Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

Հունիս 27,2006 00:00

Ասում
է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը Երեկ «Ա-Ինֆո»
գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, «Վրաստանի սահմանների պաշտպանության
դեպարտամենտի որոշմամբ, հայ-վրացական սահմանի վրացական հատվածում ավելացվել է սահմանապահ
ուղեկալների թիվը: Նոր ուղեկալ է բացվել Նինոծմինդայի շրջանի Կալինինո գյուղում:
Միաժամանակ թուլացվել է վրաց-թուրքական սահմանի վրացական կողմից տարվող հսկողությունը»:
Երեկ այս տեղեկության առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Վրաստանի
խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանից: Նախ, անդրադառնալով հայ-վրացական
սահմանի ամրապնդման մասին տեղեկություններին՝ պարոն Բայբուրդյանը դրանք ապատեղեկատվություն
որակեց ու հավելեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Վրաստանի սահմանապահների պաշտպանության
դեպարտամենտի նախագահ Պատրի Բիցաձեի հետ եմ զրուցել, նա հավաստիացրեց, որ սահմանապահները
գտնվում են սովորական ռեժիմի ծառայության մեջ, բացարձակապես որեւէ շինարարական աշխատանքներ
կամ անցագրային ռեժիմի խստացման ուղղությամբ որեւէ աշխատանք չեն տարվում: Ուղղակի
խնդրում եմ՝ հերքել տարածված այդ ապատեղեկատվությունը: Ավելին, Պ. Բիցաձեն նաեւ հավելեց,
որ ընդհանրապես նման բան չի էլ ծրագրվում, մանավանդ որ ապառազմականացման հանձնաժողովը
դեռ իր աշխատանքներն ամբողջությամբ չի ավարտել, բայց եթե դա էլ արվի, միեւնույն է՝
Հայաստանի հետ Վրաստանի սահմանի որեւէ ամրապնդում չի լինելու: Ես հնարավոր եմ համարում,
որ դա անում է Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի
հետ կապված, թեեւ դրանում էլ վստահ չեմ, որովհետեւ չեմ լսել նման բան, բայց դա որեւէ
կապ չունի սահմանապահների հետ»: Վ. Բայբուրդյանը մեր զրույցի ժամանակ կարծիք
հայտնեց, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ կապված Ջավաքխի հարցի շահարկման հետ,
մեծ հարված կարող է հասցնել հայ-վրացական հարաբերություններին. «Սա շատ կեղտոտ բան
է, որը ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս անել: Սա կրակի հետ խաղալ է նշանակում»: Այդուհանդերձ,
միայն հայաստանյան գործիչները չէ, որ խոսում են Ջավախքի խնդիրների, առավել եւս՝ Ջավախքին
ինքնավարության, անգամ կոնֆեդերացիայի կարգավիճակ տալու մասին: Հայաստանում այդպիսի
ազդակներ ստանում են հենց Ջավախքում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:
Արդյո՞ք նրանք ջավախահայության վրա մեծ ազդեցություն ունեն ու ունե՞ն նրանց
աջակցությունը: «Ոչ: Եթե նրանք ջավախահայության կողմից աջակցություն ունենային, գոնե
մեկ անգամ կընտրվեին Վրաստանի խորհրդարանում: Փաստն այն է, որ այսօր երեք հայազգի
պատգամավոր կա Վրաստանի խորհրդարանում, ովքեր բավականին նորմալ մարդիկ են: Իսկ ձեր
մատնանշած մարդիկ նույնիսկ տեղական ընտրություններում տեղի հայության կողմից աջակցություն
չունեն, անգամ գյուղխորհուրդներ չեն կարողանում անցնել: Ինչի՞ մասին է խոսքը: Սա
միմիայն մեր՝ հայ-վրացական հարաբերությունները լարելու նպատակով է արվում՝ մեր թշնամիների
ջրաղացին ջուր լցնելու գնով»,- համոզմունք հայտնեց պարոն Բայբուրդյանը: Ինչ
վերաբերում է Ջավախքին մեկ կոնֆեդերացիայի, մեկ մշակութային ինքնավարության կարգավիճակ
տալուն, ապա Վ. Բայբուրդյանի համոզմամբ, «հենց հիմա Ախալքալաքում ու Նինոծմինդայում
այդպիսի մշակութային ինքնավարություն կա: Միայն այդ երկու շրջաններում 112 հայկական
դպրոցներ, 7-8 հայկական մշակութային համույթներ են գործում, որոնք ֆինանսավորվում
են Վրաստանի կառավարության կողմից, երկու շրջաններում էլ կան հայալեզու ռադիոկայաններ
ու հեռուստատեսություն»,- ասաց Վրաստանի պատգամավորը: Հայաստանում ու Ջավախքում
շատ է խոսվում նաեւ հայազգի պաշտոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝
հավաստիացնելով, թե նրանց պաշտոնանկ են անում վրացերենի չիմացության պատճառով: Վ.
Բայբուրդյանը հերքեց նաեւ այս տեղեկությունները. «Սուտ է: Օրինակ, դատավորների համար
էին նման բան ասում: Նրանց իրականում ազատել են ոչ թե վրացերենի չիմացության, այլ
իրենց պարտականությունները վատ կատարելու համար: Այն նոր դատավորները, որոնց հիմա
նոր նշանակել են, եւս հայեր են՝ Ախալքալաքից ու Նինոծմինդայից, ու նրանցից միայն
մեկն է մի քիչ տիրապետում վրացերենին: Հարց եմ տալիս՝ կարելի՞ է 15 տարվա ընթացքում
գոռալ՝ վրացերեն չգիտեն, երբ 15 տարվա ընթացքում հո կարելի՞ էր սովորել վրացերենը
գոնե կենցաղային մակարդակով, որ նման առարկություններ էլ չլինեին»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել