Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ 39 ՄԼՆ ԴՐԱՄԻ՞

Օգոստոս 14,2002 00:00

ՀԱՆՈՒՆ 39 ՄԼՆ ԴՐԱՄԻ՞ «Էն հիվանդը, որը տուբերկուլյոզով է հիվանդ՝ իրեն քիչ է, պիտի խոլերայով էլ վարակվի»,- այսպես մեկնաբանեց Շիրակի մարզի բուժհիմնարկներն օպտիմալացնելու ՀՀ կառավարության որոշումը Գյումրիի թիվ մեկ հիվանդանոցի բժիշկ Լեռնիկ Մխիթարյանը։ Երեկ գյումրեցի բժիշկները ժամանել էին Երեւան, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեին ՀՀ նախագահին եւ կառավարությանը՝ հայտարարելով, թե «սա կուրորեն հաստատված ծրագիր է» եւ, որ տեղական իշխանությունները համառորեն չլսելով իրենց հորդորները ոչ միայն «նախագահին են մեր աչքից գցում», այլ փաստորեն, ըստ ամենայնի նպաստում են աղետի գոտում արտագաղթին։ Քանզի եթե այդ մեկուկես տարի իրականացվող ծրագիրն ի վերջո հաջողությամբ պսակվի, ապա գործազուրկների մի մեծ բանակ կշտապի բախտն օտար վայրերում փորձելու։ Սա, ի հեճուկս մինչեւ նախագահական ընտրություններ բացվելիք նոր աշխատատեղերի, տնտեսական աճի եւ սոցիալական վիճակի բարելավման։ Ըստ հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Գեւորգ Խումարյանի, օպտիմալացում ենթադրող կենտրոնացման փոխարեն, «ծառայությունների դուբլիկատներ» են ստեղծվում։ Մարզում գործող մեկական ուրոլոգիական, տրավմատոլոգիական, կարդիոլոգիական եւ այլ ծառայությունների փոխարեն այժմ երկուսն են գործում, որն էլ, ըստ բժշկի, պետական միջոցների ուղղակի փոշիացում է։ Կոնկրետ դեպքում բազմապրոֆիլ վիրաբուժական թիվ մեկ հիվանդանոցը նախատեսվում է միացնել նույն ուղղվածության թիվ երկու հիվանդանոցին։ Ըստ օպտիմալացման ծրագրի, միացման հիմքում պիտի լինեն շենքային պայմանները, բուժսարքավորումները, բուժած հիվանդների քանակը, մահճակալների թիվը։ Նախ, գյումրեցի բժիշկները վկայում են, որ թիվ մեկ հիվանդանոցը, ըստ սանէպիդկայանի տվյալների, ամենալավ հարմարեցվածն է, ունի 4 վիրահատարան՝ թիվ երկուսի երկու վիրահատարանի փոխարեն, կրկնակի ավելի թվով հիվանդներ (մոտ 50) եւ մահճակալներ՝ 90։ Բացի այդ, Գեւորգ Խումարյանը օպտիմալացման ծրագիրը «ավանտյուրա» է համարում նաեւ այն պատճառով, որ «խստագույնս խախտվում են բժշկական նորմատիվները»։ Կոնկրետ՝ վիրաբուժական ողջ ցիկլի կենտրոնացումը, այն էլ՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող տեղում. «Աստված մի արասցե, բայց եթե նորից երկրաշարժ լինի եւ այդ շենքը փլվի, ի՞նչ պիտի անենք»,- հարցնում է բժիշկը եւ հիշեցնում, որ թիվ մեկ հիվանդանոցը երկրաշարժից հետո կանգուն մնացած միակ հիվանդանոցն էր, որտեղ էլ ողջ քաղաքի բուժսպասարկում էր իրականացվում։ Ի դեպ, այս ամենի մեղավորն, ըստ գյումրեցի բժիշկների, Շիրակի մարզի Առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանն է, որը «առանց հետազոտության եւ միանձնյա նախագիծ է կազմել, հիմա էլ իրականացնում է»։ Ըստ այդ վարչության պետի 2001թ. մարտի 12-ի ներկայացրած փաստաթղթի, թիվ մեկ հիվանդանոցի շենքը սեյսմակայուն չէ, այդ պատճառով էլ այն, այսպես ասած, պետք է փակվի։ Բայց այդ փաստաթուղթը լույս աշխարհ է եկել ծրագրի հաստատումից մոտ մեկ ամիս հետո։ Ծրագիրը հաստատվել է 2001-ի փետրվարի 24-ին։ Իսկ այդ նույն վարչության պետի, 1997թ. ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման բաժին ներկայացրած փաստաթղթով, վերոհիշյալ կառույցը համարվել է «սեյսմակայուն եւ լիցենզավորման ենթակա»։ Ի դեպ, Ռուբեն Խաչատրյանը 97-98թթ. համատեղել է մարզային առողջապահության վարչության պետի եւ թիվ մեկ հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնները (միեւնույն ժամանակ նաեւ ԱԺ պատգամավոր էր)։ Այժմ ոչ սեյսմակայուն որակվող այդ շենքի համար, Ռ. Խաչատրյանի համատեղության կարգով աշխատանքի ժամանակ, բժիշկների գնահատմամբ՝ «5 աստղանի» զուգարաններ են կառուցվել, որը կոլեկտիվին արժեցել է 24 մլն դրամ։ Այդ տարիներին կոլեկտիվի ուսերին է նստել նաեւ դեղորայքի դիմաց չվճարված 7 մլն դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 31 մլն դրամ պարտք։ Թիվ մեկ հիվանդանոցի կոլեկտիվը մարզում միակն է, որին 3 տարի 7 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Այսօր կառավարությունն այդ մարդկանց պարտք է 39 մլն դրամ։ Բժիշկ Լեռնիկ Մխիթարյանի կարծիքով, «այս խաղը տարվում է, որպեսզի այդ պարտքը չմարվի՝ չի լինի հիվանդանոցը, չի լինի կոլեկտիվը, չի լինի նաեւ պարտքը»։ Իսկ օպտիմալացման ծրագրով, օպտիմիզացիոն հիվանդանոցի բոլոր կրեդիտորական պարտքերը պետք է մարվեն։ Օպտիմիզացիայի արդյունքում, ճիշտ է, առայժմ լռում են աշխատատեղերի կրճատման մասին, բայց բժիշկները համոզված են, որ դրանք զուգահեռ ընթացող երեւույթներ են։ Ըստ գյումրեցի բժիշկների, սա միակ հավանական վարկածն է, քանզի թիվ մեկ հիվանդանոցի շենքը պատկանում է քաղաքապետարանին, քաղաքապետն էլ որեւէ կերպ այն չի զիջել մարզին։ Եվ բացի այդ, այն հաշվառված է իբրեւ հուշարձանային շինություն եւ քանդման ենթակա չէ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել