Ազգային ժողովում կա մի պատգամավոր, որը սկզբից ընդդիմադիր էր, իսկ հետո դարձավ «անկախ», բայց, ըստ էության, իշխանամետ: Դա նորմալ է, քաղաքական գործընթաց է, խոսքը դրա մասին չէ: Պատգամավոր դառնալուց առաջ նա հայտնի հասարակական գործիչ էր, լրագրող եւ, որքան էլ ես նրա հետ այս կամ այն հարցում համաձայն չլինեի, այն ժամանակ երբեք չէի պատկերացնի, որ նա հայհոյանքներով կխոսի որեւէ կնոջ հետ: Վստահ եմ՝ չի եղել նման բան: «Վերափոխումը» տեղի ունեցավ Փաշինյանի թիմում հայտնվելուց հետո, եւ պատճառն այդ գործչի անձնական հատկանիշները չեն:
Դա անձնական խնդիր չէ, դրա համար էլ անունը չեմ շեշտում: Պարզապես այդպես դրսեւորվելը ներկայիս իշխող քաղաքական թիմի պարտադրանքն է. այլ դրսեւորումներ այդ թիմում հնարավոր չեն: «Noblesse oblige», – ասում են մեր սիրելի ֆրանսիացիները, այսինքն՝ «ազնվականությունը պարտադրում է»: Հայհոյախոսությունը, ցինիզմը յուրահատուկ՝ ՔՊ-ական որակի «ազնվականության» պարտադրանք է:
ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն իրավապահ համակարգում աշխատում է 2012 թվականից, եւ ըստ իմ ունեցած տեղեկությունների, ծառայում էր պատվով: Իր ծառայության տարիների ընթացքում նրա մտքով երբեւէ կանցնե՞ր Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել «Կտրիճ Ներսիսյան»: Ո՛չ, այդ հիմա՛ է նրանից պահանջվում լկտիություն եւ սանձարձակություն՝ այդ թիմի անդամ լինելու համար: Չնայած, ըստ օրենքի, նա չպիտի հանդես գա որպես քաղաքական գործիչ: Դե, գլխավոր դատախազն էլ չպիտի քաղաքականությամբ զբաղվի, բայց տեսնում ենք…
Մինչեւ պատգամավոր դառնալը որեւէ ՔՊ-ականի մտքով կանցնե՞ր 80 տարեկան մարդուն դիմել «դու»-ով: (Էլ չեմ ասում՝ ՀՀ առաջին նախագահին): Այդպես խոսելը պայմանավորված չէ ո՛չ նրանց գենետիկայով, ո՛չ էլ՝ ընտանեկան դաստիարակությամբ: Բայց իրենց շեֆի դրվատանքին արժանանալու համար նրանք պարզապես պարտավոր են մտնել խուլիգանի դերի մեջ:
Կարդացեք նաև
Իշխանությունն, իհարկե, սովորաբար փչացնում է մարդկանց (չնայած ես գիտեմ նաեւ բացառություններ): «Ախրաննիկները», ծառաները, քծնանքը, «ամենավերեւներին» մոտիկ լինելը, իհարկե, գայթակղություն է: Բայց ներկայիս իշխանավորները, բացի այս սովորական գայթակղություններից, ունեն հստակ պարտադրանք: Դա «նիկոլաբարո» լինելու պարտադրանքն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով


















































