Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան մասնակցում է 21-րդ դարի Հայաստանի ստեղծմանը

Մայիս 07,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

«Ռազմավարական գործընկերությունը, որը ստորագրվեց, ավելի է ամրապնդելու համագործակցությունը»

«Մենք ցանկանում ենք մասնակցել 21-րդ դարի Հայաստանի ստեղծմանը։ Այնպիսի Հայաստան, որն այլեւս կախված չէ Ռուսաստանից, լիովին կողմնորոշված է դեպի Եվրոպա եւ գտնվում է այս եվրոպական քաղաքական համայնքի հենց սրտում։ Այնպիսի Հայաստան, որը ցանկանում է խաղաղություն, երկարաժամկետ կայունություն եւ բարգավաճ Հայաստան, որը կառուցում է ինքը՝ իր ընտրած գործընկերությունների եւ Ֆրանսիայի նման հուսալի դաշնակիցների միջոցով», սա էր Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի գլխավոր ուղերձը, որը նա հստակ հնչեցրեց։

Մակրոնի այցը նշանավորվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Բացի այդ, ստորագրվեցին մի շարք այլ փաստաթղթեր եւս, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների եւ պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման եւ նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, արհեստական բանականության, կիբեռանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը։

«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու համար էսքան ենք արել, պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», նշեց Նիկոլ Փաշինյանը։

Էմանուել Մակրոնը ընդգծեց. «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել։ Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարեւոր հիմնասյունն է»։

Ըստ Փաշինյանի՝ «Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված, ու գործընկերություններ հաստատելու համար առկա են բոլոր պայմանները, եւ կառավարությունների դերն է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր ու պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել»։

Այսպիսով, Մակրոնը Երեւանում արձանագրեց, որ վերջին տարիներին հարաբերությունները նոր փուլ են թեւակոխել, օրինակ՝ պաշտպանության ոլորտում, իսկ ռազմավարական գործընկերությունը, որն այդ օրը ստորագրեց, ավելի է ամրապնդելու այդ համագործակցությունը։

Այսպես, Փաշինյանն ու Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։ Ինչպես նաեւ ստորագրվել է մի շարք այլ փաստաթղթեր.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ» համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ արհեստական բանականության, կիբեռանվտանգության եւ կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» մտադրությունների նամակը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի եւ վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջեւ ռազմական տեխնոլոգիաների եւ պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման եւ նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը եւ «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը եւ գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան եւ տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջեւ կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջեւ» փոխըմբռնման հուշագիրը։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը։

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ամերիաբանկի» եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջեւ վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

«Էվոկաբանկի» գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը եւ Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Էվոկաբանկի» եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջեւ վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը եւ «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ֆրանսիական «Սոֆեմա» խմբի միջեւ հանդերձանքի մատակարարման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն եւ նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջեւ տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։

«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը եւ «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակել են «Ֆլայուան Արմենիա» ընկերության եւ «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջեւ A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը»։

Մակրոնի կոչը՝ Ադրբեջանին եւ Թուրքիային

Երեւանյան երկխոսության գագաթաժողովին Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ. «Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ… լինել խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը։ Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել»։ Նա ընդգծեց, որ ցանկանում է հարեւան երկրները դրսեւորեն նույն խիզախությունը, «ձեզ ուղեկցեն այս խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհին, որպեսզի բոլոր սահմանները բացվեն եւ բացվեն ամբողջովին»։ «Շատ հաճախ եւ երկար ժամանակ այս տարածաշրջանը հերմետիկ փակ է եղել, եւ ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը, պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարեւաններ։ Իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն, եւ որպեսզի չլինի որեւէ սահմանափակում Վրաստանի հետ։ Սա է մեր համոզմունքը, եւ սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը», ընդգծեց Ֆրանսիայի նախագահը։

European Political Community summit in Yerevan, Armenia

«Ես ցանկանում եմ նաեւ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը եւ հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը։ Բայց սա ընդամենը սկիզբն է։ Մենք նաեւ ողջունեցինք Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների բացումը՝ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով։ Բայց սա առաջին ազդակն էր, եւ մենք տեսանք, թե ինչքան կարեւոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառնա, եւ որպեսզի ձեր երկիրը եւ ողջ տարածաշրջանը դառնա Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկը։ Սա թույլ կտա օգտվել այն բոլոր տնտեսական հնարավորություններից եւ ստեղծել խաղաղության ճանապարհ, եւ ոչ թե տարբեր կայսրությունների մարտահրավերների ճանապարհ», – ասաց Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծեց. «Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թեւի ներքո։ Սակայն 2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, ցույց տվեց, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, եւ հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն»։ Ապա հավելեց. «Բոլորը կարծես ընտելացել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետեւ Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից»։

Բավական տպավորիչ էր ի պատիվ Ֆրանսիայի նախագահի տրված պետական ընթրիքի ժամանակ Մակրոնի բաժակաճառը, երբ նա անդրադարձավ թեմային, թե ինչու է Ֆրանսիան մշտապես աջակցել Հայաստանին։

«…Պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, եւ այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։ Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։

Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել եւ այլ կողմ նայել, նույնիսկ երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։ Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, երբեք չեն դավաճանել, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, եւ կանգնել արդար պայքարի կողքին»։

Այնուհետեւ նա նկատեց. «Ինչո՞ւ ֆրանսիացի մտավորականները սիրեցին Հայաստանը։ Շատերը երբեք ոտք չէին դրել այստեղ։ Որովհետեւ նրանց համար անտանելի էր, որ այս երկիրը տարուբերվի մի կայսրությունից մյուսը։ Ինչո՞ւ ֆրանսիական նավատորմը եկավ այստեղ՝ ոչ թե տեսնելու կամ դատապարտելու, այլեւ փրկելու, որովհետեւ նրանք կարծում էին, որ սա այն արդար պայքարն է, որն իրեն հանձնարարել է ֆրանսիական ժողովուրդը։ Ինչո՞ւ այդ տարիներին մենք ընդունեցինք այսքան մարդկանց, եւ ինչո՞ւ նրանցից շատերը հետո պայքարեցին Ֆրանսիայի համար։ Եվ մենք մեծ պատիվ ունեցանք, եւ դուք էլ մեր կողքին էիք, Պանթեոնում արժանի տեղ տալու Միսաք Մանուշյանին եւ Մելինեին, որոնք իրենցով մարմնավորում են այն, ինչ հայերն են տվել Ֆրանսիային։

Սա միշտ նույն պատմությունն է։ Երբ պայքարն արդար է, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Երբ խոսքը վերաբերում է մեզ, համամարդկայինին, այն արժեքներին, որոնք մենք կրում ենք, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին»։

Հայաստանի անվտանգության համակարգում նոր բալանս ստեղծելու փորձ

Այսպիսով, նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասը գտնվում է խորքային վերափոխումների փուլում։ Ֆրանսիայի նախագահը հստակ աջակցություն հայտնեց Հայաստանի եվրոպական ուղուն՝ փաստացի շեշտելով, որ երկիրը կարող է դուրս գալ ռուսական անվտանգության համակարգից կախվածությունից։

Ավելին, Մակրոնը նույնիսկ քննադատեց Ռուսաստանի դերակատարությունը՝ ընդգծելով, որ այն չի արդարացրել Հայաստանի անվտանգության սպասումները, եւ որքան էլ Հայաստանում որոշ ուժեր քննադատեն Մակրոնին՝ ճիշտ այնպես, ինչպես Ալիեւը, Ֆրանսիան այն բացառիկ պետությունն է, որը չի խուսափել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր պետության դեմ ոտնձգություններին ի պատասխան հստակ դիրքորոշում է արտահայտել՝ ի տարբերություն «ռազմավարական դաշնակից» գերտերության, որտեղից նախընտրում էին «պարզաբանել», թե ինչու չեն կարող հրապարակավ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, առավել եւս՝ ինչու չեն կարող գործնական քայլերի դիմել։

Իհարկե, Մակրոնն իր այցով նպատակ ուներ ցույց տալ, որ Եվրոպան պատրաստ է փոխարինել Ռուսաստանի ազդեցությանը՝ առաջարկելով տնտեսական, քաղաքական եւ անվտանգային այլընտրանքներ։

Այցի կարեւորագույն արդյունքներից մեկն, անշուշտ, Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության ամրապնդումն էր։ Ֆրանսիան փաստացի հանդես է գալիս որպես Հայաստանի հիմնական եվրոպական գործընկերներից մեկը՝ հատկապես անվտանգային ոլորտում։ Սա նոր բալանս ստեղծելու փորձ է՝ Հայաստանի անվտանգության համակարգում։

Մակրոնի այցի ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց տարածաշրջանային հաղորդակցությունների բացման եւ խաղաղության գործընթացի կարեւորությունը։ Նա կոչ արեց Ադրբեջանին եւ Թուրքիային բացել սահմանները Հայաստանի հետ եւ շարժվել դեպի կայուն խաղաղություն։ Այս ուղերձը կարեւոր է մի քանի պատճառով. այն ամրապնդում է, մեծացնում է Եվրոպայի ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում։ Ըստ միջազգային վերլուծությունների՝ Մակրոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ կամուրջ։

Ֆրանսիայի նախագահն անդրադարձավ նաեւ գերիների եւ հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց լուծման անհրաժեշտությունը՝ որպես խաղաղության գործընթացի բաղադրիչ։ Սա ցույց է տալիս, որ Ֆրանսիան փորձում է հանդես գալ ոչ միայն որպես քաղաքական գործընկեր, այլ նաեւ որպես միջնորդ եւ արժեքային դերակատար։

Այսպիսով, նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության ձեւավորման համատեքստում Մակրոնի պետական այցը Հայաստան կարելի է գնահատել որպես շրջադարձային իրադարձություն մի քանի մակարդակներում.

Երկկողմ հարաբերություններում՝ ամրապնդվեց ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ նկատելի դարձավ Եվրոպայի դերակատարությունը Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական հավասարակշռության տեսանկյունից՝ Հայաստանը ստանում է նոր գործընկեր՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից։

Հետեւաբար, Մակրոնի այցը ոչ միայն դիվանագիտական իրադարձություն էր, այլեւ քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ Հայաստանին, թե՛ տարածաշրջանին եւ թե՛ միջազգային հանրությանը. Հարավային Կովկասը մտնում է նոր աշխարհաքաղաքական փուլ, որտեղ Եվրոպան ձգտում է դառնալ առանցքային դերակատար։

Միակ նկատառումը թերեւս այն է, որ «Ֆրանսիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը պարզապես հռչակագիր է։ Ֆրանսիայի հետ այսպիսի մեծ ու բովանդակային տեքստը չէր կարող ընդամենը հռչակագիր լինել։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031