Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հոմոսեքսուալներն էլ են պաշտպանված

Հունվար 13,2009 00:00

Չնայած նրանց կարծիքը չեն հարցրել

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ դեկտեմբերի 9-ին 64 երկրների թվում Հայաստանը եւս ստորագրել է մի հայտարարության տակ, ըստ որի՝ մեր երկիրն այլեւս պարտավորվում է բացառել համասեռամոլների հանդեպ ցանկացած բռնություն: Փաստաթուղթը Հայաստանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Երեկ այդ թեմայով մի քննարկում էր կազմակերպվել «Հայելի» ակումբում, որին մասնակցում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ մինչեւ վերջերս սոցքարտերի ու մարդկային համարակալման դեմ պայքարող Խաչիկ Ստամբոլցյանը:
Ձ. Աղաջանյանի կարծիքով, հարցն ավելորդ անգած ծայրահեղացվում է. «Մանավանդ՝ խոսքը ոչ թե ինչ-որ կոնվենցիայի, այլ ընդամենը քաղաքական հայտարարության մասին է, որում, ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության ենթակա օբյեկտների, նշված են նաեւ սեռական փոքրամասնությունները եւ սեռային ինքնության առումով մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Կ. Դանիելյանը հայտարարեց, որ երկար է փնտրել, բայց այդպես էլ ոչ ԱԳ նախարարության, ոչ էլ ՄԱԿ-ի վեբ-կայքում փաստաթուղթը չի գտել, ու ստիպված Ձ. Աղաջանյանից է տեքստը խնդրել: «Դրան ծանոթանալով՝ հասկացա, որ փաստաթուղթը զուտ մարդու իրավունքներին չի վերաբերում, դա հստակ նպատակաուղղված է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը… Ես հասկանում եմ, թե ինչքան բարդ է մեր երկրի ու մեր արտգործնախարարության համար չմիանալը ՄԱԿ-ի որեւէ հռչակագրի, բայց մյուս կողմից՝ այդ ինչպե՞ս է, որ Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը ու էլի շատ երկրներ չեն միացել, ու յուրաքանչյուրը գտել է համապատասխան պատճառաբանություն: Օրինակ, Պուտինը հայտարարել է, որ իրենք ժողովրդագրական խնդիր ունեն եւ պետք է հակառակ ուղղությամբ մտածեն, այլ ոչ թե սեռական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ գնան»,- ասաց տիկին Դանիելյանը՝ հավելելով, որ այս «մասով» նաեւ օրենսդրական բաց ունենք: Նա հետաքրքրվեց, թե մինչ փաստաթղթին միանալը՝ մեր երկիրն ի՞նչ ճանապարհ է անցել, ինչպիսի՞ քննարկումներ են եղել:
ԱԳՆ ներկայացուցիչը, ի պատասխան, ասաց. «Մենք բազմաթիվ հայտարարությունների ենք միանում, այդ թվում՝ նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության մաս կազմելու եւ այլն: Դրանք բոլորը արտաքին քաղաքական հայտարարություններ են, դրանցից ոչ մեկը ներօրենսդրական համաձայնեցման գործընթաց չի ենթադրում: Ինչ վերաբերում է այս հայտարարությանը, այն հստակ է իր բոլոր դրույթներով, ուստի Հայաստանն էլ, ելնելով իր բոլոր հանձնառություններից՝ մարդու իրավունքների ոլորտում, նպատակահարմար է գտել միանալ»:
Հ. Մեսրոբյանը հարցրեց՝ վերնագիր ունի՞ վիճահարույց հայտարարությունը: «Իհարկե՝ «Հայտարարություն՝ սեռական ուղղվածության եւ սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին»,- պատասխանեց Ձ. Աղաջանյանը: «Այսինքն՝ ամեն դեպքում մարդու իրավունքը չէ, սեռակա՛ն իրավունքն է»,- հնչեց Մեսրոբյանի ռեպլիկը: Կրկին Կ. Դանիելյանը բորբոքվեց եւ հարցրեց, թե ինչո՞ւ պիտի Հայաստանը միանար մի հայտարարության, որը միայն օտար լեզվով է հրապարակված, հետեւաբար հասու չէ բոլոր հայաստանցիներին, բացի այդ, նրա խոսքով, այդ փաստաթուղթը խրախուսում է միասեռականությունը. «Ես որպես էկոլոգ, հետաքրքրված եմ, օրինակ, էկոլոգիական իրավունքները ոչ միայն ամբողջ աշխարհում, այլեւ Հայաստանում լրջորեն վտանգված են, բայց կարծես թե ոչ ոք չի ուզում էկոլոգիական իրավունքների պաշտպանությունը հատուկ շեշտել, իսկ քննարկվող երեւույթն այդքան տարածված չէ, 4-5% է կազմում եւ այդ տիպի փաստաթղթերի ենք միանում, այն դեպքում, երբ մեր երկրում վերարտադրության տեմպերն ավելի ցածր են, քան եվրոպական երկրներում: Դա հարվածում է մեր ազգային անվտանգությանը… Եթե երեխան մտնում է դպրոց եւ ստանում է գրքեր, որտեղ գրված է, թե սերը 3 տեսակի է լինում՝ կին-տղամարդ, կին-կին, տղամարդ-տղամարդ, նա մտածում է, որ դա կարելի է փորձել, մանավանդ՝ փաստաթղթերն էլ իրավունքները պաշտպանում են, արդյունքում՝ 4-5%-ը 40-50% է դառնում»:
Ձ. Աղաջանյանին հարցրինք՝ ԱԳ նախարարությունը հայաստանցի միասեռականներից ինչ-ինչ արձագանքներ ստացե՞լ է, եթե, իհարկե, վերջիններս տեղյակ են այդ հայտարարությանը: «Մենք արձագանք ստանալու անհրաժեշտություն չունենք»,- պատասխանեց նա, հավելելով, որ տարիներ շարունակ աչք է փակվել նման թեմաների վրա,- իհարկե, սեռական փոքրամասնությունների գոյությունը մտահոգիչ է: Եվ եթե ունենք հարցեր, պետք է ուսումնասիրություններ անենք, որ դաստիարակության, կրթության միջոցով բացառենք այդ 4%-ը»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ եթե իր զավակի հետ անցնի մանկական զբոսայգով եւ հանդիպի համբուրվող տղամարդկանց, ինչպե՞ս փոքրիկին կմեկնաբանի այդ «դրվագը», տիկին Աղաջանյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես, եթե օրը ցերեկով հասարակական վայրում զույգը, թեկուզ կին եւ տղամարդ, համբուրվում է, չես նայում: Այստեղ մոտեցումների խնդիր է, հարցն այն է, թե քո երեխային ինչպես պետք է դաստիարակես: Տաբուներ ստեղծելով՝ հարցը չի վերանում»: Նույն հարցին ուզում էր նաեւ տիկին Դանիելյանը պատասխանել, սակայն քննարկումն այնքան թեժացավ, որ նա մոռացավ այդ մասին ու մտովի տեղափոխվեց ԱՄՆ. «Ես ԱՄՆ-ում եղել եմ այն քաղաքներում, որոնք համարվում են միասեռականության կենտրոններ, օրինակ՝ համալսարաններում գրված է. այստեղ հանդիպում են լեսբուհիները, այստեղ՝ հոմոսեքսուալները, դա երկրի համար աղետ է, դրա համար էլ ԱՄՆ-ը չի միացել այդ հռչակագրին»: Խ. Ստամբոլցյանն էլ կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններն ու կոնվենցիաները մասսոնների մտքի ծնունդ են, քանի որ վերջիններս որոշել են իրենց ծրագրի համաձայն՝ մարդկությանը տարբեր ձեւերով բնաջնջել ու ընդամենը 1 մլրդ հոգու թողնել մոլորակի վրա: Պարոն Ստամբոլցյանն առաջարկեց միասեռականներից ազատվելու՝ Ավիցենայի դեղատոմսը. «Միասեռականությունը հիվանդություն չէ, նրանց գավազանը կփրկի»:
Ըստ փորձագետ Մեսրոբյանի, երբ չկան կոկրետ թվեր, մասնագիտական վերլուծություններ ու հետազոտություններ, մի քանի փաստը դեռ չի կարելի երեւույթ համարել ու ընդհանրացնել: «Հայտարարության մեջ երեւում են այդ խմբի (սեռական փոքրամասնությունների- Գ. Հ.) իրավունքները, սակայն նրանց պարտականությունները՝ ոչ: Դա անընդունելի մոտեցում է»,- դժգոհեց նա: Նաեւ ասաց, որ փաստաթուղթն ընդունել են առանց կոնկրետ հասցեատերերի՝ սեռական փոքրամասնությունների կարծիքը լսելու. «Փաստորեն, այդպիսով ոտնահարվել է նաեւ Հայաստանի սեռական փոքրամասնությունների իրավունքը… Թող գնային այգի, իրենց հետ էլ խոսեին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել