Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ բանտ տարեք

Հուլիս 16,1999 00:00
bant

Դանիել Դանիելյանը հպարտությամբ է խոսում իր ապրած կյանքի մասին։ 76 տարեկան է, սակայն առույգությամբ եւ դեմքի թարմությամբ ավելի նման է 50 տարեկան տղամարդու։ 76 տարիներից 47-ը անցկացրել է բանտերում։

Բանտում չի եղել առաջին 12 տարին եւ վերջին 15 տարին։ Մնացյալ ողջ ընթացքում գրեթե ազատություն չի տեսել։ Յուրաքանչյուր 4-5 տարվա ազատազրկումից հետո՝ մեկ-երկու ամիս ազատության մեջ։ Ծագումով Ղարաբաղից է, Հադրութ ավանից։ Իրավամբ կարող է ասել, որ բանտ նստել է ԽՍՀՄ բոլոր քարտուղարների օրոք։ Իսկ սկսել է 1936-ին։

«Հայրս ուսում ունեցող, չորս օտար լեզու իմացող մարդ էր։ Եկել էին, որ տանեն աքսոր, ես էլ հարձակվեցի դրանց վրա։ Էն ժամանակ երեխեքի գծով մինիստրը Նադեժդա Կրուպսկայան էր, Լենինի կինը: Ինքը երեխա չուներ, դրա համար երեխեքի վերաբերյալ խիստ օրենքներ էր ընդունել։ Այդ ժամանակ անչափահասներին էլ էր դատ հասնում. 12 տարեկան ես, ուրեմն մտածելով ես հանցագործություն կատարել»։ Դանիել Դանիելյանը կոնկրետ չի հիշում, թե որ թվականին եւ քանի տարով է դատապարտվել, սակայն կարող է ասել, որ «1946-ին, երբ 22 տարեկան էի, արդեն 6 դատվածություն ունեի»։

«Իմ կռիվն ամբողջ կյանքում օրգանի, դատախազների եւ դատավորների դեմ է եղել։ Մնացած բոլոր դատվածությունները կամ միլիցիա ծեծելու, կամ չենթարկվելու համար են եղել»։ Երբ ընդդիմացա, թե՝ միլիցիայի հետ անիմաստ է վիճելը, Դանիել Դանիելյանն ավելի բորբոքվեց.

-Ինչի, դու տղամարդ չե՞ս, եթե քեզ միլիցիան հայհոյի, ի՞նչ ես անելու։

-Եթե իմանամ, որ պատասխանելու դեպքում կարող եմ բանտ նստել, ուղղակի կարհամարհեմ։ Նրանց նպատակն էլ դա է, որ պատասխանես՝ տանեն-նստացնեն։

-Այ, քո նմանների պատճառով է, որ դրանք ապրում են։ Որ ամեն մեկս լավ կռիվ տանք, չեն կարողանա կնգա փեշի տակից դուրս գալ։

Դանիել Դանիելյանը մեզ է մեկնում 1979-ին կայացված վերջին դատավճիռը։ Ահա թե ինչի համար է հերթական՝ 14-րդ անգամ բանտ գնացել մեր զրուցակիցը. «1978 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, Երեւանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնի ԲԽՍՍ-ի բաժանմունքի տեսուչներ, գործով տուժողներ Ռոմիկ Սուլթանյանը եւ Նելսոն Ներսիսյանը, անցնելով Երեւանի Սեւանի փողոցով, նկատել են, որ այնտեղ ամբաստանյալ Դանիելյանը զբաղվում է ավտոպահեստամասերի սպեկուլյացիայով։ Մոտենալով ՆԳ բաժնի նշված աշխատակիցները ներկայացել եւ նրան հրավիրել են ՆԳ բաժին։ Ամբաստանյալը փոխանակ կատարի նրանց օրինական պահանջը, սկսել է անհիմն կարգով վիճաբանել, քաշքշել նրանց, իսկ ապա հարձակվելով վերջինիս վրա, բռունցքով հարվածել է նրա դեմքին։ Այդ պահին օգնության է հասել տուժող Ռոմիկ Սուլթանյանը, որը ցանկացել է կանխել ամբաստանյալի գործողությունները, սակայն վերջինս հարձակվել է նրա վրա, գլխով հարվածել է Սուլթանյանի դեմքին եւ մարմնական վնասվածքներ պատճառել նրան»։ Տեքստի հետագա շարադրանքից երեւում է, որ Դանիելյանը ՆԳ բաժին է գնացել կամավոր, եւ այնտեղ հարձակվել է եւս երկու ոստիկանների վրա, այդ թվում Վահրամ Խորխոռունու, որը այս գործով անցնում է որպես տուժող։

Դանիել Դանիելյանը մեր խմբագրություն էր այցելել «Ավանգարդ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էդիկ Մամիկոնյանի ուղեկցությամբ։ «Մյուս դատավճիռներս իմ ձեռքը չեն ընկել։ Այս մեկը ունեմ, որոշել եմ բողոքեմ, որ ինձ արդարացնեն։ 16 տարի է բողոքում եմ, բայց ոչ մի դատարան արդարացման վճիռ չի կայացնում։ Ասում եմ՝ կամ արդարացրեք, կամ նորից բանտ տարեք։ Մի քանի անգամ խնդրել եմ, որ Սովետաշենի մեկուսարան տանեն, բայց դա էլ են մերժել։ Ես բանտում միշտ ճնշված եմ զգացել։ Օրգանն ինձ օր չի տվել, որովհետեւ իմացել են, որ իրենց կոլեգաներին ծեծելու համար եմ բռնված։ Իսկ սուտ գողականների հետ էլ չեմ մերվել։ Ամենալավ գողականը պարզ ա, որ ամենալավ միլիցեն ա։ Այդքան նստել եմ, բայց վրես մի հատ «նակոլկա» էլ չկա։ Իմ արդարացման հույսը հիմա թերթն է, քանի որ Հայաստանում լավ իրավաբան չկա, մենակ Հենրիկ Խաչատրյանն ու Արամ Կարապետյանն էին ուզում դատախազի փոխարեն դատախազ աշխատել, ազնիվ մարդկանց օգնել, բայց նրանց էլ սպանեցին»,- ասում է Դանիել Դանիելյանը, որը չի կարողացել բանտ ընկնել միայն անկախացած Հայաստանում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031