Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑԱՐԿԸ

Փետրվար 11,2004 00:00

ՀՌԱՀ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑԱՐԿԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը սովոր է, որ իր գործողություններն առանց այլեւայլության հաստատվեն դատարանների կողմից: Այլապես բացարկներ է հայտարարում դատավորներին: Տնտեսական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը երեկ երկրորդ անգամ բացարկի արժանացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցչի կողմից, որը կասկած հայտնեց դատավորի անաչառության վերաբերյալ եւ պնդեց, թե նա խոչընդոտում է գործի բազմակողմանի քննությանը: Առաջին անգամ Կարեն Չիլինգարյանը բացարկի էր արժանացել 2003-ի դեկտեմբերի 29-ին, երբ մերժել էր ՀՌԱՀ-ի միջնորդությունը «Ա1+»-ի նախագահին եւ գլխավոր պրոդյուսերին հարցաքննելու վերաբերյալ: Իսկ այս անգամվա բացարկի նախապատմությունը հետեւյալն էր: ՀՌԱՀ-ի 1-ին կարգի մասնագետ Վարսեր Կարապետյանը դատարանին ներկայացրեց «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի հարցազրույցը՝ հրապարակված «Առավոտի» 2003-ի հուլիսի 31-ի համարում, որտեղ նշված էր, թե նա ծանոթացել է իրենց մրցակիցներ «Երեւան», «TV-5» եւ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթներին եւ անգամ հայտնաբերել ապացույցներ, որոնք վկայում են, թե 2002-ին ՀՌԱՀ-ին տրված այդ փաթեթները ներքին կարգով վերադարձված են եղել (ի դեպ, այս հանգամանքը ՀՌԱՀ ներկայացուցիչն անգամ չփորձեց հերքել): Փոխարենը միջնորդեց «Առավոտի» այս հրապարակումը դիտել ապացույց, որ «Ա1+»-ի ներկայացուցիչները ծանոթ են փաթեթներին, ուստի հարկ չկա կատարել դիմումատու «Մելտեքս» ընկերության պահանջը, որ դատարանը պարտադրի ՀՌԱՀ-ին անհապաղ իրենց տրամադրել վերոհիշյալ երեք հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները: Թեեւ հրապարակման մեջ խոսք չկար այն մասին, թե Սուսաննա Օհանջանյանը նաեւ պատճենել է այդ առաջարկները՝ Վարսեր Կարապետյանը միջնորդեց այդ երեք հեռուստաընկերություններից առանձնացնել «Արմենիա»-ի մրցութային փաթեթը տրամադրելու պահանջը: Դատավորն էլ մերժեց այս միջնորդությունը՝ անմիջապես արժանանալով բացարկի, որի լուծումը պիտի որոշի Տնտեսական դատարանի նախագահը: Փաթեթներ ներկայացնել-չներկայացնելու հարցն, ըստ էության, հարակից պահանջ է դեռ 2003-ի սեպտեմբերի 29-ին ներկայացված այս հայցադիմումում, որով «Ա1+»-ը փորձում է պարտադրել ՀՌԱՀ-ին, որ ներկայացնի արտոնագիր տրամադրելու մերժման հիմնավորումները: Եվ երեկ էլ՝ 5-րդ դատական նիստի ընթացքում «Մելտեքսի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց, թե իրենք փաթեթների պատճեններն են պահանջում, որպեսզի դրանցում առկա տեղեկությունները համեմատելով «Ա1+»-ի փաթեթի հետ՝ ըմբռնեն, թե ինչու է «մերժվել» իրենց առաջարկը: Նշենք նաեւ, որ ՀՌԱՀ-ը համառորեն հրաժարվում է ներկայացնել իր մերժման հիմքերը, թեեւ Արա Զոհրաբյանը երեկ էլ հիշեցրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածի պահանջը, ըստ որի՝ «արտոնագիր տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին»: «Երեւան» եւ «TV-5» հեռուստաընկերությունների առավելություններն «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» համեմատ ըմբռնելու համար Մամուլի ազգային ակումբն էլ անցած տարվա աշնանն էր հանդես եկել փորձագիտական անկախ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը պիտի ուսումնասիրեր նրանց փաթեթները եւ օրենքով սահմանված 4 չափորոշիչներին համապատասխանության հիման վրա ներկայացներ եզրակացություն: Ըստ ՄԱԱ վարչության անդամ եւ այդ հանձնաժողովի փորձագետ Նարինե Դիլբարյանի՝ իրենք այդ հանձնաժողովին մաս կազմելու հրավեր էին հղել ԱԺ բոլոր կուսակցություններին, մամուլի եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Ուշագրավ է որոշ արձագանքների մասին Նարինե Դիլբարյանի պատմածը. «Առաջին իսկ հանդիպմանը փորձագետների մի մասն ընկրկեց՝ տեսնելով այդ վիթխարի փաթեթները: ՄԱԿ-ի փորձագետը հենց այդ ժամանակ ասաց, թե ինքը չի կարող այդպիսի ծավալի աշխատանք կատարել: «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Աղասի Արշակյանն ասաց, թե ինքը միանշանակ կողմ է «Ա1+»-ի վերաբացմանը, բայց այդքան մեծ փաթեթներ կարդալը ժամանակ է պահանջում եւ այլն: Փաթեթները վերցրին ՀՀԿ-ի, ՀԺԿ-ի, «ՊԷն» ակումբի, Հելսինկյան ընկերակցության, Հայաստանի փաստաբանների միության ներկայացուցիչները: Մնացածները չեկան մեր համառ զանգերից հետո անգամ եւ ինքներս ուղարկեցինք Հելսինկյան կոմիտեին, «Ինտերնյուսին», «Հետաքննող լրագրողների ընկերակցությանը» եւ այլ շուրջ 30 հասցեներով»: Մինչ այժմ միայն 4 կազմակերպություններ են ներկայացրել իրենց եզրակացությունները: Եվ դրանք բոլորն էլ հոգուտ «Ա1+»-ի են: Ի դեպ, այս օրինակի վրա համոզվելով, որ փաթեթներին ծանոթացածների եզրակացությունները չեն համընկնում ՀՌԱՀ-ի որոշումներին՝ պարզ է դառնում, թե ինչու վերջին մրցույթից առաջ Գրիգոր Ամալյանն ըստ էության մերժեց փորձագետներ ներգրավելու՝ Երեւանի մամուլի ակումբի եւ այլոց առաջարկները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել