Լրահոս
Օրվա լրահոսը

Հին թշնամանք՝ տնտեսական հողի վրա՞

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Սկսվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը

Անցյալ տարի հունիսի 22-ին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում օրը ցերեկով ինքնաձիգի կրակահերթից սպանվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը, որը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի նախագահն էր: Այդ հանցագործությանը զոհ դարձավ նաեւ պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Մալաթիայի բնակիչները, ովքեր տեղյակ էին Զատիկյանների եւ Հակոբյանների (ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, եղբոր ու նրա որդու՝ Վարդան Հակոբյանի) միջեւ եղած լարված փոխհարաբերություններին, անմիջապես սկսեցին կասկածել Հակոբյաններին: Հանցագործությունը բացահայտվեց մեկ տարի անց, եւ գործն ուղարկվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան: Նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանը դռնփակ նիստ անցկացնելու որոշում կայացրեց: Հավանաբար դա ճիշտ որոշում էր, քանի որ մեծ էր լարվածությունը կողմերի համակիրների շրջանում եւ նրանց միջեւ ցանկացած շփում, աննշան թվացող դիպված կարող էր նոր հանցագործության պատճառ դառնալ: Մեր տեղեկություններով՝ ամբաստանյալների անվտանգությունն ապահովելու համար, նրանց ՔԿՀ-ից-դատարան ուղեկցող խումբը հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ այդ ամբողջ գործընթացը նաեւ նկարահանվում է:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալների աթոռին են հայտնվել Արսեն Առուշանյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Լուսինե Ղեւոնդյանը: Դատաքննությանը թողնելով նրանց մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքը, փորձենք հետադարձ հայացքով ի մի բերել այդ հանցագործության հնարավոր դրդապատճառները, դրանց վերաբերյալ մամուլում շրջանառված ու չշրջանառված վարկածները:

Սպանությանը հաջորդած օրերին լուրեր տարածվեցին, թե Սեդրակն ինչ-որ մեկին գումար է պարտք եղել եւ սպանությունը պարտատիրոջ ձեռքի գործը կարող է լինել, մեկ այլ դեպքում շրջանառության մեջ դրեցին ԵԿՄ նախագահ, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի անունը, թե նա, իբր, Սեդրակից ցանկացել է գնել վերջինիս պատկանող «Փարոս» ռեստորանը, սակայն ռեստորանի սեփականատերը չի համաձայնել, ինչի արդյունքում կարող էր նրանց միջեւ կոնֆլիկտը սրվել: Բայց սպանությունը, ինչպես արդեն ասվեց, հիմնականում կապվում էր հենց Հակոբյանների՝ հատկապես ԱԺ պատգամավորի եղբոր որդու՝ Վարդան Հակոբյանի անվան հետ, իսկ որպես վարկածներ նշվում էին 2003-ի խորհրդարանական ընտրությունները, տնտեսական շահերը եւ Զատիկյանների ու Հակոբյանների ընտանիքների միջեւ եղած թշնամանքը: Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ ընտրությունների, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում կողմերի միջեւ ծագած բախումները պարզապես նպաստել են սպանության կատարմանը, իսկ ընդհանուր առմամբ՝ շատ հնարավոր է, որ պատճառը եղել է ե՛ւ տնտեսական շահը, ե՛ւ վաղուց եղած թշնամանքը: Մեր տեղեկություններով, մինչեւ Վահան Զատիկյանի մահը, Զատիկյանների եւ Հակոբյանների միջեւ եղել են «սառը պատերազմական» հարաբերություններ, իսկ նրա մահից հետո ընտանիքների հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սկսել են լարվել: Եվ, հավանաբար, այդ հակամարտությունն այնքան խորն է եղել, որ սպանության հանգեցնելուց բացի, գրեթե ամբողջ Մալաթիան է բաժանվել երկու թիմի. Սեդրակի հուղարկավորության օրը Զատիկյանների կողմնակիցները փակել էին իրենց խանութներն ու օբյեկտները եւ գնացել վերջին հրաժեշտը տալու սպանված երիտասարդին, իսկ շատ քիչ օբյեկտներ, որոնց տերերը, հավանաբար, մյուս թիմից էին, աշխատում էին, կարծես ոչինչ էլ չէր եղել:

Այդուհանդերձ, թշնամանքի ակունքները գտնելու համար մի փոքր էլ հետ գնանք եւ արձանագրենք, որ Վահան Զատիկյանը մեծ հեղինակություն է ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների շրջանում՝ թե՛ որպես համայնքապետ, թե որպես ազատամարտիկ, մարզիկ ու ԱԺ պատգամավոր: Պատերազմի տարիներին, երբ ժողովուրդը հացի խնդիր ուներ եւ այն լուծելու համար գործարանների սարքավորումներ էին ուղարկվում դաշնակից եւ ոչ դաշնակից երկրներ՝ այնտեղից հացամթերք ու այլ սննդամթերք ստանալու համար, Վ. Զատիկյանը չէր համակերպվում այն մտքի հետ, որ համայնքի «Անուշ» եւ «Մետաքս» ֆաբրիկաները եւս արժանանալու են արտադրական միջոցներից զրկվելու ճակատագրին: Նա միեւնույն ժամանակ աշխատում էր ամեն կերպ օգնել անպաշտպանին եւ զսպել անզուսպներին ու զոռբաներին: Գուցե դա էր պատճառը, որ Զատիկյանի՝ օրեցօր աճող հեղինակությունը ստվերում էր ոմանց եւ նրանց հոգում, հավանաբար, աճում էր ոչ միայն նախանձը, այլ նաեւ համայնքի տնտեսական միջոցներին տիրանալու ախորժակը: Վահան Զատիկյանը մահանում է 1999-ի հոկտեմբերի 8-ին՝ ինֆարկտից, ինչին հաջորդում են խոսակցությունները՝ նրան թունավորելու մասին, եւ հարազատները պահանջում են արտաշիրմում անել: Սակայն նույնքան չճշտված տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի այն ժամանակվա դատախազ Վլադիմիր Գրիգորյանը վախեցել է դա անել, քանի որ նրան ինչ-որ մարդիկ սպառնացել են՝ արտաշիրմում անելու թույլտվություն տալու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ: Այդ խոսակցությունները մարեցին, իսկ որոշ մալաթիացիներ, այդ թվում՝ Հակոբյանները, ընդլայնեցին իրենց բիզնեսը՝ շուկա, տոնավաճառ, սրճարաններ: Իսկ թե Սեդրակ Զատիկյանի սպանությունը կապ ուներ նշված հանգամանքների հետ, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել