Մարտի 1-ի «պատանդները»
Մարտի 1-ին Էջմիածնից Երեւան հասնելը լուրջ խնդիր էր. ոչ «գազելներն» էին աշխատում, ոչ ավտոբուսները, ոչ էլ՝ տաքսիները: Առանձին հնարամիտ տաքսիստների էր հաջողվում շրջանցել արգելանքը եւ գյուղամիջյան ճանապարհներով հասնել մայրաքաղաք: Իսկ տաքսիների այն վարորդները, որոնք փորձում էին ուղեւորներին ժամանակին տեղ հասցնել, ստիպված էին լինում այնքան կանգնել-մնալ Փարաքարի «ԳԱԻ պոստի» մոտ, մինչեւ ոստիկանական ստուգման հերթն իրենց հասներ: Երբ աչալուրջ ոստիկանները համոզվում էին, որ մեքենան «մաքուր» է, իսկ ուղեւորները՝ ոչ միտինգավոր, արտոնում էին շարունակել ճանապարհը: Բայց, Աստված չաներ, որ ուղեւորների թիվը գերազանցեր երեքը. ծայր էր առնում ոստիկանական խմբի մի իսկական գրոհ. իրար հերթ չտալով՝ խաչաձեւ հարցերով փորձում էին կորզել կիրակի օրով մայրաքաղաք գնալու իրական պատճառը: Եվ զարմանալին կամ ողբերգականն այն է, որ այս «օպերացիան» իրականացնում էին բավականին մանրազնին եւ դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ, կարծես Բեն-Լադենին կամ նրան հավասար մեկ այլ ահաբեկչի էին փնտրում:
«Գազելի» մի վարորդ, որը երթուղի էր դուրս եկել սեփական մեքենայով, ասաց, որ արգելանքը «պարկից» է եղել, իսկ թե ով է արգելել՝ ինքն անձամբ որեւէ ղեկավարից չի լսել. «Ասել են՝ մի քշեք, մենք էլ չենք քշում: Ի՞նչ կարեւոր է՝ ով է ասել, ինչի համար է ասել…»:
Եթե ոմանք, Էջմիածնից ճողոպրելով, մայրաքաղաք հասնել կարողացել էին, ապա գյուղաբնակների համար դա այնքան էլ դյուրին չի եղել: Փշատավանցիներն, օրինակ, իսկական «բանտարկության» մեջ են եղել սեփական գյուղում: Ընդդիմադիր կեցվածքով հայտնի այս համայնքը մի մարդու նման մասնակցել է բոլոր հանրահավաքներին, չմտածելով, որ դրանից հետո գյուղի նկատմամբ հաշվեհարդար է սկսվելու: Մարտի 1-ի հանրահավաքին էլ էին նախապատրաստվել, բայց իշխանության գործելաոճին ծանոթ լինելով, Երեւան հասնելու հարցն օր առաջ էին լուծել. նրանք, ովքեր մայրաքաղաքում գիշերելու տեղ ունեին՝ վաղօրոք էին գնացել: Իսկ մնացածները, որոնց համար Փշատավանից դուրս գալու բոլոր ճանապարհներն առավոտից արդեն փակ էին, լուրերի էին սպասում միտինգում գտնվող համագյուղացիներից:
Հիշեցնենք, որ Փշատավանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի երբեմնի պետ Ռոմեն Ղազարյանի՝ հայտնի Բուդոյի հայրենի գյուղն է: Բուդոյին այստեղ մինչեւ օրս լավ են վերաբերվում եւ դրական լույսի տակ հիշում:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
Ճանապարհները փակ էին
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանական խմբերը շրջափակել էին Տավուշի մարզի ճանապարհները՝ արգելելով մեքենաների երթեւեկը դեպի Երեւան: Առավոտյան ժամը 8-ի Նոյեմբերյան -Երեւան միկրոավտոբուսային «չվերթը» չի կայացել, ժամը 9-ին նույն երթուղու «Գազելն» էլ Ոսկեպարից ոստիկանները ետ են դարձրել:
Նոյեմբերյանի տաքսի ծառայություններից մեկը նախապես կռահել էր այդ օրը ոստիկանների պահվածքը, հրաժարվել էր մայրաքաղաք մեքենաներ ուղարկել, մյուս ծառայությունների մեքենաներն էլ ոստիկանները ետ էին դարձրել: Սահմանամերձ Բերդավան գյուղից տարեց ամուսինները տխուր առիթով փորձել էին Երեւան հասնել: Սակայն նրանց վարձած մեքենայի ճանապարհը ոստիկանները փակել էին: Ամուսինները փորձել էին երթուղային միկրոավտոբուսով Երեւան հասնել, սակայն ոստիկանները երթուղային «Գազելը» Ոսկեպարից ետ էին դարձրել: Ամուսինները շատ զայրացած էին:
Մերձավորի թաղմանը շտապող բերդավանցի կինն անիծում էր. «Թաղեմ միտինգ անողներին էլ, ճանապարհ փակողներին էլ»:
Մեր տեղեկություններով, նույն վիճակն է եղել նաեւ հանրապետության այլ մարզերում: Օրինակ՝ Լոռվա մարզում: Ոստիկաններն, առանց որեւէ կոնկրետ պատճառ նշելու, ստուգել են անխտիր բոլոր մեքենաները: Մի դեպքում իրավապահները տաքսի մեքենային թույլատրել են ուղեւորներին Երեւան հասցնել՝ միայն այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը ցույց է տվել Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմսը եւ հայտարարել, որ մնացած ուղեւորներն իր հարազատներն են եւ իրեն ճանապարհելու համար են Երեւան հասնում:
Մարտի մեկին խաթարված է եղել նաեւ Գյումրի-Երեւան երթուղու աշխատանքը: Փակ են եղել Աշտարակից, Սպիտակից, Թալինից, Արարատից, Մասիսից, Սեւանից եւ այլ բնակավայրերից Երեւան եկող ճանապարհները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


















































