Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհի «անվերջ վերադարձը»

Հունիս 17,2009 00:00

26 տարի՝ Հայաստանում…

1955 թ. Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտի խղճուկ բանտախցերից մեկում քայքայված առողջությամբ մի բանտարկյալ կնքեց իր մահկանացուն: Ինչպես հարյուրավոր հանգուցյալների, նրան էլ, առանց որեւէ սգո ծիսակարգի, հուղարկավորեցին Վլադիմիրի քաղաքային գերեզմանոցում: Հետո տեղադրեցին մի անշուք ցուցանակ, որի վրա գրված էր. «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի. 1886-1955, N 825»: Այդ մարդը հայ ազգային հերոս, սպարապետ Գարեգին Նժդեհն էր:

1983թ. լեզվաբան, պրոֆեսոր Վարագ Առաքելյանի մեջ միտք հղացավ Հայաստան տեղափոխել Նժդեհի աճյունը: Այդ դժվարին առաքելությամբ Վլադիմիր է մեկնում Նժդեհի թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, փնտրում-գտնում գերեզմանը, հետո վերադառնում Երեւան: Մի քանի օր անց դարձյալ մեկնում է այնտեղ, ծանոթանում երկու վստահելի ռուսի հետ ու նրանց օգնությամբ քանդում է շիրիմը: Անցորդները տարակուսանքով նայում էին օրը ցերեկով քաղբանտարկյալի գերեզմանը քանդող մարդկանց, բայց, բարեբախտաբար, ոչ հարցուփորձ արեցին, ոչ էլ ոստիկանություն կանչեցին: Մեկ առ մեկ գտնելով եւ ուսապարկում թաքցնելով ոսկորները՝ Անանյանը ժամանում է Մոսկվա, իսկ այնտեղից գնացքով՝ Երեւան:

Մի խումբ հայրենասերներ սկսում են հուղարկավորության վայր որոնել, բայց կարծես փակուղու առջեւ են կանգնում: 80-ականների սկիզբը խորհրդային ռեժիմի ամենադաժան տարիներն էին, եւ դժվար չէր կռահել, թե ինչ կաներ ԿԳԲ-ն, եթե իմանար այդ հայրենանվեր ձեռնարկման մասին. մասունքները կոչնչացվեին, իսկ մասնակիցները կձերբակալվեին ու կաքսորվեին: Նույնիսկ ամենահայրենասեր մարդիկ, սարսափելով հաշվեհարդարից, հրաժարվում էին գոնե ժամանակավոր իրենց տոհմական գերեզմանոցներում Նժդեհի մասունքները թաղելուց:

Դերասան Սոս Սարգսյանը դիմում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, խնդրելով նրա թույլտվությունը՝ սպարապետին սբ. Գայանե եկեղեցու բակում, Խենթի գերեզմանի մոտ թաղելու համար: Վեհափառը մեկ օր մտածելուց հետո պատասխանում է, որ Նժդեհը մեծ հերոս է եւ արժանի է Էջմիածնում ամփոփվելու, բայց ժողովուրդը նրա գերեզմանն ուխտատեղի կդարձնի եւ իշխանությունները կիմանան այդ մասին: Որքան ողբերգական էին «Լեռնահայաստանի արծվի» բանտարկությունն ու մահը, կրկնակի ողբերգական դարձավ նրա սուրբ աճյունի ամփոփման ոդիսականը: Մոտ երկու ամիս արկղի մեջ դրված ոսկորները պահվում են Գուրգեն Արմաղանյանի, ապա Վարագ Առաքելյանի նկուղներում՝ ընտանիքի անդամների աչքից պահածոների տարաներով քողարկված:

Ի վերջո, որոշվում է մինչեւ հարմար տեղ գտնելը՝ մասունքները պահ տալ Խուստուփ լեռան լանջին: Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղվաձորը…»:

Նժդեհապաշտների խումբը որոշում է հուղարկավորել աճյունի մի մասը, որպեսզի ԿԳԲ-ի կողմից հնարավոր առգրավման դեպքում գոնե մյուս մասը փրկվեր:

1983թ. հոկտեմբերի 7-ին, երբ Խորհրդային Միությունում նշվում էր Սահմանադրության օրը, լեռնային դժվարանցանելի ճանապարհները ոչ այնքան սարքին ավտոմեքենայով հաղթահարելով՝ մասունքները Կապան են տանում պրոֆեսոր Վ. Առաքելյանը, վիրաբույժ Արցախ Բունիաթյանը, մաթեմատիկոս Գարեգին Մխիթարյանը եւ գորիսաբնակ դասախոս Անդրանիկ Կարապետյանը: Նրանք մասունքներն ամփոփում են Խուստուփի լանջին, Կոզնի աղբյուրից մոտ 50 մ հեռավորության վրա: Վտանգներով լի առաքելությունը բարեհաջող իրականացնելուց հետո այդ աժդահա տղամարդիկ երեխայի պես արտասվում են. Նժդեհի կտակն ի կատար էր ածվել:

Տարիներ անց՝ 1987թ. մայիսին, վերոհիշյալ հայրենասերների, ինչպես նաեւ աբովյանցի գեղանկարիչ Ժորա Բարսեղյանի ջանքերով, Եղեգնաձորի Սպիտակավոր սբ. Աստվածածին եկեղեցու պատի մոտ հուղարկավորվում է Նժդեհի աճյունի մյուս մասը: Խորհրդային տարիներին Նժդեհի հուղարկավորությունն իրոք խենթություն էր, եւ փառք Աստծո, որ բարեհաջող ավարտ ունեցավ: Այժմ Լեռնահայաստանի արծիվը մեր ժողովրդի պաշտամունքն է դարձել: Նա ոչ միայն մեծ ռազմագետ էր, այլեւ հայ փիլիսոփայական մտքի հսկաներից մեկը:

Այսօր շատ կուսակցություններ իրենց համարում են նժդեհյան գաղափարախոսության կրողներ, շատ քաղաքական գործիչներ տեղի-անտեղի մեջբերումներ են անում Նժդեհի ասույթները՝ գաղափար անգամ չունենալով, թե որտեղ է գտնվում Սպարապետի գերեզմանը:

Ամեն տարի հունիսի 17-ին ուխտագնացություն է կատարվում դեպի Սպիտակավոր՝ Նժդեհի գերեզմանին: Եվ ցանկալի կլիներ, որ ամեն տարի ավելանար ուխտագնացների թիվը ու նրանց մեջ մեկ-մեկ էլ պետական այրեր լինեին:

«Զանգեզուրի արծվի» «Եթե չգամ, իմացեք, որ չկամ» պատգամը, բարեբախտաբար, չիրականացավ, որովհետեւ արդեն վաղուց՝ 26 տարի, Նժդեհն իր տանն է, Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել