Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգեք մեր երեխաներին

Փետրվար 19,2009 00:00

Ընթերցելով մեր թերթում հրապարակված «Սեքսը ընկալում են բռնություն» հոդվածը՝ վրդովվեցի: Վրդովվեցի այն պատճառով, որ մեր մանկապարտեզներում այդչափ ոչ մանկավարժ, ինչու ոչ՝ անգրագիտության աստիճանի ոչ պրոֆեսիոնալ տնօրեններ կան: Հարգելի Ա. Կ. (հոդվածում իր կարծիքը բարձրաձայնած տնօրենն այդպես է ներկայացված), ընթերցելով ձեր նկարագրություններն այն մասին, թե ինչպես են 3-6 տարեկան երեխաները իրենց սեռական օրգանների հետ խաղում, թե ինչպես է այդ տարիքի երեխաների «սեռական կողմը խիստ զարգացած», ինչի արդյունքում եւ հատակին, եւ աթոռին, եւ անկողնում երեխան այնքան է «խաղում իր սեռական օրգանների հետ եւ խիստ գրգռվում, քրտնում է», հասկացա, որ դուք մանկավարժությունից մի քիչ հեռու եք եւ բավականին վառ երեւակայություն ունեք: Այնքան վառ, որ ինձ լրջորեն մտահոգում է այն, որ դուք ղեկավարում եք նախադպրոցական հիմնարկ: Թող ներվի կոշտ որակումներս, բայց քանի որ խոսքը մանուկներին է վերաբերում եւ ոմն Ա. Կ. իրեն թույլ է տալիս գռեհիկ արտահայտվել՝ կարծում եմ, կոշտ հակադարձը տեղին է: Այդ հասակի երեխան ձեր նկարագրած զգացողությունները չի կարող ունենալ նախ այն պարզ պատճառով, որ նա սեռահասուն չէ, իսկ սեռական բնազդները շատ ավելի ուշ են սկսում ի հայտ գալ՝ դեռահասության շրջանում: Հարգելիս, այն, որ մանկահասակ երեխան ուսումնասիրում է իր մարմինը եւ դա նորմալ է, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Աննորմալն այն է, որ նման վայ-մանկավարժները կարող են այդ բնական երեւույթին լպիրշ մեկնաբանություններ տալ:

Ես նույնպես ծնող եմ, մայր, ով տարբեր ժամանակաշրջաններում մշտապես շփվում է մանկապարտեզների հետ եւ մշտապես տեղեկացված է իր եւ մյուս երեխաների՝ մանկապարտեզում անցկացրած ժամանակահատվածից: Իմ շփումներում երբեք նման մտահոգություններ չեն բարձրաձայնվել մանկավարժների կողմից:

Ես չգիտեմ հոդվածագրին ով է ինչ ասել եւ որտեղից է նա պեղել տնօրեն Ա. Կ.-ին ու ինչու են իրենց «մտահոգությունները» թերթի հրապարակման առարկա դարձրել, առանց երեւալու: Եթե կա նման խնդիր ու նման մտահոգություն, որ միայն Ա. Կ.-ն է նկատել, ապա բնական է ենթադրել, որ այլ մանկապարտեզներում աննկատ մնացած խնդրին պատշաճ վերաբերմունք չկա: Ուրեմն երիցս խելացի վարված կլիներ Ա. Կ.-ն, եթե խնդիրը լայն քննարկման դներ ու առաջարկեր հարցի լուծման այն դեղատոմսը, որի մասին խոսում է հարցազրույցում:

Իսկ այսպես առանց ներկայանալու նման լուրջ խնդիր բարձրացնելը՝ անլուրջ է:

Վերջին ութ տարիներին մանկապարտեզի հետ մշտական կապ ունեցող, երկու երեխաների մայր՝

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728