Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Նոյեմբեր 11,2004 00:00 Share

Հայկական
մենթալիտետը Ավստրիայում «Ավստրիական ավիաուղիները» լրագրողական փոքրիկ խումբ
էր տարել Ավստրիա՝ իրենց Երեւան-Վիեննա շաբաթական 5-րդ չվերթի բացման առիթով: Մեկ
օր լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շրջել Վիեննայում: Հայերը Ավստրիայում
հիմնականում ներգրավված են բիզնեսի ու առեւտրի ոլորտում: Այստեղ ապրում է 6-7 հազար
հայ: Պարզվում է՝ բազմաթիվ նշանավոր խանութներ, որտեղ վաճառվում են անտիկվար ապրանքներ՝
մասնավորապես թանկարժեք հնամյա գորգեր, պատկանում են հայերին: Վիեննայում մեծ համբավ
է վայելում հատկապես Վարդյան ընտանիքը: Ի տարբերություն Երեւանի, ավստրիական
մայրաքաղաքի փողոցները նեղլիկ են, սակայն այդ փողոցներում անգամ երթեւեկությունը
կանոնավոր է, չես հանդիպի վազանցող, լուսացույցն արհամարհող մեքենաների, մնացած մեքենաների
վարորդները դա թույլ չեն տա, պարզապես կփակեն «հանդուգն» մեքենայի ճանապարհը եւ վերջ:
Ավստրիացի էքսկուրսավարի համոզմամբ, եթե որեւէ քաղաքացի փողոցն անցնում է լուսացույցի
կարմիր լույսի ժամանակ, հաստատ հայ է կամ այլ երկրից ժամանած զբոսաշրջիկ, որովհետեւ
տեղացիներն այդպես չեն վարվում: Վիեննայում վճարելով 2 եվրո, հնարավոր է հեծանիվ
վարձել ու քաղաքում շրջելուց հետո վերադարձնել ցանկացած հեծանվային հավաքակայան:
5-6 եվրոյով կարելի է հայտնվել Ձիավարժության եւ ձիավարության իսպանական դպրոցում
ու դիտել ազնվացեղ ձիերի պարը՝ դասական երաժշտության հնչյունների ներքո: Ավստրիացիների
հպարտությունն է Մշակույթի պատմության թանգարանը, որը կառուցվել է կայսերական հավաքածուների
համար: Ներկայացված է ավելի քան 2000 գլուխգործոց՝ Դյուրի, Ռեմբրանդտի, Ռուբենսի,
Գոյայի, Ռաֆայելի, Տիցիանի, Վելասկեսի եւ այլոց բնօրինակները: Թեեւ դրանց կողքին
չի թույլատրվում լուսանկարվել, հայ լրագրողներս այս հարցում էլ մեր մենթալիտետով
առանձնացանք եվրոպացիներից: Լրագրողներին բնականաբար հետաքրքրում էր՝ գրանցվե՞լ են
գողության դեպքեր: «Անցյալ տարի թանգարանից գողացել են հնամյա ոսկյա զարդեր, որոնք
մինչ այժմ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրեց թանգարանի աշխատակցուհի Իրինա Կուբադինոն:
Պակաս գրավիչ չէ Վիեննայի օպերային թատրոնը: Այստեղ տարբեր տարիների տնօրեններ
են եղել Գուստավ Մալերը, Ռիխարդ Շտրաուսը, Հերբերտ ֆոն Կարայանը եւ ուրիշներ: Վիեննայի
օպերային թատրոնի տոմսերը մինչեւ 280 եվրո արժեն: 2-3 եվրոյով կարելի է պարտերում
կանգնած դիտել ներկայացումը, սակայն այս դեպքում էլ բախտը ոչ բոլորին կարող է ժպտալ:
Գեղեցիկ է հունական ճարտարապետության ոճով կառուցված Պառլամենտի շենքը, որը դրսից
զարդարում է իմաստնության աստվածուհին՝ Աթենաս Պալլասը: Հայերի պես ավստրիացիներն
էլ հիացած չեն իրենց պատգամավորներով: Աթենաս Պալլասի արձանի մասին Վիեննայում հաճախ
են կատակում՝ «Իմաստնությունը պիտի դրսում լինի, քանի որ շենքի ներսում՝ նախարարների
ու պատգամավորների մոտ, նրա համար տեղ չկա»: 1685թ. Դեոդատոն՝ հայազգի Հարություն
Աստվածատրյանը, Վիեննայում հիմնել է առաջին սրճարանը: Նա Լեոպոլդ կայսեր թույլտվությամբ
սուրճ է վաճառել, որը երկար ժամանակ ավստրիացիները անվանում էին «սեւ ջուր»: Սրճարանն
այժմ չի գործում, բայց ամեն վիեննացի էլ գիտի, որ Ռոթենթորմ շտրասե-14 հասցեում իրենց
նախնիներն առաջին անգամ սուրճ են համտեսել: Ավստրիայի գլխավոր եկեղեցին սուրբ Ստեփանոսի
տաճարն է, որի մուտքի մոտ, ինչպես մեր սբ. Սարգիս եկեղեցու դիմաց, մուրացկան կամ
գուցե մոլեռանդ հավատացյալ էր նստած: Ի դեպ, սբ. Ստեփանոսի տաճարում են ամուսնացել
Մոցարտը, Շտրաուսը եւ նրա որդիներից մեկը: Շուրջ 40 գերեզմանատուն կա Վիեննայում,
ամենահինը կենտրոնականն է՝ 3 մլն ննջեցյալով: Պարզվում է՝ այստեղ ավելի շատ մարդ
է թաղված, քան Վիեննայում ապրողներն են՝ 1մլն 700 հազար: Հարեւանությամբ են ամփոփված
Շուբերտի, Բեթհովենի, Շտրաուսի, Բրամսի եւ մյուս մեծերի աճյունները: Նույն գերեզմանատանը
թաղված են մեծ հայասեր եւ հումանիստ Ֆրանց Վերֆելը, Ավստրիայի 7 նախագահները: Վիեննայի
կենտրոնում են գտնվում «Իմպերիալ» հյուրանոցն ու քաղաքային բանտը: Բացի թանկարժեք
լինելուց, այս հյուրանոցը նշանավոր է նրանով, որ այստեղ գիշերել են Սոֆի Լորենն ու
Նիկիտա Խրուշչովը: Ինչ վերաբերում է բանտին, այն արտաքուստ հետաքրքիր շինություն
է: Ընդհանրապես Վիեննայում բնակելի շենքերը կարելի է շփոթել թանգարանների ու մշակույթի
օջախների հետ: 1811-ից Վիեննայում են հաստատվել Մխիթարյանները եւ Միաբանության հարակից
նրբանցքն էլ կոչվում է իրենց անունով: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Երեւան-Վիեննա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել