գրելու պահին տեսնել Հրաչուհի Փալանդուզյանին, որն աշխարհիս բոլոր ցավերն անց է կացնում իր հոգու ու սրտի միջով։ Արուս Ասլանյանն ու Սվետա Հովհաննիսյանը նյութերը մուտքագրելիս դրանց հաղորդում են իրենց հմայքի մի մասը։ Սեփական փորձից ելնելով կարող եմ փաստել, որ նրանք խստապահանջ խմբագիր կարող են լինել։ Էջադրման գործընթացին ուշի-ուշով հետեւում է Վահան Մովսիսյանը. այդ պահին նա հիշեցնում է գործարանի տեխվերահսկողության պետի, որը խստագույն կերպով հսկում է արտադրանքի որակը։ Թերթի կարեւորագույն դեմքերից է Վոլոդյա Պետրոսյանը, որը ոչ միայն լրագրող է ու թողարկիչ, այլ նաեւ ղեկի ու

ավտոշարժիչի վարպետ է, եւ իր ավանդն է ներդնում առօրյա գործերին։ Երվանդ Բոզոյանը, Վահրամ Բրուտյանն ու Գենոֆիա Մարտիրոսյանն այդ պահին խմբագրատանը չեն: Հայաստանի հեռուստատեսության, Շանհայի արվարձանների բնակկոմունալ տնտեսության, Բուրկինա-Ֆասոյի նախադպրոցական կրթության ու Հավայան կղզիներում տեղական ինքնակառավարման հիմնահարցերին հավասարապես քաջածանոթ ու հետեւապես դրանք խոր վերլուծություն տված, երեկոյան նրանք վայելում են վաստակած հանգիստը։

Թող ինձ ներեն «Առավոտի» իմ մյուս բարեկամները, որոնց անունը չտվեցի։ Շնորհավորանքի ծավալն ընդարձակվելու հնարավորություն չի տալիս։

Ծնունդդ շնորհավոր, «Առավոտ»։ Շնորհավորանքներ ու բարի մաղթանքներ բոլոր աշխատակիցներիդ։ Ձեր հաջողությունները՝ մեր հաջողություններն են, ձեր հաղթանակները՝ մեր հաղթանակներն են, իսկ ձեր ստացած հոնորարները…

Տիգրան ԼԻԼՈՅԱՆ

Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի սեփական թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031