Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2000 00:00

ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Բագրատաշենի շուկան տարերայնորեն գործում էր նաեւ մինչեւ 1989 թվականը։ Վրացական Սադախլո եւ հայկական Բագրատաշեն գյուղերի բնակիչները շատ մոտ հարեւաններ էին, ապրանքափոխանակությամբ էին զբաղվում, վաճառքով։ 90-94 ղարաբաղյան հակամարտության լարված շրջանում շուկան մեռավ։ Արդեն 94-ին երկու երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի, կառավարությունների միջեւ միջպետական որոշում հրապարակվեց, որով Բագրատաշենի եւ Սադախլոյի շուկաներում թույլատրվեց գյուղմթերքների առեւտուրը։ Անցման շրջանի դժվարությունները, աշխատատեղերի երկկողմանի պակասը, գործազրկության աճը, նաեւ բարձիթողի վիճակը հնարավորություն ստեղծեցին շուկայում վաճառել եւ գնել ոչ միայն գյուղմթերք, այլեւ՝ հազար ու մի այլ ապրանք։ Սադախլոյի կողմից բերվում էին (են) ավելի շատ հագուստեղեն, գրենական պիտույքներ, քաղցրեղեն, յուղ, ավտոմեքենայի պահեստամասեր, սիգարետ, սուրճ եւ այլն։ Նախքան անկախացումը Հայաստանում միայն մեկ մաքսակետ էր գործում «Զվարթնոց» օդակայանում։ Բոլոր ճանապարհները Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ազատ էին եւ բաց։ Ավելի ուշ, երբ երեք հանրապետությունները դարձան ինքնիշխան պետություններ, նաեւ՝ ազգամիջյան շփումները հաշվի առնելով, Հայաստանի կողմից ստեղծվեցին բազմաթիվ մաքսային ծառայություններ՝ Շիրակի մարզում՝ Բավրա, Արարատի մարզում՝ «Զվարթնոց» եւ «Էրեբունի», Սյունիքում՝ Մեղրի, Տավուշի եւ Լոռու մարզերում՝ Այրում-Ջիլիզ, Պրիվոլնի, Գոգավան, Բագրատաշեն։ Բագրատաշենի շուկան Սա այսօր կարելի է ասել կենսական նշանակության օբյեկտ է։ Մոտավոր հաշվարկներով մոտ 40 հազար մարդ այսօր գոյատեւում է (ոմանք՝ ծաղկում են եւ հարստանում) Բագրատաշենի շուկայի հաշվին։ Փաստորեն, մոտ 40 հազար մարդ աշխատանք ունի այս շուկայի շնորհիվ։ Եթե այս թվին ավելացնենք նաեւ մաքսային ծառայության աշխատակիցներին, անշուշտ, լուրջ թիվ կստացվի։ Հայկական Բագրատաշեն գյուղի վերջում, Դեբեդ գետի երկայնքով, փոշոտ ու քարքարոտ մի ճանապարհ հասնում է բուն շուկային։ Մեր կողմում հիմնականում գյուղմթերքներ են վաճառվում, ավելի շատ՝ պարսկական ապրանք՝ վաֆլի-թխվածքաբլիթ, կոնֆետ, լվացքի փոշի, օճառ եւ այլն։ Մարդիկ նստած են քարերին, անհարմար սանիտարահիգիենիկ պայմաններում։ Մեր կողմից շուկա մտնելու ճանապարհին մետաղյա դարպասներ են, մեկի վրա գրված է՝ «Մուտքը 100 դրամ»։ Շուկայի աշխատակիցները բացատրեցին, որ նաեւ այդ գումարով են սկսել հատուկ շինությունների շինարարությունը, որոնք ծառայելու են որպես խանութներ։ Ընդհանրապես, աչքի էր զարնում այն, որ բուռն թափով շինարարություն է սկսված։ Խանութներից բացի, հենց ճանապարհի սկզբին, երկու կողմից պաշտպանական պատեր են կառուցվում։ Նպատակները մի քանիսն են՝ նախ, գյուղի այն տները, որոնք ավելի մոտ են շուկային, այդպիսով բաժանվում են շուկայի աղմուկից եւ անհանգստությունից, երկրորդ՝ գետի կողմից կառուցվող քարե պարիսպանման շինությունը նպատակ ունի սահմանն այդ մասով ապահովել։ Քիչ չեն դեպքերը, երբ ապրանքը մաքսազերծումից ազատելու համար գետով են անցկացնում։ Եվ ամենակարեւորը՝ ճանապարհի մեջտեղում կառուցվում է մաքսատուն։ Այն հնարավորություն կտա շուկայից օգտվողներին ավելի քաղաքակիրթ պայմաններում հաշվառել, ապրանքը ստուգել եւ ճանապարհել։ Կգործեն վեց ստուգող կետեր, աշխատանքն ավելի կարագանա։ Այս պահին մեկ ավտոբուս ստուգելու համար մի քանի ժամ է պահանջվում։ Իսկ առատ օրերին ավտոբուսները, ավտոմեքենաներն ու հետիոտն առեւտրականներն այստեղ անչափ շատ են։ Շինարարությունն իրականացնում է Պետեկամուտների նախարարությունը։ Նախարարության շինարարության պատասխանատուն ասաց. «Շինարարությունը 2-3 ամսից կավարտվի։ Լայնացնում ենք մաքսային գոտին, շուկայից մոտ 170 մետր հեռավորության վրա կկառուցվի մաքսային հսկողության եւ վարչական շենքը։ Այստեղ առեւտուր անողները տեղում կմաքսազերծվեն եւ կճանապարհվեն։ Կլինի ավելի նորմալ սպասարկում»։ Մեզ ասացին նաեւ, որ պետբյուջեից ոչ մի լումա չի տրամադրված այս շինարարության համար։ Գումարը տրվում է Պետեկամուտների նախարարության ապաբյուջետային միջոցներից։ Հայաստան-Վրաստան սահմանագլխին Այստեղ ՀՀ մաքսային աշխատողների եւ սահմանապահների աչքից ոչինչ չի վրիպում, նույնիսկ մեկ պարկ պահածոյի կափարիչն անմիջապես բացահայտվում է։ Աշխատողները բոլորն էլ համազգեստով են. հարկ եղած դեպքում մի քանի լեզվով (վրացերեն, ռուսերեն, թուրքերեն) կարող են դիմել հանրապետություն մտնողներին։ Հակված չեն լրագրողի հետ խոսել. խիստ զգուշավոր են, «նաչալնիկ»-ի խոսքից դուրս չեն գալիս։ Ոչ ոք չի ուզի այսպիսի աշխատատեղից զրկվել։ Ամեն հերթափոխում աշխատում է 10 մարդ։ Հերթափոխը փոխվում է առավոտյան ժամը 9-ին։ Անպայման տեղի է ունենում ընդունում-հանձնում։ Հերթափոխի պետն ընդունում է հերթափոխը, իսկ սա նշանակում է, ստուգում է բոլոր ավտոմեքենաները (ձեւակերպվածներն ու չձեւակերպվածները), փաստաթղթերը։ Աշխատանքը սկսելուց առաջ հերթափոխի պետը ցուցակ է կազմում, թե որ տեսուչը որտեղ պետք է աշխատի։ Համակարգչի վրա աշխատող տեսուչներն ամեն հերթափոխում 2-3 հոգի են, մյուսների աշխատանքը կոչվում է «ժպիտ», այսինքն՝ այս տեսուչները պարտավոր են եկողին ու գնացողին ժպտալ։ Ինչպես նաեւ գրանցել եւ ստուգել ավտոմեքենայի եւ ուղեւորների անձը հաստատող փաստաթղթերը։ Այն մեքենաները, որոնք Մառնեուլիի շրջանի գրանցում չունեն, վճարում են սահմանն անցնելու համար։ Վճարը՝ 33 դոլար է, որից 20 դոլարը ճանապարհային հարկն է, 13-ը՝ մաքսային ստուգման եւ փաստաթղթերի համար։ Ճանապարհային վճարներից ազատված են Մառնեուլիի շրջանի եւ Թբիլիսիի գրանցում ունեցող ավտոմեքենաները, դիվանագիտական կորպուսին սպասարկող ավտոմեքենաները, ինչպես նաեւ այն ավտոմեքենաները, ում ուղեւորներին հրավիրել է Հայաստանի Հանրապետությունը։ Բեռնատար ավտոմեքենաների համար վճարներն ավելի բարձր են՝ մինչեւ 10 տոննա՝ 120 դոլար, մինչեւ 20 տոննա՝ 150 դոլար, 20-ից ավելի՝ 220 դոլար։ Ավտոբուսները եթե պայմանագիր չունեն, սահմանն անցնելու համար վճարում են 154 դոլար։ Իսկ ՌԴ-ի ավտոմեքենաները եթե կարմիր ժապավեն ունեն կամ ճանապարհորդական թերթիկ՝ ազատվում են վճարից։ Երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին Սադախլո-Բագրատաշեն շուկան գերծանրաբեռնված է: Սա ազդում է առաջին հերթին սահմանապահների, մաքսային ծառայության աշխատանքի վրա։ Մեկ հերթափոխը հաճախ չի հասցնում ստուգել օրվա երթը։ Իսկ ապրանք տեղափոխողներն ավելի աննախանձելի վիճակում են։ Սադախլոյի կամուրջ եւ դրանից այն կողմ Կամրջի երկու կողմում թուրք կանայք եւ տղամարդիկ են նստած, վաճառում են գյուղմթերք։ Նրանց ապրանքին այլ օրերի նայող չկա։ Այստեղ «պիկ»-ը երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին է։ Երկուստեք ելումուտն արտաքուստ հանգիստ է։ Ըստ կարգի, միայն անձը հաստատող փաստաթուղթ է պահանջվում։ Սահմանապահները եւ մաքսային աշխատողները երկու կողմից էլ ազատ ելումուտ ունեն։ Գետի երկու կողմերում էլ լողացող երեխաներ են, չես տարբերում՝ ով՝ որ ազգից է։ Սադախլոյի շուկայում ապրանքը գրեթե այնպես է լցված, ինչպես Երեւանի «ֆիրդուսնոցում» կամ մեկ այլ տոնավաճառում։ Տարբերությունը գներն են եւ վաճառողները։ Սրանք որոշակի բառապաշարի սահմաններում մի քանի լեզվով էլ խոսում են։ Որպես փող ընդունելի է ե՛ւ դոլարը, ե՛ւ ռուսականը, ե՛ւ դրամը։ Երեկ մեկ դոլարը 550 դրամով էին հաշվում։ Վաճառողների մեջ վրացիները հատուկենտ էին, հիմնականում թուրքեր են։ Շոգ, օդ չկա, կանայք գլխաշորով են, հիմնականում՝ տարեցներ, տղամարդիկ նարդի են խաղում։ Պարապ օր էր։ Ափսոս, իսկական եռուզեռին չպատահեցինք։ Մոսկովյան կոնֆետի մեկ կիլոգրամը 800 դրամ է, արկղով գնելու դեպքում՝ 750-ով կտան։ Կիսագուլպաները, որ Երեւանում 600 դրամ են, այստեղ՝ զույգը՝ մեկ դոլար։ Մանկական ջինսե տաբատները Երեւանում՝ 5 դոլար են, այստեղ՝ 3, նույնը նաեւ կիսաշրջազգեստները։ Կանացի ձգվող շալվարները՝ վեց դոլար էին (Երեւանում նույնը՝ 12-13)։ Էլեկտրական սարքերին այստեղ նայող էլ չկա։ Հիմնականում հագուստեղեն եւ այլ կարգի փալաս-փուլուս է գնվում, նաեւ՝ մարգարին, արեւածաղիկ, պահածոյի կափարիչ։ Սիգարեթին եւս նայող չկա։ Մաքսավճարը բարձր է։ Սադախլոյի կողմից ռուսերեն եւ վրացերեն լեզուներով, գույնը գցած տառերով գրված է, թե որքան քաշով ապրանքն է ազատվում մաքսային վճարից։ Ապրանքի քաշը ջնջված էր։ Վկայակոչվում էր Վրաստանի «Մաքսային տուրքի մասին» օրենքը։ Մեր կողմում մեր մասին ասացին, որ 50 կգ բեռը եւ 500 դոլար արժողությամբ ապրանքն ազատվում են մաքսային վճարից։ Վերջաբանի փոխարեն Բագրատաշենի շուկան հանրապետության շուկայի 25-30 տոկոսն է գրավում։ Սա որոշ անձանց շահերին եւ գրպանին հաստատ խփում է։ Եվ միշտ է խփել։ Ժամանակին Վրաստանից եկող գազատարը հաճախ էր պայթեցվում։ Դա արվում էր այն պահին, երբ ոմանք ուզում էին Բագրատաշենը շուկայական խաղերից դուրս թողնել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Երեւան-Բագրատաշեն-Սադախլո-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել