Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 12,1998 00:00
Paruyr Hayrikyan

Առաջնորդվելով մամուլի մասին օրենքի հոդված 24-ով՝ «Պարույր Հայրիկյանը վայելում է ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը» հոդվածին («Առավոտ» թիվ 146 (824)) որպես պատասխան, պահանջում ենք տպագրել հետեւյալ նյութը։

Պատասխան Ավետիս Բաբաջանյանին

«Պարույր Հայրիկյանը վայելում է ոստիկանության հատուկ ծառայությունների աջակցությունը» վերնագրով հոդվածը բոլշեւիկյան միջավայրի ծնունդ թղթակցի ծախու գրչի արգասիք է, ինչի մասին վկայում է հոդվածի վերնագիրն իսկ։ Այլապես, իր ստորության աստիճանն անկասկած գիտակցող թղթակիցը պիտի գիտակցեր նաեւ, որ Հայրիկյանին հովանավորելը ոչ թե պարսավելի է, այլ՝ խրախուսելի։ Անցյալում ապազգային ոստիկանության պարտքն էր հետապնդել, ձերբակալել «ազգային» Հայրիկյանին։ Այսօր ազգային ոստիկանության կողմից Հայրիկյանին աջակցելը ողջունելի է, որովհետեւ պաշտպանելով վերջինիս, պաշտպանվում են պետության շահերը։

Հոդվածը սկսվում է այսպես. «Երբ Պարույր Հայրիկյանը մեկ տարի առաջ վերադառնալով ԱՄՆ-ից հայտարարեց…»։ Երբեւէ չենք հիշում, որ այս գրչակը գրած լինի այն մասին, թե երբ Հայրիկյանը վերադարձավ առաջին կալանքից՝ ի՞նչ ասաց, ապա երկրորդ կալանքից հետո՝ ի՞նչ հայտարարեց, կամ թե առաջին անգամ Հայրիկյանը ի՞նչ հանգամանքներում հայտնվեց Միացյալ Նահանգներում։ Լրագրողի կոչումը հեղինակազրկող այս թշվառականը գեթ մեկ անգամ հիշե՞լ է արդյոք, որ իրպեսները ազատորեն գրելու ասպարեզ են ստացել Հայրիկյանի անձնական զոհաբերությունների հաշվին։ Երախտամոռությունը մարդկային արատներից է, սակայն այս դեպքում գործ ունենք պարզ զրպարտության ու կեղծիքի հետ, որի հեղինակը պատասխան պիտի տա օրենքի առաջ։

Հոդվածագիրն այն աստիճան է տարվել սուտ շաղախելով, որ հակասել է ինքն իրեն։ Հորինելով, թե «ընդամենը 60.000 դոլարով Պարույր Հայրիկյանը հնարավորություն ստացավ տիրանալու մի ձեռնարկության, որի իրական արժեքը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է նշված թիվը», այնուհետեւ «պարզում է», որ «գնորդը ոչ թե Հայրիկյանն է, այլ՝ Թոմ Սամվելյանը»։ Հայրիկյանը նպաստել է, որ ավերածության ու թալանի ենթարկվող մի ձեռնարկություն կյանքի կոչվի, ինչը, հաջողության հասնելու դեպքում, մարդկանց կապահովի աշխատատեղերով եւ արտադրությամբ։ Հայրիկյանը ցանկություն անգամ չի հայտնել գնելու հիշյալ ձեռնարկությունը, ուր մնաց, թե հայտարարեր, ինչպես հոդվածագիրն է զառանցում՝ «զաստավիտով կառնեմ»։

Հայրիկյանի բառապաշարում «զաստավիտ» բառը չկա։ «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությունը 3 տարի է, ինչ սեփականաշնորհված է, եւ փոխելով տարբեր գործադիր տնօրեններ ու խորհրդի նախագահներ, բացառապես զբաղված է եղել իր ունեցվածքի վաճառքով։ 60.000 դոլարով ձեռք բերված ֆաբրիկան իրականում այս պահին ունի շուրջ 100.000 դոլարի պարտք, որից միայն էներգետիկայի նախարարությանը՝ 11 միլիոն դրամ (շուրջ 22.000 դոլար)։

Ըստ հոդվածագրի, այդ բաժնետոմսերը նախկինում տնօրինել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի անդամներից ոմն Արմեն Համբարձումյանը։ Կարճամիտ լրագրողին կուզենայինք հղել հետեւյալ հարցը. այդ ինչպե՞ս է, որ ոստիկանական թիկնազորի շարքային ծառայողը կարող էր հսկայական գործարան տնօրինել։ Մինչդեռ առողջ կլիներ, որ նա գրեր. «Դո՛ւք, ոստիկանական նախկին աշխատողներ, ինչպե՞ս եք տեր դարձել այս գործարանին եւ ինչո՞ւ եք թալանել, ընդհուպ մինչեւ (վերջին երկու ամիսների ընթացքում) գործարանի ողջ ալյումինային ունեցվածքը»։ Ծախու գրչակն ու նախկին ոստիկանները նույն կերակրատաշտից են սնվում։ Հայրիկյանին դիմում են հարյուրավոր մարդիկ, եւ Հայրիկյանը զբաղվում է արդարության վերականգնմամբ։

Դա նա արել է մինչեւ խորհրդական դառնալը, անում է նաեւ այսօր, ոչ միշտ՝ հաջողությամբ, սակայն հետեւողականորեն։ Արտասահմանյան ներդնողին խաբելու, երեւանյան խոսքով՝ «գցելու» փորձերը կանխվել են, գիտակցումով, որ այն վտանգավոր է ոչ միայն մարդու իրավունքների խախտման, այլեւ Հայաստանի բարոյական պատկերը պահպանելու տեսակետից։ Հայրիկյանի միջնորդությամբ ներդրում կատարվելուց հետո պորտաբույծի կյանքով ապրելու սովոր մարդիկ ոչ թե կամեցել են աշխատել արտասահմանցիների հետ համատեղ, այլ փորձել են անմիջապես գումար պոկել ու վաճառել գործարանի ունեցվածքը եւ առաջարկել են թալանչիական պայմաններ, այսնիքն՝ 5.000 արժեցող բաժնետոմսերը վաճառել 20.000-ով։

Հայրիկյանը դեմ է եղել այդ անարդար գործարքին, բայց ի վերջո եկել է եզրակացության, որ այդ գումարը մտնում է Հայաստան, եւ ցանկացած ներդրում արտասահմանցիներին ստիպում է հետեւողական լինել, եւ շարունակել հանրաշահ նոր ներդրումներ։ Հոդվածում խոսք է գնում Հայրիկյանի կողմից բաժնետերերին ահաբեկելու մասին։

Նա օրենքով սպառնացել է կեղծիքներ անողներին եւ դիմել դատախազություն։ Պարզվում է, որ Հայրիկյանը ահաբեկել է ու հետո զարմանալիորեն 5.000 արժեցող բաժնետոմսերը գնել 20.000-ով։ Այդ ո՞ր գործարար մարդն է 1.000, 2.000-ով գնածը վաճառել 20.000-ով եւ հայտարարել, որ ինքն ստիպված է եղել պաշտպանվել։ Այո, Հայրիկյանը դեմ էր երկիրը քանդելուն, երկիրն ավերելուն, գործարանները թալանելուն։ Հայրիկյանը պարտավոր էր ահազանգերին արձագանքել ու արձագանքել է, եւ ավազակաբարո ուժերի որեւէ կամակատար նրան բարդույթավորել չի կարող, ինքն արել եւ շարունակում է անել իր գործը։ Հայրիկյանը երեսուն ձեռնարկություններում մանր բաժնետեր է, կարող էր լինել եւս երեք հարյուրում։

Ինչ վերաբերում է անձնական կարողություններին, Հայրիկյանը իրավունք ուներ եւ կարող էր իր մտավոր ու գործարար ունակություններով լինել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սակայն նա, զոհաբերելով իր կյանքի լավագույն տարիները, այս երախտամոռ ու անարժան ավետիսաբաբաջանյանների համար կերտեց ազատ ու անկախ հայրենիք։ Մենք գիտենք, որ Հայրիկյանն ունի նաեւ անձնական զգալի հոգսեր, որոնք չեզոքացնում է իր աշխատասիրությամբ, նաեւ որպես պարզ հողագործ, շինարար, գյուղատնտես։ Նա կարողանում է ոչ միայն հոգալ անմիջականորեն իր խնամքին կարոտ բազմաթիվ քաղաքացիների կարիքները, այլեւ իրեն զերծ պահել վաճառվողի կարգավիճակից, որում իրեն լավագույնս դրսեւորել է Ավետիս Բաբաջանյանը։

Խոսել Հայրիկյանի կողմից անձնական, շահադիտական նպատակներով իշխանության լծակների օգտագործման մասին՝ ստորություն է, իսկ Հայրիկյանին մշտապես միայն բանտերում, հալածվածի եւ գաղափարի համար ուրիշների փոխարեն պայքարողի վիճակում տեսնելու ցանկությունը՝ կրկնակի ստորություն։ Ներկայացվածը ընկալելուց հետո արդյոք չէ՞ր մնում հիանալ Հայրիկյանով, որն, իր զբաղվածությամբ հանդերձ, հասցնում է զբաղվել նաեւ Հայաստանի տնտեսության շենացմամբ։ Այո, բայց ազնիվ մարդկանց համար։ Ինչ վերաբերում է Հայրիկյանին մարդու իրավունքների մրցանակ շնորհելուն՝ նույնիսկ եթե այսօր նա ոչինչ չաներ, անցյալի իր գործունեությամբ անմրցելի է, եւ ո՛չ միայն Հայաստանում։ Բայց դա հասկանալու համար չպետք է ծախու գրչակ լինել։

ՀԱԿՈԲ ՅՈՒՄՈՒՇԱԴՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Բոլշեւիկյան ծախու գրչակ», «Առավոտի» թղթակից Ավետիս Բաբաջանյանը, որը բոլշեւիզմի դարաշրջանում տակավին մանուկ էր եւ դրա մասին այնքան պատկերացում ունի, որքան Պարույր Հայրիկյանը՝ թռչնաբուծության եւ հավագիտության, իր մասին որակումները (ստոր, թշվառական, երախտամոռ, կարճամիտ, անարժան եւ այլն) համարում է Հայաստանում մարդու իրավունքների հանդեպ մեծագույն պատկառանքի արտահայտություն, որի համար ամենքս պարտական ենք Պարույր Հայրիկյանին։ Մանավանդ որ լուրջ կասկածներ կան, թե նախաբանում «հետեւյալ նյութ» ասվածի տակ երեք ստորագրությունները անցյալի, ներկայի ու ապագայի անմրցելի գործիչ, ազատ եւ անկախ հայրենիքի կերտիչ, ազգային ոստիկանության՝ այժմ արդեն ողջունելի աջակցությունը վայելող Պարույր Հայրիկյանի կեղծանուններն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31