Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյուղերն ամայանում են դպրոցի բացակայությունից

Սեպտեմբեր 17,2003 00:00

Գյուղերն ամայանում են դպրոցի բացակայությունից Ազատագրված տարածքները վերաբնակեցնելու հարցում առաջնահերթ խնդիր է համարվում դպրոցաշինությունը: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած մարդ, ով վերաբնակության ցանկություն է հայտնում, առաջին հերթին հետաքրքրվում է, թե արդյոք գյուղը, որտեղ ինքը պիտի բնակվի, ունի՞ դպրոց եւ համապատասխան կադրեր: Հաճախ նրանք այս հարցը գերադասում են լույսի կամ ջրի խնդրից: Սրանում բազմիցս համոզվել ենք՝ վերաբնակիչների հետ շփումների ժամանակ: Շահումյանի (նախկին Քարվաճառ) շրջանն, օրինակ, դեռեւս ամբողջությամբ ապահովված չէ հոսանքով, դեռեւս վերջնականապես լուծված չէ ջրի հարցը, սակայն շրջանի գրեթե բոլոր գյուղերում արդեն գործում են դպրոցները: Եվ երեխաներն ստիպված չեն անտառների միջով կիլոմետրեր կտրել՝ հաջորդ գյուղի դպրոց հասնելու համար: Շահումյանի շրջանի Եղեգնուտ, Դադիվանք, Նոր Մանաշիդ, Զուար, Չարեքտար գյուղերում, որտեղ այցելել էինք հենց այս խնդրի կապակցությամբ, դպրոցաշինությունն իրականացնում էր ԱՄՆ «Հայ կրթական հիմնարկություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Կազմակերպությունն առաջինն է, որ իր այս առաքելությամբ մտել է Ջավախք եւ առաջինը, որ պաշտոնապես գործունեություն է ծավալել ԼՂՀ-ում՝ արդեն 6 տարի (Քաշաթաղի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններ, Ստեփանակերտ եւ այլն)՝ ԼՂՀ կառավարության կողմից պարգեւատրվելով երախտագիտության շքանշանով: «Հայ կրթական հիմնարկության» ներկայացուցիչ Ստեփան Նալբանդյանի հետ զրույցում պարզեցինք, որ Զուար գյուղում, օրինակ, դպրոցը կառուցելուց հետո աշակերտների թիվը 32-ից հասել է 80-ի: Այն դեպքում, երբ մարդիկ պատրաստ են տասնյակ մետրերով ջուր կրել՝ եւ խմելու, եւ կենցաղային հոգսերը հոգալու համար, տարիներով շենացնել գյուղերը, որտեղ նույնիսկ հոսանք էլ չկա: Սակայն ԼՂՀ կառավարությունն առաջնային է համարում այս հարցերը, եւ տարեցտարի խոստումները գործնական տեսք են ստանում: Ս. Նալբանդյանը մի հետաքրքիր փաստ նշեց: Բարերարները, որոնք ցանկություն են հայտնում գումար ներդնել որեւէ գյուղում կրթօջախ կառուցելու համար, կարծես դառնում են դպրոցի կնքահայրը եւ հետագայում էլ շարունակում են օգնել դպրոցին: Մանավանդ երբ գալիս են Հայաստան՝ այցելելու իրենց սաներին, մի տեսակ կապվածություն է առաջանում, ու բարեգործներն սկսում են հոգալ շատ ուրիշ կարիքներ եւս: «Ասկերանի դպրոցներից մեկում բարերարը կտակ է արել՝ յուրաքանչյուր շրջանավարտի 30 հազար դրամ նվիրաբերել: Բարեգործներից շատերն անգամ ամաչում են, երբ դպրոցների պատերին իրենց հուշաքարն են տեսնում, որ իբրեւ երախտիքի նշան փակցվում է մեր կազմակերպության կողմից»,- ասաց Ս. Նալբանդյանը: Շահումյանի շրջանում բավականին մեծ բնակչությամբ (32 ընտանիք) միակ գյուղը Նոր Գետաշենն է, որ չունի դպրոց: Գյուղը հիմնադրվել է 4 տարի առաջ, եւ մինչեւ հիմա դասերն այստեղ անցկացվում են երկու բնակելի տներում: Դպրոցի տնօրեն Սիլվա Չիթչյանն ասում էր, որ գյուղը կրթական մեծ պոտենցիալ ունի, անցյալ տարվա 3 դիմորդներից 2-ը բուհ են ընդունվել. մեկը մանկավարժական ինստիտուտի Վարդենիսի մասնաճյուղ, մյուսը՝ Ստեփանակերտի համալսարան: Դպրոցն ունի գրադարան, որից օգտվում է գրեթե ողջ գյուղը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել