Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՈՏ ԿՆՅԱԶՅԱՆՆ ԷԼ ԸՆԹԵՐՑԵՑ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 11,2002 00:00

ԱՇՈՏ ԿՆՅԱԶՅԱՆՆ ԷԼ ԸՆԹԵՐՑԵՑ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի դատաքննական ցուցմունքներով, ապա ավարտվեց եւ սկսվեց նրա հարցաքննությունը։ Միջնորդվեց, որ ամբաստանյալին հարցաքննեն մյուս 6-ի բացակայությամբ, քանի որ ինչպես Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, քրգործով պարզվել է, որ Նաիրի Հունանյանը չափազանց մեծ ազդեցություն ունի Աշոտ Կնյազյանի վրա, այնքան մեծ, որ նա իր որդու անունը դրել է Նաիրի։ Փաստաբանը նաեւ ասաց, որ Հունանյանին ամբաստանյալը ճանաչում է 21 տարի, 30 տարի էլ ճանաչում է ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանին, բնականաբար, լինելով ընկերական, մտերիմ հարաբերությունների մեջ, կաշկանդված է լինելու ցուցմունքներ տալու ժամանակ։ Չնայած ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը առարկեց ասվածին, ասելով, որ ինքը կաշկանդված չէ, որ իր որդու անունը կապ չունի ընկերոջ անվան հետ եւ քրգործի նյութերում էլ կա նաեւ, որ ինքը դատապարտված է եղել, իրականում այդպես չի եղել։ Ինչեւէ։ Աշոտ Կնյազյանը սկսեց իր դատաքննական ցուցմունքները… ընթերցել։ Ի դեպ, ընթերցմանը առարկեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը, ասելով, որ խախտվում է քրդատօրենսգրքի 54 հոդվածը եւ որ ամբաստանյալը «բանաստեղծության նման բերանացի կարդում է»։ Ասվածն արձանագրվեց, սակայն թույլատրվեց ամբաստանյալին օգտվել իր գրառումներից։ Ամբաստանյալն ընդունեց այն փաստը, որ «ակնկալելով եկամուտ, կատարել է օրենքով արգելված արարք, միջնորդել է զենքի առքուվաճառքին եւ ստացել արդյունքում իր բաժին եկամուտը՝ 1 լիտր դուխի» (ինչով որ կատարվել էր զենքերի դիմաց վճարումը)։ Կնյազյանը ընդունեց նաեւ այն, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իր ընտանիքի օգտագործման ՌԱՖ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է զենքերի մի մասը։ Հետեւաբար նա իրեն մեղավոր ճանաչեց ՀՀ քրօրի 232 հոդվածի հատկանիշներով, սակայն իրեն առաջադրված մեղադրանքների կապակցությամբ (ՀՀ քրօրի 59, 61, 15-61, 96 եւ 130 հոդվածներով) իրեն մեղավոր չճանաչեց։ Ամբաստանյալը, ներկայացնելով 1999թ. հոկտեմբերի 27-ը, բացարձակապես անտեղյակ համարեց իր ներգրավվելը խմբում։ Ի դեպ, թեեւ նա հայտնել էր դատարանին, որ ունի 8-ամյա կրթություն, սակայն դատաքննական ցուցմունքների ժամանակ օգտագործում էր բառեր, արտահայտություններ, որոնք նույնիսկ մենք ամենօրյա մեր խոսակցական լեզվում չենք օգտագործում։ Մասնավորապես, նկարագրելով 27-ի ցերեկը, նա հայտնեց, որ մեքենան տարել է «հավաքակայան»՝ նորոգելու։ Հավաքակայանում էլ տեղեկացել էր, թե կոնկրետ ինչն է «խափանվել», նկարագրեց, թե ինչպես է իրեն Էդիկը «ձայնել», թե ինչպես է չհասած ԱԺ դարպասներին՝ «քիչ անց անակնկալի եկել»։ Նա ներկայացրեց հոկտեմբերի 27-ի առավոտը, երբ ինքն ու ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը գնացել են «Նաիրի» մարզադաշտի մոտ, ուր քիչ անց իրենց է մոտեցել ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի մեքենան։ Այնտեղ է եղել Կարենը, որն իրենց հարեւանն էր եւ որին ճանաչել էր իբրեւ Նաիրիի եղբայր՝ 1981 թվականից։ «Կարենն ինձ դրամ տվեց, որ մեքենան բենզին լցնեմ ու ասաց, որ ժամը 3-ին իրեն սպասենք ՀԱ թաղամասի կապի հանգույցի մոտ եւ Կարենը Էդիկի հետ հեռացավ»,- շարունակեց ամբաստանյալը, ու հայտնեց, որ այդ ժամանակ էլ իրենք գնացել են Ղռեր եւ Դերոն տնից կանչել է իր ընկերոջը, որին տեսել է առաջին անգամ։ Դա Համլետ Ստեփանյանն էր։ Ի դեպ, նկատենք, որ Դերենիկ Բեջանովի եւ Աշոտ Կնյազյանի դատաքննական ցուցմունքներում նկարագրված այս դրվագը համապատասխանում էր իրար։ Աշոտ Կնյազյանը, որ մինչ այդ նկարագրել էր հոկտեմբերի 27-ի ցերեկը, թե «գտնված լինելով գինովցած վիճակում, ես մոռացել էի Դերոյի ասած հանդիպմանս մասին», հայտնեց, թե ինչպես էր Դերոն Կարենի ուղարկած օղին ու խաչապուրին բացել ավտոմեքենայում եւ որ ինքն ու Համլետն էլ չեն խմել։ Մինչ ԱԺ հասնելը, հետեւելով Էդիկ Գրիգորյանի մեքենային, նրանք կանգ են առնում եւ Էդիկը իր ՌԱՖ-ն է տեղափոխում «բերանը կապած պարկով ինչ-որ բան եւ սեւ գույնի դիպլոմատ պայուսակ»։ Նա փորձեց ցույց տալ, որ եղել է անտարբեր, որ հետեւել է մեքենաների անցուդարձին եւ չէր նկատել, թե ինչպես են Դերոն ու Էդիկը իջել մեքենայից։ «Չհասած ԱԺ դարպասներին,- շարունակեց ամբաստանյալ Ա. Կնյազյանը,- ներսից դուրս եկող անձանցից լսեցի արդեն կատարվածի մասին, անակնկալի գալով ես շրջվեցի, որպեսզի գնամ դեպի ՌԱՖ-ը, տեսա իմ հետեւում կանգնած Համլետին»։ Համլետի հետ թողնում-հեռանում են, իսկ հոկտեմբերի 30-ին տնից նրան ուղեկցում են զինվորական դատախազություն։ Ի դեպ, շարադրանքը տարակուսանք առաջացրեց դատավարության մասնակիցների մեջ, ցույց տվեցին նրա նախաքննական ձեռագիր ցուցմունքները, իսկ դատավոր Սամվել Ուզունյանն էլ փաստեց, թե «մի տարվա մեջ շատ կտրուկ ձեռագրի փոփոխություն է եղել»։ Ամբաստանյալի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանն էլ «մի քիչ» կասկածեց իր պաշտպանյալի գրածին, սակայն պաշտպանյալը պնդեց, թե ինքն է ձեւակերպել եւ գրել։ Պաշտպանը սկսեց հարցաքննել իր պաշտպանյալին, ըստ այդ հարցաքննության էլ, ամբաստանյալ Կնյազյանն իրեն խմբի անդամ չհամարեց, ասաց, որ չի իմացել, թե Նաիրի Հունանյանը ծրագիր է գրել, հայտնեց, որ Դերենիկ Բեջանովի զենք ունենալու մասին ինքն իմացել է ապրիլ-մայիսին։ Ամբաստանյալներից հարց ուներ տալու Կարեն Հունանյանը, որին ավելի շատ հետաքրքրում է ոչ իրենց գործած ոճրագործության փաստը, այլ թե ինչ է տեղի ունեցել ոճրագործությունից հետո, նախաքննության ժամանակ։ Ամբաստանյալ Ա. Կնյազյանը խուսափեց, ակնարկելով, որ չի պատասխանի այդօրինակ հարցերին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել